Մոսկվայի գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտում 1949-ի փետրվարի 19-ին իր թեկնածուական թեզը պաշտպանող Սերգեյ Մերգելյանին գիտական խորհուրդըՙ ակադեմիկոս Վինոգրադովի նախագահությամբ, միաձայն քվեարկությամբ շնորհեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Այն ժամանակ Մերգելյանը 21 տարեկան էր, Մոսկվա էր գործուղվել Երեւանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկական բաժինը երեք ու կես տարում ավարտելուց հետո: Մաթեմատիկական հազվագյուտ ընդունակություններով օժտված Սերգեյի հայրըՙ Մկրտիչ Մերգելյանը ծնունդով ախալքալաքցի էր, սակայն որդին ծնվեց Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում 1928-ին, որտեղից Երեւան տեղափոխվեց Հայրենական պատերազմը սկսվելուն պեսՙ 1941-ին: Մռավյանի անվան դպրոցում ուսանելու ժամանակ որդին իսկույն տարբերվեց մյուսներից եւ իր մտավոր հզոր կարողությունների շնորհիվ դպրոցն ավարտեց սահմանված տարիքից շուտՙ հանձնելով էքստեռն քննություններ: Նրա անունը թնդաց նաեւ պետհամալսարանում, որտեղ մեկ տարվա ընթացքում հանձնեց առաջին կուրսի բոլոր ու երկրորդ կուրսի քննությունների մեծ մասը եւ սկսեց հաճախել երրորդ կուրսՙ ունկնդրելու հայ մաթեմատիկական դպրոցի հիմնադիր Արտաշես Շահինյանի դասախոսությունները: Շահինյանը իսկույն նկատում է լրջմիտ ուսանողին, որի մասին հետագայում գրում է. «Համակրանքը դեպի այդ համեստ ու լռակյաց պատանին, որ հայացքը վար, ուշադիր լսում էր եւ տալիս դիպուկ հարցեր, համակում է առաջին իսկ հանդիպողին: Զգացվում էր այդ ուսանողի բացառիկ սերը դեպի ստեղծագործական աշխատանքը եւ այն, որ նա բոլորովին չէր խուսափում դժվարին խնդիրներ ձեռնարկելուց»: Շահինյանը նաեւ ընդգծում է, որ Մերգելյանով վերջնականապես ձեւավորվեց հայկական մաթեմատիկայի պատմության մի շրջանը: Նրա մասին հիացական ու դրվատանքի խոսքերի առատություն է եղել նաեւ Մոսկվայում. «Մեր աչքի առաջ ծնվում է հայկական մաթեմատիկական դպրոցը», ասել է համամիութենական գիտությունների ակադեմիայի նախագահ Պ. Ալեքսանդրովը:
Իր մեծարժեք ուսումնասիրությունների, մասնավորապես բազմանդամային մոտավորության թեորեմի համար Մերգելյանը 1952-ին արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի, իսկ 1 տարի անց 25-ամյա գիտնականն ընտրվեց ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, 3 տարի անցՙ ակադեմիկոս: Նա նաեւ գիտության հմուտ կազմակերպիչ է. 1956-ին Երեւանում հիմնադրեց համամիութենական նշանակություն ունեցող մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, որի տնօրենն էր 1956 -1960 թթ., հետո ստեղծեց ու ղեկավարեց ԽՍՀՄ ԳԱ մաթեմատիկական ինստիտուտի կոմպլեքս անալիզի բաժինը: 1971-74թթ.ՙ Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահն էր, 1974-79 թթ.ՙ ԳԱ հաշվողական կենտրոնի տնօրենը, իսկ 1979-82 թթ.ՙ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի բաժնի վարիչը, 1982-86 թթ.ՙ Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ռեկտորը:
Բազմաբեղուն գործունեության եւ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Մերգելյանին պարգեւատրեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, իսկ երեկ նրա հոբելյանը նշվեց Գիտությունների ազգային ակադեմիայում, ցավոք, առանց իր ներկայության, որովհետեւ արդեն երկար տարիներ ապրում է հայրենիքից դուրսՙ Հյուսիսային Հոլիվուդում եւ հիվանդության պատճառով ունի տեղաշարժվելու դժվարություն: Հայաստանում նրա մտերիմներից է Արտաշես Շահինյանի որդինՙ ԳԱ ակադեմիկոս-քարտուղար Արամ Շահինյանը, որի հետ երբեմն խոսում է հեռախոսով: Ունի 2 որդի, որոնցից մեկն ապրում է Մոսկվայում, մյուսըՙ Հոլիվուդում: Շահինյանը պատմում է, որ Մերգելյանը Մ. Նահանգներ հրավիրվեց 90-ականներինՙ դասախոսություններ կարդալու, հետո դրամաշնորհ ստացավ այնտեղ ապրելու եւ աշխատելու համար: «Նա մեր ընտանիքի տեսադաշտում հայտնվեց շատ վաղուց. հայրս նրան մաթեմատիկական առաջադրանքներ էր հանձնարարում: Չափազանց համեստ էր, անմիջական, պարապում էր մեծ պատասխանատվությամբ: Նրա ազգանունը սկզբում Մերգելով էր, քանի որ Հայաստան էին տեղափոխվել Ղրիմից: Հայրս նրա առջեւ պայման դրեց ազգանունը փոխելու: Երկար դժվարություններից հետո նրան հաջողվեց դա անել, թեպետ Մոսկվայից նրա նամակները երբեմն գալիս էին Մերգելով ազգանվամբ: Այն ժամանակ Մոսկվայում նրա մասին ֆանտաստիկ բաներ էին գրում, այնքան, որ հայրս նամակ գրեց մաթեմատիկոս Կելդիշին, հորդորելով հանգիստ թողնել Մերգելյանին, նրան ուժասպառ չանել: Նա փառքի հասավ երիտասարդ տարիքում ու կատարեց գիտակազմակերպչական հզոր աշխատանքՙ դառնալով մեր գիտության ամուր հիմնասյուներից մեկը»:
ԳԱ ակադեմիայի մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Նորայր Առաքելյանը Մերգելյան գիտնական մեծության մասին խոսելիս ընդգծեց այն փաստը, որ նրա շնորհիվ Հայաստանում համակարգչային մասնագիտությունը մուտք է գործել դեռեւս 80-ականներին: «Նրա տաղանդը դրսեւորվեց հատկապես մաթեմատիկական անալիզի բնագավառում: Մեծ գիտնական լինելու հետ մեկտեղ նա հմուտ մանկավարժ էր, կարողանում էր նրբորեն ընտրել խելացի երիտասարդներին, օժանդակել նրանց զարգացմանը: Նա եղել է իմ գիտական թեզի ընդդիմախոսը, որից հետո Մոսկվայում կազմակերպեց դոկտորական աշխատանքիս պաշտպանությունը, քանի որ այն ժամանակ մեր ակադեմիան գիտական խորհուրդ չուներ: Իր գիտական գործունեության ընթացքում նա շատերին է աջակցել, ուներ կազմակերպչական ուժեղ ջիղ, որով էլ իրականություն դարձրեց այն ժամանակ անհնարին թվացող գործըՙ մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ստեղծումը»:
Երեկ ԳԱԱ-ի կազմակերպմամբ տեղի ունեցած գիտաժողովի ընթացքում Մերգելյանի գործի հավերժության մասին խոսք ասացին նաեւ ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը եւ ուրիշներ:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ