«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2008-06-03 | #105, 2008-06-04 | #106, 2008-06-05


ՀԱՅ ԲԵՄԻ ԿԱԽԱՐԴԸ

Վահրամ Փափազյանի անունը իրեն բեմում չտեսածներիս մեջ անգամ խորհրդավոր ու առեղծվածային մի անսովոր զգացում, ակնածանք է առաջացնում: Վահրամ Փափազյանն էլ, ինչպես բոլոր մեծերը, կյանքի բարդ ու հարուստ ճանապարհ է անցել: Իր խոսքերովՙ տառապյալ ժողովրդի մի զավակ, որ թափառեց մոլորակի շուրջը եւ ուզեց սպեղանի գտնել իր ժողովրդի համար:

Այս տարվա հոբելյանական անունների մեջ նաեւ Վահրամ Փափազյանն է: Ծնվել է 1888-ին Պոլսում, եղել է Գատը գյուղի քոլեջի, Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի սան: Թափառել է աշխարհով մեկՙ բեմական առաջին փորձը Փարիզում է եղել, սովորել է Միլանի գեղարվեստի ակադեմիայում, ուսանել է իտալացի բեմարվեստի նշանավոր ուսուցիչներ Նովելլիի, Ձակոնիի մոտ: Հանդես է եկել իտալական շրջիկ թատերախմբում, տեւական մի շրջանՙ Փարիզում, ուսումնասիրել է «Կոմեդի Ֆրանսեզի» ավանդական խաղաոճը, խորապես ճանաչել է եվրոպական թատերարվեստի (իտալական, գերմանական, ֆրանսիական) առանձնահատկությունները եւ այս ամենը, բնականաբար, ազդեցություններ ունեցել են նրա գեղագիտական հայացքների վրա:

Վահրամ Փափազյանը Հայաստան է գալիս 1922-ին, աշխատում պետթատրոնում, այդ եւ հետագա տարիներին նաեւ Բաքվի ու Թբիլիսիի հայկական թատրոններում: Առանձնակիորեն առնչվել է ռուսական բեմին, խաղացել մոսկովյան «Պասաժ», Լենինգրադի Պուշկինի անվ. թատրոններում, բեմադրություններ արել («Օթելլո», «Լիր արքա»): Երեւանի Սունդուկյանի թատրոնում հիմնական խաղացանկով 1954-ից է հաստատվել: Կյանքի վերջին տարիներին զբաղվել է թատերավերլուծությամբ, «Հետադարձ հայացք» երկհատոր հուշագրությամբ:

Գրականության եւ արվեստի թանգարանում երեկվա հուշ-ցերեկույթը նվիրված էր Վահրամ Փափազյանի 120-ամյակին: Թանգարանի տնօրեն, գրականագետ Հենրիկ Բախչինյանըՙ ծնունդով Թբիլիսիից, պատմեց պատանեկության տարիներին Վահրամ Փափազյանի հետ Թբիլիսիի հայկական թատրոնում ունեցած հանդիպում-տպավորությունների մասին. «Յուրաքանչյուր մեծ մարդուց արտասովոր էներգիա է ճառագում: Դա ես զգացիՙ Վահրամ Փափազյանին առաջին անգամ տեսնելով: Հետագայում դա տեսա Պարույր Սեւակի, Վիլյամ Սարոյանի մոտ: Թիֆլիսի թատրոնում շատ մեծերի եմ հանդիպել, բայց երբ Փափազյանն էր բեմ մտնում, իրենով լցնում էր ամբողջ թատրոնը, իր կողքին մյուսները խամրում էին»:

Արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը ներկայացրեց Վահրամ Փափազյանի դերասանական արվեստիՙ եվրոպական առնչությունները եւ ազդեցությունները: Թատերագետը խոսեց ֆրանսիական, իտալական, ռուսական դպրոցների, տվյալ ժամանակաշրջանի բեմական արվեստին բնորոշ երեւույթների, ձեւերի, միջոցների, նորարարությունների, երեւելի դեմքերիՙ Սիլվենիի, Ձակոնիի, Նովելիի, Ստանիսլավսկու, նրանց տեսությունների տարբերությունների մասին: «Նշանակություն չուներ Փափազյանը Նովելլիից թե մեկ ուրիշից էր սովորում: Նա ինչ մեծություն էլ որ տեսներ, չէր շփոթվի: Բոլոր դպրոցները յուրացրել էր, բայց մի բան կար, որ անհայտ է, անսովոր: Դա հանճարն է»: Ըստ բանախոսի, Փափազյանի արվեստը վեր էր բոլոր այդ դպրոցների ազդեցություններից, արվեստի իր ներշնչանքները իտալական ճարտարապետությունն էր, Վենետիկի պատկերասրահները, կյանքը:

«Բայց եւ միմիայն իրեն բնորոշը գալիս էր Վանի տերտերից: Իր ուսուցիչը վանեցի մի քահանա է եղել: Հուշագրություններում նա գրել է. «Օրհնվի էդ տերտերը, որովհետեւ նա մեր համար կարդում էր Նարեկացու «Մատյանը»: Վահրամ Փափազյանը մեզ ներշնչում էր մի զգացում, ասաց Հ. Հովհաննիսյանը. նա բեմ մտնում էր որպես իմպերիայի դերասանՙ դասական հայի նկարագրով, որ հպարտություն ու հավատ էր ներշնչում»:

Վերջում ցուցադրվեց ԳԱԹ-ի պատրաստածՙ Վահրամ Փափազյանի մասին կարճ մի ֆիլմ եւ հնչեց երաժշտություն (կատարողներՙ ֆլեյտահար Արմեն Ղուկասյան, դաշնակահարներՙ Կոնստանտին Խաչատրյան, Սիրանուշ Դավթյան):

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4