«Ուրբաթ» ակումբում երեկ հյուրընկալված երաժիշտներ Հանրային ռադիո-հեռուստաընկերության էստրադային եւ սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Երվանդ Երզնկյանը եւ կոմպոզիտոր, դիրիժոր Մարտին Վարդազարյանը փորձեցին ներկայացնել հայկական ջազի պատմությունը` հպանցիկ անդրադառնալով նաեւ ներկային:
«1936-ին, պատմում է Մ. Վարդազարյանը, «Մոսկվա» կինոթատրոնի բացման առիթով դրսից հրավիրեցին հորս` շեփորահար Ցոլակ Վարդազարյանին: Այդ շրջանում կինոթատրոններում նվագախմբերի գոյությունն ընդունված երեւույթ էր եւ կենդանի երաժշտական միջավայր էր ստեղծում»: Պետական ջազ նվագախմբի պաշտոնական հիմնադրումը 1938-ին էր. մեկ տարի անցՙ 1939-ին Մոսկվայում հայ արվեստի 100-ամյակի առիթով կայանալիք միջոցառումներին ներկայացվելու էր նաեւ հայկական ջազը:
Հայկական ջազի առաջին հիմնադիրներից մեկը եւ նվագախմբի ղեկավարը Արտեմի Այվազյանն էր, կարեւոր էր նաեւ ռեժիսոր Առնոլդ Մարտիրոսյանի դերը, որովհետեւ այդ շրջանում համերգները ներկայացման բնույթ ունեին:
Երվանդ Երզնկյանը նույնպես անցյալի հիշողություններից մի քանի պատառիկներ պատմեց. թե ինչպես է ինքը 1963-ին առաջին անգամ ջազ երաժշտություն լսել «Արաքս» սրճարանի պատուհաններից, որովհետեւ փոքր էր եւ սրճարան մտնել չէին թողնում: Հիշեց ֆրանսահայ շեփորահար Վարուժանին, որպես պրոֆեսիոնալի, որից սովորում էին մյուսները, եւ Մարտին Վարդազարյանին, որ պրոֆեսիոնալ նվագախումբ էր ղեկավարում:
Հայկական ջազի ներկա ստեղծագործական վիճակի մասին շատ չխոսեցին երաժիշտները: Շարունակում է նույն անվանումով գործել Հայկական պետական ջազային նվագախումբը` Արմեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Իսկ Երզնկյանի ռադիոհեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը վերականգնվել է նախկին կարգավիճակում եւ երաժիշտներն արդեն 1 ամիս է աշխատավարձ են ստանում, ունեն առաջին պատվերը` հայկական էստրադային եւ ջազային լավագույն ստեղծագործությունների վերաձայնագրություն: Համագործակցում են կոնսերվատորիայի հետ, երիտասարդ ուսանողները շաբաթական մեկ օր դասերն անց են կացնում նվագախմբի հետ:
Երկու երաժիշտների վերաբերմունքը ստեղծվելիք «Մշակույթ» հեռուստաալիքի հանդեպ տարբեր էր: Մարտին Վարդազարյանը գտնում է, որ դրա անհրաժեշտությունը վաղուց կար, որովհետեւ «եթերում միշտ չէ, որ ներկայացվող արվեստը արժեք է»: Ըստ Երվանդ Երզնկյանի, դա հարցի լուծում չէ, ընդամենը մի պատուհան է: Պետք է ունենալ ազգային ծրագիր, որ պարտադրի բոլոր հեռուստաընկերություններին` մշտապես եթեր տրամադրել լուրջ մշակույթին:
Աշխարհին մեր մասին մեկ անգամ եւս հիշեցնելու պատուհան համարվեց «Եվրոտեսիլը», որն առհասարակ «խաղ է, շոու եւ իրենց կանոնների համաձայն, Սիրուշոյի երգը եւ կատարումը լավ էր»:
Մ. Բ.