Շուրջ երկու շաբաթ շրջանառվում են Հասարակական պալատի կամ Հանրային խորհրդի ձեւավորման մասին լուրերը: Հասարակական պալատը բոլորովին նոր մի կառույց է լինելու մեր իրականության մեջ եւ կոչված է հասարակության տեսակետները ներկայացնելու: Հանրային խորհրդի ստեղծման համար աշխատանքային խումբը ձեւավորվել է եւ այժմ մշակում է խորհրդի ստեղծման մեխանիզմները: Երեկ այս մասին «Տեսակետ» ակումբում լրագրողներին հայտնեց «Ազգային անվտանգության» կուսակցության նախագահ, նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը ` հավելելով, որ ներկայացուցչական այս մարմինը հավանաբար ձեւավորված կլինի սեպտեմբերին: «Սա խորհրդատվական մարմին է, որն իրավասու է արտահայտելու իր կարծիքը ամեն մի օրենքի նախագծի վերաբերյալ, որ պետք է գնա Ազգային ժողով քվեարկվելու: Խորհուրդն անպայման ունենալու է առանձին հանձնաժողովներ. նախագահի այն հրամանագրերը, որոնք հասարակական մեծ նշանակություն ունեն, անպայման պետք է դառնան հասարակական լայն խորհրդի քննարկման նյութ, եւ Հանրային խորհուրդը կարող է իր տեսակետներն արտահայտել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական այլ ինստիտուտների որոշումների վերաբերյալ, դա լինելու է բաց եւ հրապարակային», ասաց Գառնիկ Իսագուլյանը` պատասխանելով «Ազգի» հարցին, թե ի՞նչ գործառույթներ է ունենալու նորաստեղծ մարմինը: Շարունակելով մեր հարցերին պատասխանել` Գառնիկ Իսագուլյանը շեշտեց, որ Հասարակական պալատը դատական, գործադիր կամ օրենսդիր մարմինների աշխատանքին չի կարող միջամտել, իրավական առումով ազդեցության լծակներ չունի, քանի որ խորհրդատվական մարմին է, սակայն նրա կարծիքներն անհնար է, որ անտեսեն վերը նշված մարմինները:
Նախագահի խորհրդականն ընդգծեց, որ Հանրային խորհուրդ ստեղծելու գաղափարը եղել է դեռ երկու տարի առաջ` ընդգրկվելով ազգային անվտանգության հայեցակարգի մեջ: Ակումբի հյուրը ճշտում է մտցնում այն տարածված տեսակետի մեջ, թե Հանրային խորհուրդ ձեւավորելու գաղափարն առաջացել է ներկա ներքաղաքական լարվածությունը լիցքաթափելու համար. «Հանրային խորհրդի ստեղծման նպատակը կապ չունի ներքաղաքական իրավիճակի հետ, սա այսպես թե այնպես օրակարգային հարց էր մեզ համար, բայց գուցե ներքաղաքական իրավիճակը մեզ հուշի խորհրդում ընդգրկել այն ուժերին, ովքեր խոսքի այլ ամբիոն չունեն` հատկապես արտախորհրդարանական ընդդիմությանը, հասարակական կազմակերպություններին, հասարակության մեջ ծանրակշիռ դեր ունեցող մարդկանց»:
Հասարակական պալատներ կամ խորհուրդներ կան աշխարհի շատ երկրներում, որոշներում դրանց գործունեությունն անգամ կանոնակարգվում է օրենքով, օրինակ` Ռուսաստանում: Մեր երկրում էլ նման պալատ ստեղծելու գաղափարին, ըստ Իսագուլյանի ներկայացրածի, բավական լուրջ արձագանք է եղել: Շուրջ 360 առաջարկ է եղել խորհրդի ձեւավորման առնչությամբ, իսկ խորհրդի ձեւավորմամբ զբաղվող խումբն էլ դիմել է գրեթե բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերին ու կազմակերպություններին: Իսագուլյանը հայտնեց, որ իրենք դիմել են խորհրդարանական ընտրություններին մասնակցած բոլոր 23 կուսակցություններին, նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուներին, 17 հասարակական կազմակերպությունների` «հատկապես նրանց, ովքեր հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից»: Այս պահին Հանրային խորհրդի թե՛ աշխատանքային խմբում, թե՛ հենց խորհրդում ընդգրկվելու առաջարկը պաշտոնապես մերժել է միայն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը: Իսագուլյանի փոխանցմամբ, Լեւոն Զուրաբյանը Տեր-Պետրոսյանի մերժումը հիմնավորել է այսպեսՙ քանի դեռ չեն կատարվել ԵԽԽՎ բանաձեւի պահանջները` գոնե նրանցից 4-ը, իրենք ձեռնպահ են մնալու որեւէ բանի մասնակցելուց:
Գառնիկ Իսագուլյանը վստահ է, որ Հասարակական պալատը կայանալու է եւ արդյունավետ աշխատանք է կատարելու: Իհարկե, եթե կառույցը ստեղծվի այն մեխանիզմների կիրառմամբ, որոնք ընդունված են Հանրային խորհրդի ստեղծման համար, անշուշտ, այս մարմինը շատ կարեւոր կառույց կարող է դառնալ: Շատ ավելի կարեւոր է, որ Հանրային խորհուրդը իսկապես լինի հասարակության խոսքի ամբիոն եւ չասոցացվի որեւէ քաղաքական ուժի, կամ, օրինակ, նախագահին կից որեւէ կառույցի հետ, քանի որ նույն պահից հասարակական խորհուրդը կդադարի վստահություն ունենալ հասարակության մեջ: Իսկ հասարակության վստահությունը խորտակելը հեշտ գործ է:
Հասարակական պալատում ընդ-գրկվողների թվի սահմանափակում չկա եւ, Իսագուլյանի վստահեցմամբ, որեւէ ուժ պալատում ընդգրկվելու հնարավորությունից զրկված չի լինի:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ