Դատարկ գլխով, բայց լիքը գրպանով համալսարան ընդունվելու, աղաչանք պաղատանքով դիպլոմ ստանալու, բազմազան ոլորաններով ասպիրանտուրա սողոսկելու կամ գիտական աստիճան ունենալու դյուրությունը մեզանում հասել է այն կետին, որից անդին տխմարության թագավորությունն էՙ երկրպագության իր պահանջներով: Հպատակ ես, ուրեմն կօգտվես բարիքներից, հպատակ չեսՙ գնա ու հաշվիր կոպեկներդ: Ու լավ ապրելու կարոտ գիտաշխատողն ու դասախոսը վաճառքի են հանել իրենց ունեցած միակ գանձըՙ մտավոր աշխատանքի պաշարը:
Ճիշտ է, այս երեւույթը եղել է նաեւ խորհրդային տարիներին, բայց ոչ այսքան ակնառու, ոչ այսքան անպատիվ: Գիտական թեզ գրող դասախոսի եւ պատվիրատուի միջեւ միջնորդի դեր կատարողները գործել են այնքան զգուշորեն, որ չլինի թե այդ գործարքի մասին լուրը մեկի ականջն ընկնի, բերնեբերան անցնի: Համալսարանից հեռացվելու վախը չափազանց ուժեղ է եղել, իսկ հիմա ոչնչից չենք վախենում, անգամ պատվի կորստից:
Կուրացել ենք մտոք, սակայն լայն բացվել աչոք եւ ամենքին ի տես ցուցանակ ենք փակցրել հենց այն շենքի պատինՙ Աբովյան 41, որի շուրջ բոլորը պետական բուհեր ենՙ պետհամալսարաններՙ բժշկական, ագրարարային, ճարտարագիտական եւ այլն, ու վրան գրել. «Գրում ենք ռեֆերատներ, կուրսային, դիպլոմային աշխատանքներ, մասնագիտական թեզեր, ստուգողական աշխատանքներ եւ այլ գիտական աշխատանքներ, բոլոր առարկաներից, հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ այլ լեզուներով»: Մի պահ մտածեցի, թե խոսքը մուտքագրելու մասին է, բայց պատին նկարված սլաքի ուղղությամբ նկուղային հարկ մտնելուց հետո իրականությունը ուժգին ապտակեց դեմքիս: Սառը եւ անհրապույր միջանցքում դրված 2 համակարգիչների դիմաց մուտքագրող երիտասարդ աղջիկներից մեկի կողքին նստած միջահասակ տիկնոջ ձեռքին կուրսային կամ ով գիտի, գուցե գիտական աշխատանք էր, որի վրա շտկումներ էին անում: «Դուք մուտքագրո՞ւմ եք, թե՞ գրում», հարցրեցի միայնակ աշխատող շիկահերին: «Ոչ, մենք գրում ենք», ինքնավստահ տոնով պատասխանեց նա: «Ո՞վ է ձեր ղեկավարը, ումի՞ց կարող եմ մանրամասներ ստանալ»: «Ես եմ զբաղվում, ինձ պետք է դիմեք», դեմքի լրջագույն արտահայտությամբ ասաց նաՙ ներկայանալով որպես տնօրեն: Հարցերիս տարափը հավանաբար նրա մեջ կասկած առաջացրեց, ինչն արտահայտվեց աչքերիս մեջ նայելուց խուսափելով: Ամենից զավեշտալին «գնացուցակի» վերաբերյալ հարցիս պատասխանն էր. «Նայած ի՞նչ եք ուզում, թեման որ ասեք, կասեմ ինչ արժե», փորձառու միջնորդի համառությամբ վերջակետ դնելով ասաց Մագդան, բայց քիչ անց, տեղի տալով իմ պնդումներին, հայտնեց նվազագույն վճարի գինըՙ 15 հազար դրամ: «Այդքան գումարով գիտական աշխատա՞նք եք գրում», հեգնախառն ժպիտով հարցրեցի: Նա հաստատեց գլխով, ասելով, թե դա կուրսային աշխատանքի գինն է: Հետո ինքնագոհ հայտնեց, որ իրենց ծառայության համար աշխատում են համալսարանների լավագույն մասնագետները: Ի դեպ, բոլոր տեսակի աշխատանքները գրվում են ընդամենը 3 օրում, կատարվում են ուզած թարգմանությունները, գրեթե բոլոր լեզուներով: Մի խոսքով, ոչ թե ծառայություն է, այլ «երազների թագուհի»:
Քանի դեռ լռում ենք դատարկ գլխով առաջ մղվողների առջեւ ու հնազանդ հետեւում նրանց տարածման արագընթաց ռիթմին, ուրեմն երկար ենք տառապելու մեր իսկ սերմանած անմիտ եւ անբան իրականությունից:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ