«Արարատ-73-ի» ամենավառ անհատականություններից մեկը` ՀՀ վաստակավոր մարզիչ, 65-ամյա Էդուարդ Մարգարովը նշանակվել է Երեւանի «Կիլիկիայի» գլխավոր մարզիչ: Նա այդ պաշտոնում կփոխարինի վերջերս թիմից հեռացած Երվանդ Կրբաշյանին:
Էդուարդ Մարգարովն առաջինն էր, որին անկախացումից հետո վստահվեց Հայաստանի ազգային նորաստեղծ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Նա հավաքականը գլխավորել է 1992-1994-ին: Այնուհետեւ Մարգարովը գլխավորել է «ՀՄՄ-Էրեբունի» եւ «Միկա» ակումբները: Վերջինս նրա գլխավորությամբ երկու անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր:
Մարգարովին այնքան էլ լավ ժառանգություն չի մնացել: Ինչպես հայտնի է, «Կիլիկիան», որ հիմնականում համալրված է երիտասարդ ֆուտբոլիստներով, անհաջող է մեկնարկել ընթացիկ առաջնությունում` պարտվելով բոլոր 6 խաղերում էլ: Հենց դա էլ թիմի նախկին գլխավոր մարզչի պաշտոնանկության պատճառ էր դարձել: Կհաջողվի՞ արդյոք փորձառու մասնագետին շտկել իրավիճակը, դժվար է ասել: Նրա նորամուտը «Կիլիկիայում» կկայանա այսօր Գյումրիում, որտեղ կիլիկիացիներն առաջնության 7-րդ տուրում ուժերը կչափեն «Շիրակի» հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ