«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2008-05-27 | #101, 2008-05-28 | #102, 2008-05-30


ԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՎՐԻՊՈՒՄՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ԶՐԿԵՑԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՑ

Մարկոսը գոլով նշեց նորամուտը հավաքականում

Մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականի անհաջողությունների ֆոնի վրա բավական հաջող էր Հայաստանի ազգային ընտրանու ելույթը Տիրասպոլում Մոլդովայի հավաքականի հետ ընկերական մրցախաղում: Մեր ֆուտբոլիստները բավական լավ տպավորություն թողեցին իրենց ագրեսիվ գործողություններով եւ կարող էին հաղթել, եթե նախ հստակ գործեին պաշտպանությունում, ապա եւ իրացնեին գոլային երկու իրական պահերը: Սակայն ցավոք բրազիլացի Մարկոսին փոխարինած Արա Հակոբյանը երկու անգամ գտնվելով չափազանց նպաստավոր դիրքերում, աններելիորեն վրիպեց: Համոզված ենք, որ եթե նրա տեղում հայտնվեր Մարկոսը, ապա առնվազն երկու պահերից մեկը գոլային ավարտ կունենար: Իսկ թե ինչպես պետք է իրացնել գոլային պահերը, «Արարատի» բրազիլացի հարձակվողը հիանալի դրսեւորեց հանդիպման 25-րդ րոպեին, երբ տուգանային հրապարակի ձախ ձեւից ստանալով Լեւոն Փաչաջյանի փոխանցումը, առանց հապաղելու ընթացքից գնդակն ուղարկեց դարպասը: Նշենք, որ Մարկոսն իր նորամուտն էր նշում ազգային հավաքականում եւ առաջին իսկ խաղում դարձավ գոլի հեղինակ: Մինչ այդ հավաքականում հանդես եկած 125 ֆուտբոլիստներից նորամուտը գոլով էին նշել նաեւ Էրիկ Ասադուրյանը, Կարեն Բարսեղյանը, Կարեն Սիմոնյանը, Արմեն Ադամյանն ու Անդրեյ Մովսիսյանը:

Հավաքականում իր գոլերի հաշիվը բացեց նաեւ 2007-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Լեւոն Փաչաջյանը, որը ներկայում հանդես է գալիս շվեդական ԳԱԻՍ-ում: Փաչաջյանը վերջին շրջանում բավական հասուն խաղ է ցուցադրում հավաքականում` դառնալով հարձակման գծի գլխավոր գործող անձերից մեկը: Մոլդովացիների հետ խաղում էլ նա աչքի ընկավ իր ակտիվությամբ, անընդհատ պայքարի բովում էր: Իսկ 54-րդ րոպեին մոլդովացիների դարպասը խփած 2-րդ գոլը Փաչաջյանի անհատական վարպետության արդյունք էր: Այդ խաղում Փաչաջյանը լավ էր համագործակցում Մարկոսի հետ: Այս երկյակը առաջիկայում կարող է դառնալ մեր հավաքականի գլխավոր հարվածային ուժը:

Եթե միջին եւ առջեւի գծի խաղացողներն իրենց վատ չդրսեւորեցին, ապա նույնը չի կարելի ասել մեր պաշտպանների ու դարպասապահի մասին, որոնց չհամաձայնեցված գործողությունների արդյունքում մոլդովացիներին հաջողվեց խուսափել պարտությունից: Առաջին գոլի դեպքում դարպասապահ Գեւորգ Կասպարովն անհաջող դիրք էր գրավել դարպասում եւ չկարողացավ հետ մղել Արարատ Առաքելյանի գլխի հարվածը ու հաշիվը հավասարվեց: Դա տեղի ունեցավ 42-րդ րոպեին: Իսկ այդ դրվագից ընդամենը չորս րոպե առաջ Առաքելյանը կարող էր գրավել մրցակցի դարպասը, սակայն նրա շրջադարձ հարվածից հետո պաշտպանները փրկեցին դրությունը: Երկրորդ գոլի ժամանակ Սարգիս Հովսեփյանն ու Գեւորգ Կասպարովը հույսը մեկը մյուսի վրա դրեցին, որից օգտվելով էլ քիչ առաջ խաղադաշտ մտած Սերգեյ Ալեքսեեւը վերականգնեց հավասարակշռությունը:

Ինչեւէ, թեեւ ոչ-ոքի արդյունքին, ընդհանուր առմամբ պետք է գոհ լինել մեր հավաքականի ցուցադրած խաղից: Այդ խաղում հավաքականները հանդես եկան հետեւյալ կազմերով:

Հայաստան- Գեւորգ Կասպարով, Սարգիս Հովսեփյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Ռոբերտ Արզումանյան, Աղվան Մկրտչյան, Արարատ Առաքելյան, Արթուր Ոսկանյան, Համլետ Մխիթարյան (Արթուր Մինասյան, 74), Սամվել Մելքոնյան (Գեւորգ Ղազարյան, 46), Լեւոն Փաչաջյան, Մարկոս Պիզելի (Արա Հակոբյան, 63):

Մոլդովա- Ստանիսլավ Նամաշկո, Սերգեյ Լաշչենկով, Վիկտոր Գոլովատենկո, Իգոր Արմաշ (Սերգեյ Ալեքսեեւ, 68), Ռադու Ռեբեժա, Ալեքսանդր Եպուրյանու, Եվգենի Չեբոտարու (Ալեքսանդր Գացկան, 74), Վիկտոր Կոմլյոնոկ (Վալերի Անդրոնիկ, 66), Ալեքսանդր Սուվորով (Դենիս Զմեու, 90), Վիորել Ֆրունզա, Իգոր Բուգաեւ (Գեորգի Օվսյաննիկով, 72):

Զգուշացվեցին Մելքոնյանը, Մխիթարյանը, Առաքելյանը, Լաշչենկովը եւ Գոլովատենկոն:

Տիրասպոլում կայացած հանդիպումը Հայաստանի եւ Մոլդովայի հավաքականների մրցավեճում գրանցված երկրորդ ոչ-ոքի արդյունքն է: Առաջինը գրանցվել էր 1992-ի հոկտեմբերի 14-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած ընկերական խաղում (0-0): Իսկ 2000-ի փետրվարի 2-ին Կիպրոսում կայացած մրցաշարի ժամանակ ՀՀ հավաքականը լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով հաղթել էր մոլդովացիներին:

Մոլդովայի հավաքականի հետ հանդիպումն ընթացիկ մրցաշրջանում մեր ընտրանու 5-րդ ընկերական մրցախաղն էր: Այդ հանդիպումներից երեքում (Մալթա` 1-0, Բելառուս` 2-1, Ղազախստան` 1-0) մեր ֆուտբոլիստները հաղթել են, մեկն ավարտել են ոչ-ոքի եւ մեկում (Իսլանդիա` 0-2)` պարտվել: Այժմ ՀՀ հավաքականին լուրջ փորձություն է սպասվում Եվրոպայի չեմպիոն Հունաստանի ընտրանու հետ հունիսի 1-ին գերմանական Օֆենբախ քաղաքում կայանալիք ընկերական մրցախաղում: Երեւանի ժամանակով 23.45-ին սկսվող այդ հանդիպման հեռարձակումը եւս նախատեսվում է հանրային հեռուստատեսությամբ: Նշենք, որ հույների համար այդ խաղը վերջին փորձամրցումն է Եվրոպայի առաջնությունից առաջ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4