«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2008-05-27 | #101, 2008-05-28 | #102, 2008-05-30


ՊԵՏՔ Է ՏԱՐԲԵՐԵԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂՆԵՐԻՆ

ՀՅԴ-ական նոր նախարարները հայտնի կդառնան շաբաթվա վերջին

Նախարարական երեք պորտֆելներից երեք նախարարների հրաժարականից հետո ՀՅԴ-ում արդեն քննարկում են նոր նախարարների թեկնածուների հարցը եւ շաբաթվա ավարտին հայտնի կդառնան նորերի անունները: Չի բացառվում, որ նոր նախարարները չլինեն Դաշնակցությունից, բայց նոր նախարարներին նախՙ կփնտրեն սեփական կուսակցության կադրային բազայում: Երեկ այս մասին «Ռիա նովոստի» գործակալության նորաբաց մամուլի սրահում հայտարարեց ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը :

4 տարին մեկ հրավիրվող Դաշնակցության ընդհանուր ժողովի վերջին որոշումն իսկապես անակնկալ էր, որի հետեւանքները կզգացվեն շատ մոտ ապագայում: Օրինակ, հատկապես այս հանգրվանում, երբ առջեւում ավարտական եւ ընդունելության քննություններն են, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրաժարականը լուրջ խառնաշփոթ է առաջացնելու: Շատ ծրագրեր, որոնք սկսվել էին գյուղատնտեսության ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններում, եւս կարող են վտանգվել: Չնայած Վահան Հովհաննիսյանը վստահեցրեց, որ նոր նախարարներն անպայման պետք է լինեն փորձառու, անարատ, երիտասարդ, որոնց գործունեությունը օգուտ կբերի տվյալ նախարարություններին եւ կառավարության ծրագրին, այդուհանդերձ հակված ենք կարծելու, որ ՀՅԴ-ի առաջադրած փոփոխությունը սահուն չի լինելու:

3 ՀՅԴ-ական նախարարների հրաժարականի պատճառը, ինչպես ներկայացրեց կուսակցությունը, ՀՅԴ բյուրոյի անդամությանը զուգահեռելու դժվարություններն էին: Հարցին, թե այդ ինչպե՞ս Վահան Հովհաննիսյանը բյուրոյի անդամ լինելով, կարողանում էր համատեղել ԱԺ փոխնախագահի պաշտոնը, իսկ նախարարների համար բազմազբաղության խնդիր առաջացավ, Վ. Հովհաննիսյանը պատասխանեց, որ տարբերություն կա գործադիր իշխանության մեջ եւ խորհրդարանում աշխատելու միջեւ, քանի որ խորհրդարանում աշխատողն ի վերջո օրենսդիր աշխատանքով զբաղված լինելով` կրում է քաղաքական պատասխանատվություն, այսինքն` քաղաքական աշխատանքի մեջ է, իսկ նախարարը` ոչ, նա հստակ կատարում է կառավարության ծրագիրը: Բացի այդ, ՀՅԴ-ականները մտահոգվել էն, որ հաշվետուն ու հաշվեառը չլինեն նույն պաշտոններում. «Այսինքն, եթե դաշնակցական նախարարը պատասխանատվություն է կրում իր կուսակցության առջեւ, դժվար է պատկերացնել, որ նա միեւնույն ժամանակ գտնվի այն մարմնի մեջ, որի առջեւ հաշվետու է»:

ՀՅԴ ընդհանուր ժողովի բացման ժամանակ Հրանտ Մարգարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեությանն անդրադառնալիս նշել էր, որ նա ֆինանսավորվում է դրսից: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի հայտարարությանը հետեւեց տերպետրոսյանական թիմի հակադարձումը, թե Դաշնակցության «փողերն էլ են դրսից»: Պարզվում է, պետք է տարբերել երկուսի համար արված ֆինանսավորման տարբերությունները: Վահան Հովհաննիսյանի խոսքով, նախ` ՀՅԴ-ն ֆինանսավորվում է անդամավճարներով եւ դրանք կազմում են ոչ ամենաբարձր տոկոսը. Դաշնակցության հիմնական ֆինանսավորումը կատարվում է նվիրատվություններով` կոնկրետ ծրագրերով, եւ այդ ծրագրերն էլ Հայաստանում չեն իրականացվում: Բացի այդ, ՀՅԴ բյուրոյի անդամի խոսքով, ՀՅԴ անդամները, որոնք սփռված են աշխարհում եւ մինչ այժմ օրենսդրական բացերի պատճառով մնացել են արտերկրի քաղաքացի, այժմ պատրաստվում են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել. «Հետո, պետք չէ մոռանալ, որ Դաշնակցության անդամները, որտեղ էլ ապրեն, հայ են եւ ընդունվել են Դաշնակցությունՙ երդում տալով ծառայելու հայ ժողովրդին, իսկ այն կենտրոնները, որոնք ֆինանսավորել, ֆինանսավորում կամ կֆինանսավորեն որոշ քաղաքական խմբակներ Հայաստանում, դրանք ո՛չ հայության հետ որեւէ կապ ունեն, ո՛չ էլ մեր ազգային շահերի: Այս տարբերությունը պետք է տեսնել, բայց կարելի է եւ չտեսնել, այդ հնարավորությունն էլ ունեք»:

Վահան Հովհաննիսյանը նշեց, թե ՀՅԴ-ականների` քաղաքացիություն ստանալու ցանկությունը չի նշանակում, թե իրենց կուսակցությունը թուլանում է դրսում, փոխարենը ամբողջ հայությունն է թուլանում արտերկրում:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին անդրադառնալով` Վահան Հովհաննիսյանը նշեց, որ այժմ, իր կարծիքով, չկա նման անհրաժեշտություն: Նրա խոսքով, դեռ կոալիցիայի ծրագրի ձախողում, կամ խորհրդարանի անարդյունավետ աշխատանք եւ նման այլ պատճառ չկա, որպեսզի հասարակությանը կանգնեցնի արտահերթ ընտրությունների պարտադրանքի առաջ: «1609 բանաձեւը կոալիցիոն համաձայնագրից շատ չի տարբերվում: Լավ, հիմա ինչո՞ւ է ընդդիմության մի մասը բանաձեւին ծափահարում, կոալիցիոն համաձայնագրինՙ ոչ, որովհետեւ նրանց հավատո՞ւմ է, սրանց ո՞չ. միգուցե, բայց նրանց հավատալու շատ պատճառ չունի, իսկ կոալիցիային չհավատալու համար դեռեւս ժամանակը չի անցել, որ չհավատալու իրավունքը ձեռք բերի», հավելեց Վահան Հովհաննիսյանը:

Հ.Գ.- Խորհրդարանի պատգամավոր, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոս Ռուբեն Հակոբյանը հեռացվել է ՀՅԴ գերագույն մարմնից` հակականոնադրական գործունեության համար:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4