Հարկադրված պատասխան նամակին
Գրեթե յուրաքանչյուր ամիս մեր թերթում ներկայացնում ենք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած Հայաստանի եւ մասնավորապես Երեւանի անշարժ գույքի շուկայի հիմնական ցուցանիշներըՙ օտարման գործարքների քանակը, գների դինամիկան եւ այլն: Սովորաբար այդ տեղեկատվությունը մեր ընթերցողների շրջանում պահանջված է լինում, քանի որ այս ոլորտն առնչվում է բնակչության բոլոր շերտերին, եւ շատերի համար այս կամ այն պատճառներով այդ տեղեկատվությունը խիստ հետաքրքրական է: Սակայն, դժբախտաբար, շատերի մեջ հանդիպում են նաեւ առանձին «դեպքեր», որոնք որպես կանոն վախենում են հայտնել իրենց իսկական անունը եւ որոնցից մեկը խմբագրությանն է ուղարկել հետեւյալ էլեկտրոնային նամակը.
«Հետաքրքիր ա էտ ի՞նչ եք տենց ուրախանում տների գնի աճի վրա: Ու ինչի՞ եք էտ դեռ տուֆտա հոդվածներով նպաստում գների աճին: Գիտե՞ք, որ լիքը երիտասարդ ընտանիքներ հատուկ դրա համար գնում են երկրից: Մեկը ես երբեք 70-80 հազար դոլարով չեմ տա եւ էս քնձռոտ քաղաքում տուն առնեմ: Էտա-էտա դրսում մի քիչ էլ կաշխատեմ ու տուն կառնեմ նորմալ երկրում ու նորմալ քաղաքում: Չնայած չեմ կասկածում, որ պատվեր եք կատարում, նրանց պատվերը, որոնք շահագրգռված են տների գների բարձրացմամբ»:
Էդգար Մանուչարյան, futbolaser@inbox.ru էլեկտրոնային հասցեից
Այս նամակին պատասխանելու անհրաժեշտություն երեւի թե չլիներ, եթե թեման չառնչվեր մի ոլորտի, որը հետաքրքրում է, ինչպես արդեն նշեցինք, մեր ամբողջ բնակչությանը, ինչպես նաեւ սփյուռքի մեր հայրենակիցներին: Ուրեմն ի՞նչ կարելի է ասել սույն տգետին, որն ապրելով եւ աշխատելով Երեւանում, մեր քաղաքն անվանում է «քնձռոտ» եւ ցանկանում է ապրել, իր բնորոշմամբ, «նորմալ» քաղաքում կամ երկրում:
Նախՙ մեր կողմից «պատվեր կատարելու» մասին: Հավանաբար, մեր նամակագիրը սովոր է ողորմություններ պոկելունՙ այս կամ այն մարդու պատվերը կատարելով եւ իր արշինով է չափում նաեւ ուրիշներին: Նրան փոխել մենք, իհարկե, չենք կարող: Պարզապես նշենք, որ եթե նա կատարում է ինչ-որ մեկի պատվերը, ապա մենք ծառայություն ենք մատուցում եւ կատարում ենք մեր հասարակության պատվերըՙ մեր ընթերցողներին ներկայացնում ենք տեղեկատվություն անշարժ գույքի հայաստանյան շուկայի մասին: Ընդ որում, կադաստրի պետական կոմիտեի ներկայացրած տվյալներն արդեն կատարված գործարքների գնային ցուցանիշներն են: Այսինքն, ներկայացված են այն իրական միջին գները, որոնցով կողմերի բանակցությամբ գնվում կամ վաճառվում են բնակարանները կամ տները:
Հաջորդը` գների աճից մեր, այսպես ասած, «ուրախանալու» եւ դրա պատճառով Հայաստանից «լիքը երիտասարդ ընտանիքների հեռանալու» մասին: Նամակագիրը հաստատ ինչ-որ բան շփոթում է Հայաստանից հեռացողների մասին խոսելով: 90-ականներին էր, երբ ինքնաթիռի տոմսի գնով Երեւանում բնակարաններ էին վաճառվումՙ փախչելու համար ՀՀՇ-ական իշխանությունների եւ նրանց առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի «պարգեւած» խավարից, ցրտից, սովից եւ փրկվելու համար հոգեւոր, նյութական, բնապահպանական ամայացումից: Այն, որ անշարժ գույքի շուկայում գները բարձրացել են վերջին տարիների ընթացքում, վկայում է, որ ոչ միայն բնակչության մի զգալի մասի նյութական վիճակն է բարելավվել, այլեւ արտերկրի մեր հայրենակիցներն են սկսել Հայաստանում բնակարան կամ անհատական տուն գնել: Դրա համար, այո, ուրախ ենք, ի տարբերություն ոմանց, որոնք հավանաբար ցանկանում են Հայաստանը տեսնել համատարած չքավորության մեջ:
Եթե անշարժ գույքի շուկայում գներն ինչ-ինչ սուբյեկտիվ պատճառներով իջնեն, դա նշանակում է, որ դադարելու են նոր շենքերի շինարարությունները, նվազելու է շինանյութերի արտադրությունը, այդ ոլորտներում աշխատողներից շատերը մնալու են առանց աշխատանքի եւ իսկապես ստիպված են լինելու մտածել Հայաստանից մեկնելու մասին: Դա նաեւ նշանակում է, որ առուվաճառքի գործարքներն են նվազելու, շուկան է պասսիվանալու եւ «լիքը երիտասարդ ընտանիքներ», որոնք ցանկանում են վաճառել իրենց հայրական տունը եւ դրա վրա ինչ-որ գումար ավելացնելով, առանձին ապրելու համար նոր տուն գնել, այլեւս չեն կարողանա դա անել, քանի որ գնելու հավակնորդները կպակասեն կամ այն գինը չեն առաջարկի, ինչ մեկ ամիս առաջ էր շուկայում: Այս ամենը նկատի ունենալով, իսկապես դրական ենք համարում, որ այս տարվա ապրիլին Երեւանում անշարժ գույքի գները հաղթահարել էին մարտին արձանագրված գնանկումը, որը հետեւանք էր դարձյալ վերեւում հիշատակված քաղաքական ուժի եւ անձի հրահրած անկարգությունների: Միաժամանակ, բացասական ենք համարում, որ առուվաճառքի գործարքների քանակն, այդուհանդերձ, այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ նվազել է: Եթե այդ միտումը շարունակվի, ապա դա կարող է բերել արդեն հիշատակած հետեւանքների: Իսկ դա կարող է տեղի ունենալ, եթե, օրինակ, մարտի 1-ի «հերոսները» կրկին խժդժություններ հրահրեն եւ այս անգամ էլ ջարդուփշուր անեն Հյուսիսային պողոտան:
Եվ վերջապես մեր քաղաքը «քնձռոտ» անվանող մարդուն կցանկանայինք տեղեկացնել, որ իր նկատի ունեցած «նորմալ», ասենք եվրոպական քաղաքում կամ երկրում անշարժ գույքի գներն անհամեմատ ավելի բարձր են եւ 70-80 հազար դոլարով նա կարող է միայն տուն հիշեցնող գոմ գնել այդ քաղաքի որեւէ արվարձանում եւ ոչ ավելին: Թեեւ, կարծում ենք, նա ավելիին արժանի էլ չի եւ մաղթում ենք, որ իսկապես դա նրան հաջողվի:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հ. Գ. - Ավելացնենք, որ մեր նամակագրի ոճը շատ նման է վերջին ընտրություններին նախորդող եւ հաջորդող շրջանում ՀՀՇ-ական շրջանակների կողմից ուղղորդվող, խմբագրությանը հասցեագրված, համակարգիչների հետեւում թաքնվող վախկոտների հայհոյախառն նամակների ոճին: