Օգոստոսի 24-ին թիվ 17 ընտրատարածքում կանցկացվեն ԱԺ պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ: Այս մասին ԿԸՀ-ն որոշում կայացրեց հունիսի 6-ի նիստում` հիմք ընդունելով տվյալ ընտրատարածքից ԱԺ-ի պատգամավոր Հենրիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ-ի հունիսի 5-ի արձանագրությունը: Հ. Աբրահամյանի, նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանի եղբոր, պատգամավորական լիազորությունները, ըստ ԱԺ արձանագրության, դադարած են համարվել, քանի որ նա խախտել է սահմանադրության 65 հոդվածի 1-ին մասի պահանջը: Ըստ այդ հոդվածի, պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական աշխատանքից: Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն Ազգային Ժողովի համամասնական ընտրակարգով ՀՅԴ-ի ընտրական ցուցակից պատգամավոր գրանցեց տարածքային կառավարման փոխնախարար Բագրատ Սարգսյանին: Որոշման հիմքը գյուղատնտեսության նախարար նշանակված Արամայիս Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ արձանագրությունն էր, հաղորդում է «Նոյյան տապանը»: