Վարչապետը խոստացավ ուշադրության կենտրոնում պահել այս հարցը եւ ձգտել զսպելու գնաճը
Մինչ օրակարգի հարցերին անցնելը կառավարության երեկվա նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ բնակչությանը հուզող թերեւս գլխավորՙ գների հարցին: Նա նախ նշեց, որ այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 9.3 տոկոս, ինչը թեեւ նրա բնութագրմամբ վատ ցուցանիշ չէ, բայց «մեր ցանկալիից ցածր է, որովհետեւ մեր նպատակն է երկնիշ տնտեսական աճի ապահովումը»: Շարունակելով, վարչապետը մտահոգիչ է համարել գնաճի բարձր մակարդակը: «Մենք ունենք ապրիլին դեկտեմբերի նկատմամբ 6 տոկոսանոց աճ, ինչը չափազանց բարձր ցուցանիշ է, մանավանդ հաշվի առնելով, որ վերջին 7 տարիների ընթացքում միջին գնաճի ցուցանիշը չի գերազանցել 3 տոկոսը` տարեկան կտրվածքով», ասաց Տիգրան Սարգսյանը ավելացնելով, որ բարձր գնաճը մեր քաղաքացիներին մտահոգող համար մեկ խնդիրն է:
Այնուհետեւ վարչապետն անդրադառնալով գնաճի հայաստանյան յուրահատկություններին, ասաց. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գների էլաստիկության աստիճանը Հայաստանի Հանրապետությունում, ցավոք, մեզ չի բավարարում` այն առումով, որ գները բարձրանում են բավականին կտրուկ, հետագայում գների նվազումը տեղի է ունենում դանդաղ, եւ, ցավոք, առանց պետության միջամտության մեզ չի հաջողվում զսպել գնաճը»: Նա նշեց, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեությունը տալիս է դրական արդյունքներ, եւ աշխատանքներն այս ուղղությամբ ուժեղացվելու են, իսկ այդ գործընթացներին մասնակից է դառնալու նաեւ հարկային ծառայությունը:
«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ հանգամանքի վրա: Վերջին ժամանակահատվածում միջազգային շուկաներում արձանագրվում է հացի, հացամթերքի եւ բրնձի գների կտրուկ նվազում: Մասնավորապես, 42 տոկոսով նվազել է ցորենի գինը, համեմատած նախորդ ամսվա հետ, 22 տոկոսով` բրնձի գինը, վերջին 4 շաբաթների ընթացքում: Ակնհայտ է, որ դա բարենպաստ պայմաններ է ստեղծելու, որպեսզի այդ ապրանքատեսակների գները Հայաստանում եւս ունենան նվազման միտում: Հաշվի առնելով, որ սպառողական զամբյուղում հացի, հացամթերքի, բրնձի տեսակարար կշիռը չափազանց բարձր է, սա կարող է էական ազդեցություն թողնել գների մակարդակի նվազման վրա», տեղեկացրեց Տիգրան Սարգսյանը, ավելացնելով, որ կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահելու այս խնդիրը, ուսումնասիրություններ եւ ստուգումներ են իրականացվելու այն կազմակերպություններում, որտեղ գների մակարդակը համարժեք չի լինելու միջազգային միտումներին, եւ այն ապրանքատեսակների մասով, որոնք ամբողջությամբ կամ զգալիորեն ներմուծվում են միջազգային շուկաներից:
«Համար մեկ մտահոգող խնդիրը գների աճն է, եւ մենք ձեզ հետ պետք է կարողանանք զսպել գնաճը», ընդգծեց վարչապետն ասելով, որ համապատասխան հանձնարարականներ են տրված խնդրին առնչվող պետական կառույցներին, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց դիտարկումներն ու առաջարկությունները, թե ի՞նչ լրացուցիչ գործառույթներ պետք է իրականացնենք այս հիմնախնդիրն այս տարի լուծելու համար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ