Վարչական դատարանը` դատավոր Աշոտ Սարգսյանի գլխավորությամբ, երեկ կարճեց ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սամվել Սարգսյանի հայցն ընդդեմ Դավիթ Շահնազարյանի: Ըստ հայցադիմումի` խնդրել էին 50000 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկել Դավիթ Շահնազարյանին` պատճառաբանելով, որ 2008-ի մարտի 22-ին, ժամը 18-ի սահմաններում Հյուսիսային պողոտայի եւ Թումանյան փողոցի հատվածներում Շահնազարյանը փորձել է անցորդների շրջանում անցկացնել չարտոնված հանրահավաքներ եւ երթեր: Դավիթ Շահնազարյանի նկատմամբ նշված վարչական տուգանքը սահմանելու հայցադիմումը Սամվել Սարգսյանն առանց բացատրությունների մայիսի 29-ին հետ էր վերցրել: Դատավորի հրապարակած վճիռն օրինական ուժի մեջ մտավ եւ կարող է հետագայում բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարանում:
«Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց ռեպրեսիվ քաղաքականությունը գործադրել, որովհետեւ հանցավոր իշխանությունը քաղաքական որեւէ քայլ չունի. կարծում եմ` սա իշխանությունների շատ թույլ քայլերն են` մի քանի վարչական հայցերը հետ վերցնելու համար, որպեսզի եվրոպացիներին ցույց տան, թե տեսեք` հայցերը հետ ենք վերցնում», լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Դավիթ Շահնազարյանը:
ՀՀՇ ներկայացուցիչը նաեւ խնդրել է իր փաստաբան Վարդուհի Էլբակյանին, որպեսզի վերջինս հայց ներկայացնի դատարան` պահանջելով ոստիկանությունից օրենքով փոխհատուցում` փաստաբանական ծախսերի, մնացած բոլոր նախատեսված միջոցների համար:
«Սա բացառապես քաղաքական հետապնդում է. մարտի 22-ին ես կոչ չեմ արել անօրինական երթերի, բայց ես կոչ եմ անում մեր ողջ ժողովրդին ամսի 20-ին մասնակցել հանրահավաքի, որովհետեւ մենք պետք է ազատվենք այս հանցավոր իշխանություններից», հայտարարեց Շահնազարյանը:
Շահնազարյանի խոսքով, առայժմ իրենք դիմում չեն ներկայացրել քաղաքապետարան, բայց նշեց, որ ներկայումս ստացվել է 42 մերժում` հանրահավաքներ կազմակերպելու կապակցությամբ. «Մայիսի սկզբներին Համազգային շարժման կենտրոնը տարածել էր հայտարարություն, որ եթե մինչեւ հունիսի 20-ը իշխանությունները չարտոնեն հանրահավաք, մենք անցկացնելու ենք մեր հանրահավաքը»:
Շահնազարյանի կարծիքով, միջազգային իրավունքը սահմանադրությունից վեր է եւ թույլ է տալիս պայքարել անօրինականության դեմ բոլոր միջոցներով. «Ոստիկանները տվել են կեղծ ցուցմունքներ, վաղ թե ուշ կեղծ ցուցմունք տալու համար այդ երեք ոստիկանները կանգնելու են դատարանի առաջ: Վերջիվերջո ակնհայտ է մի բան. այն պայքարը, որ սկսել է մեր ժողովուրդը, ավարտվելու է այս հանցավոր ռեժիմի վտարումով»:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ