«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2008-05-28 | #102, 2008-05-30 | #103, 2008-05-31


ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԳԱԼԻՍ ԵՆՔ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒ ԳՆՈՒՄ ...

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Մանկությունն իրավամբ կարելի է համեմատել մի կախարդական սնդուկի հետ, որտեղ անհատնում սեր կա, անսպառ մաքրություն, անչափելի անկեղծություն ու անսահման ազնվություն: Կամաց-կամաց չափահասության շեմն անցնողը հեռանում է այդ սնդուկից, նետում այն ձեղնահարկ ու զրկվում այն անզուգական հատկանիշներից, որ մարդուն իրավամբ հրեշտակ պիտի պահեին երկրի վրա:

Ու մաքրությունը կորցրած մարդիկ աղտոտում են աշխարհը անազնվությամբ, վրեժխնդրությամբ ու չարությամբ, նենգախոսությամբ ու ստով, անբարյացակամությամբ ու անաստվածությամբ: Այն, ինչ անում են մեծահասակներից շատերը, գուցեեւ արժանի խաղ է միմյանց համար (իրենց ընտրությունն է), բայց ցավալին այն է, որ նրանք հաճախ նույնկերպ վատ են վերաբերվում մանուկներին:

«Աստված սեր է», սիրում ենք կրկնել, բայց նույն Աստված մարդուն վերարտադրվելու շնորհ տալով սեր ու գրեթե կիսաստված լինելու հնարավորություն է տալիս մայրացած ու հայրացած մարդուն, որի սեռական պատկանելությունը հատկապես վերարտադրվելու ծրագրով է նախախնամված: Բայց աստվածային ամեն բան այլանդակելու ու եղծելու ունակ մարդը այդ մեծ շնորհն էլ է եղծել ու ծնելը փոխարինել արհեստական ընդհատմամբ, գուրգուրելը` եսակենտրոն խաղով, երեխային հաճույք պատճառելը դարձրել է ցուցադրական առեւտուր` առավել հօգուտ իրեն, քան` երեխային:

Թերեւս Աստված զղջար տեսնելով իր շնորհի դիմաց այս անարդար վերաբերմունքն ու պատժեր մարդկանց Սոդոմ-Գոմորից էլ առավել նվաստացուցիչ կերպով, հետ առներ նրանցից ծնելու կարողությունը ու ապացուցեր, որ իր ասած անմահությունը նախ եւ առաջ սերունդների մեջ հավերժանալու խորհուրդն ունի (ի դեպ, մարդկության մի ստվար մասն այդպես էլ չհասկացավ): Բայց անքննելի են ճանապարհներն Աստծու, եւ այդ է պատճառը, որ շատուշատ մղկտացող հոգիներ, արցունքակալած աչքերով են դիտում «կատվի խաղ, մկան մահ» կոպիտ, բայց դիպուկ ձեւակերպմամբ համեմատելի «ծնող-երեխա», «ուսուցիչ-երեխա», «մեծ-փոքր» հարաբերությունները:

Հոգեբանների կարծիքով, բոլոր մարդկանց խնդիրների պատճառը պետք է գտնել նրանց մանկության ու պատանեկության տարիների ծալքերում, երբ աստվածային մաքրությամբ օժտված երեխան հոգեբանական կամ ֆիզիկական բռնությամբ է խեղվում մեծերի ձեռքերով: Ու ենթագիտակցական հիշողության վարակը նրան երեխայից մեծ է դարձնում արդեն այլանդակված վերաբերմունքով, աշխարհայացքով, պարսավելի վարքով ու բարքով: Ո՞վ է մեղավորի ձեռքը կտրելու նման դեպքերում, եւ ինչո՞ւ է նա ուշանում:

Հիշենք մեզ երեխա ժամանակ, վերանայենք մեր մանկության սեւուսպիտակ լուսանկարները ու գտնենք մեզ, մեր կորած ու մոռացված մանկությունն իր ազնիվ երկչոտության, պարզության ու բարության մթնոլորտում: Մեծերի փչացած աշխարհը քիչ-քիչ խորտակեց այն, ու մեզնից շատերը ուրիշների ու իրենց ջանքով հողին հավասարեցրին աստվածային հատկությունները, կարծես ավազաթումբ են հարթեցրել: Թերեւս դրա համար պետք չէ սպասել դատաստանի օրվան. մեծերի նկատմամբ հարգանքի կորուստը, երեխաների հիասթափությունն ու հոգեկան խաղաղության վերափոխումը տառապանքի, ահա՛ պատասխանները, ահա՛ հակադարձումները:

Ու եթե օրերով մի ցավ ենք ունենում, անհասկանալի, անիմանալի ու անհետազոտելի, գուցե դա խի՞ղճն է, որ քնել է մեր մանկության աստվածային սնդուկում, ու փորձում է արթնանալ ու թափ տալ անտարբերության, անզգայության փոշին...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4