Հունիսի 20-ին Ազատության հրապարակում Համաժողովրդական շարժման կենտրոնը անցկացնելու է համահանրապետական հանրահավաք` ամփոփելու ԵԽԽՎ բանաձեւի պահանջների կատարման ընթացքն ու քննարկելու ժողովրդի անելիքները` երկրում հիմնարար ժողովրդավարական ազատությունների վերականգնման ուղղությամբ: Ընդ որում, շարժումը հանրահավաքն իրականացնելու է անկախ հանգամանքից` իրենց կթույլատրեն, թե՞ ոչ: Երեկ այս մասին «Փաստարկ» ակումբում հայտնեց Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանն ու ներկայացրեց հունիսի 20-ին կայանալիք հանրահավաքի վերաբերյալ իրենց հայտարարությունը:
Հայտարարության մեջ ներկայացնում են իրենց 3 պահանջները` անցկացնել մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննություն, ազատ արձակել ձերբակալվածներին եւ «Հանրահավաքներ, ժողովներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարել` համապատասխան Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների:
Խիստ ուշագրավ է հայտարարության այն հատվածը, որտեղ առճակատման խորացումը եւ ծայրահեղական դրսեւորումները կանխելու, հանրահավաքն օրինականության սահմաններում անցկացնելու համար շարժման կենտրոնն իշխանություններին առաջարկում է հանրահավաքի օրը ոստիկանության եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներ նշանակել, որոնք շարժման ներկայացուցիչների հետ կկարգավորեն հանրահավաքի բնականոն ընթացքը: Լեւոն Զուրաբյանի խոսքով, եթե իշխանությունները շահագրգռված են, իրենք էլ են ցանկանում խուսափել ցնցումներից, ապա կհամագործակցեն ընդդիմության հետ` օրինականության շրջանակներում հանրահավաքն անցկացնելու համար: Որեւէ համագործակցության չգնացող Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը փաստորեն համագործակցություն է առաջարկում այս միակՙ իրեն շահագրգռող հարցում: Այս հայտարարությունն ավելի հասկանալի է դառնում Լեւոն Զուրաբյանի այն մտքից հետո, թե հանրահավաքներն արգելելու դեպքում «հետեւանքների պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա»:
Եթե անգամ մինչեւ հանրահավաքը իշխանությունները կատարեն Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի վերը նշված պահանջները, Զուրաբյանի խոսքով, հանրահավաքը կայանալու է: Բայց այս պարագայում, ընդդիմությունը պատրաստ կլինի նստել երկխոսելու: Զուրաբյանի խոսքով, իրենց պահանջներից գեթ մեկի` «քաղբանտարկյալներին» ազատ արձակելու պահանջն էլ կատարելուց հետո նույն վայրկյանին իրենք պատրաստ են իշխանությունների հետ քննարկել քաղաքական ճգնաժամից դուրս գալու հարցը: «Բանտարկյալների ազատում, երկխոսության սկիզբ, առաջարկությունների քննարկում, արտահերթ ընտրություններ», այս շարունակականությունը շեշտեց Լեւոն Զուրաբյանը` ավելի ուշ ավելացնելով սակայն, որ չի բացառվում «իրար հասկանալը» նաեւ առանց արտահերթ ընտրությունների:
Նախօրեին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը շուտով հեռանալու է երկրից: «Ինձ թվում է` Գալուստ Սահակյանն ավելի շուտ կլքի Հայաստանը, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը», Գալուստ Սահակյանին պատասխանեց Լեւոն Զուրաբյանը: Նա նաեւ հերքեց լրագրողներից մեկի տեղեկությունը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանին վարչապետի պաշտոն է առաջարկվել:
Երեկ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը հայտարարել էր, որ «Ժառանգություն» կուսակցությանը «սարքում են նշանակովի ընդդիմություն»: «Ազգի» հարցին, թե արդյոք Կարապետիչի ասածը իրականությո՞ւն է, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ իրենք չեն ընդունում «Ժառանգության» մասին Կարապետիչի քննադատությունը. «Հակառակը` «Ժառանգությունը» մեծ ավանդ ներդրեց մեր շարժման մեջ, մենք նրա հետ որեւէ խնդիր չունենք»:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ