«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2008-06-03 | #105, 2008-06-04 | #106, 2008-06-05


«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» ԳԱԶԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ Է ՏԱԼԻՍ

Բնակիչների եւ բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի պարբերական տեխնիկական սպասարկումն իրականացնում է մատակարարը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճար է սահմանվել` մեկ գազօգտագործող սարքավորման առկայության դեպքում 2400, երկուսի դեպքում` 5700, երեք եւ ավելի սարքավորումների դեպքում 6900 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Տեխնիկական սպասարկման ծառայության առաջին տարեկան վճարը բաժանորդը վճարում է միանվագ` համաձայնագիրը կնքելուց հետո, մեկամսյա ժամկետում: Երկրորդ հաշվարկային տարվանից սկսած տեխնիկական սպասարկման տարեկան վճարները բաժանորդը կատարում է յուրաքանչյուր ամիս` տարեկան վճարի 1/12 մասով:

Երեկ «Հայռուսգազարդի» գրասենյակում տեղի ունեցավ «կլոր սեղան»ՙ ներտնային սպասարկում եւ գազաֆիկացում թեմայով:

Գազասպառման ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկումը 2007-ի առաջին կիսամյակի ընթացքում իրականացրել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ տարածքային մասնաճյուղերը, իսկ 2007-ի հուլիսի 2-ից «Հայռուսգազարդ»-ի հետ իրականացնում է «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն:

2008-ի մայիսի մեկի դրությամբ` ընթացիկ տարում իրականացվել է 361059 ստուգայց: Սպասարկվել է 313946 բաժանորդ: 47113 բաժանորդ չի սպասարկվել փակ դռների պատճառով: Արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել է տեխնիկական անվտանգության գծով առկա թերությունների արձանագրման 65364 ակտ: Ընթացիկ տարում սպասարկվել է կենցաղային գազասպառման 1293 եւ ոչ կենցաղային նպատակներով գազասպառման 876 օբյեկտ:

Հիմնականում դժբախտ պատահարների պատճառ են բնակարաններում ծխահեռացման խողովակների ինքնակամ ձեւափոխությունները, տրամագծերի փոքրացումը եւ դրանցում արհեստական դիմադրությունների ստեղծումը: Ներտնային գազահամակարգերի անվտանգ օգտագործման եւ շահագործման համար պատասխանատվություն կրողը բաժանորդն է դառնում: «Հայռուսգազարդը» անհրաժեշտ է համարում գազասարքերի երկարատեւ օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը, ծխահեռացման թիթեղյա խողովակները հավաքակցելՙ մեկը մյուսի մեջ մտցնելով, դրանց տրամագծի կեսից ոչ պակաս չափով` ծխագազերի շարժման ուղղությամբ:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4