«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2008-06-05 | #107, 2008-06-06 | #108, 2008-06-07


ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ

Մադրիդյան առաջարկները պետք է բարելավվեն

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Սանկտ Պետերբուրգ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումից հետո նման համոզմունք հայտնեցին ինչպես երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահները:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք` մասնակցելու համար այստեղ հունիսի 6-ին եւ 7-ին նախատեսված ԱՊՀ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական (առանց փողկապների) գագաթաժողովին եւ սանկտպետերբուրգյան 12-րդ միջազգային տնտեսական համաժողովին: Սովորաբար նման միջոցառումները երկրների ղեկավարներն օգտագործում են իրենց գործընկերների հետ երկկողմ հանդիպումների համար: Սանկտպետերբուրգյան գագաթաժողովից եւ տնտեսական համաժողովից առաջ հայտնի էր, որ միմյանց հետ պետք է հանդիպում ունենան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Նման հանդիպման ակնկալիք կար դեռ ապրիլին տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, ինչը, սակայն, տեղի չունեցավ ադրբեջանական կողմի պատճառով: Սանկտ Պետերբուրգում երեկ տեղի ունեցած հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համար առաջինն էր իր ադրբեջանցի գործընկերոջ հետ:

Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգի «Բալտիյսկայա զվեզդա» հյուրանոցում եւ տեւեց շուրջ 1 ժամ 30 րոպե: Որոշ հատվածներում հանդիպմանը միանում էին Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը, իսկ հիմնական բանակցությունները նախագահները վարում էին դեմ առ դեմ` առանց միջնորդների:

Ինչպիսի՞ն էին հանդիպման արդյունքները: Այս հարցն ուղղեցին հայ լրագրողներն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Իրենց պատասխաններում արտգործնախարարները համակարծիք էին: Էդվարդ Նալբանդյանը երկու երկրների նախագահների հանդիպումը բնութագրեց որպես ճանաչողական եւ կառուցողական: Ըստ նրա, նախագահները ծանոթացան կողմերի տեսակետներին եւ հանձնարարական տվեցին արտգործնախարարներին շարունակելու բանակցությունները:

Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ բանակցություններն ընթանում են մադրիդյան առաջարկությունների հիման վրա, որոնց առնչությամբ կան կողմերի տեսակետներն ու մեկնաբանությունները, որոնց շուրջը պետք է շարունակել աշխատանքները:

  Էլմար Մամեդյարովը , հաստատելով իր հայ գործընկերոջ տեսակետը, ասաց, որ պետք է աշխատանք տարվի եւ կողմերի դիրքորոշումները նկատի ունենալով` մոտեցվեն շփման կետերը: Ադրբեջանի արտգործնախարարը հայտնեց, որ այս ամսվա վերջին նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան` ավելացնելով, որ ժամկետներն առաջիկայում կճշտվեն:

Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հանդիպումն անվանեց հաջող եւ ճանաչողական: Նա նշեց, որ դա հնարավորություն է տալիս շարունակելու աշխատանքը մադրիդյան առաջարկների շուրջը եւ բարելավելու դրանք: Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ավելի հակիրճ էր: «Ճշտել, լավացնել, լրացնել», ահա այսպես նա արտահայտվեց մադրիդյան առաջարկների առնչությամբ:

  Յուրի Մերզլյակովի կարծիքով էլ, նախագահների հանդիպման ժամանակ կար նորմալ աշխատանքային մթնոլորտ: «Կշարունակենք աշխատել` կողմերի մոտեցումները լսելով», եզրափակեց ռուսաստանցի համանախագահը:

Ինչպես արդեն նշեցինք վերեւում, երեկ ԱՊՀ երկրների նախագահների համար երկկողմ հանդիպումների օր էր` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Քննարկվեցին երկու երկրների քաղաքական, տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այն փաստը, որ Հայաստանի պատվիրակության կազմում էր եւ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը մասնակցեց նաեւ «Հայռուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը, թույլ է տալիս եզրակացնել, որ երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ կարեւոր նշանակություն է տրվել էներգետիկային եւ մասնավորապես Հայաստանի գազամատակարարմանը, գազի սակագներին եւ ոլորտի այլ խնդիրներին:

Երկու նախագահների հանդիպման ժամանակ Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին հրավիրեց առաջիկայում պաշտոնական այցով ժամանել Մոսկվա: «Երբ Ձեզ հարմար կլինի, ուրախ կլինենք Ձեզ տեսնել Ռուսաստանում, անցկացնել լիարժեք բանակցություններ եւ շարունակել այն համագործակցությունը, որն այսօր գոյություն ունի մեր երկրների միջեւ», ասաց Ռուսաստանի նախագահը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ բարձր գնահատել հայ-ռուսական հարաբերությունները: «Մենք լավ հարաբերություններ ունենք, վստահ եմ, դրանք կխորանան», ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Այնուհետեւ տեղի ունեցավ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը, իսկ այսօր բացվեց 12-րդ միջազգային տնտեսական համաժողովը, որտեղ հիմնականում քննարկվում են էներգետիկ եւ տրանսպորտի ոլորտների խնդիրները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4