«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2008-06-05 | #107, 2008-06-06 | #108, 2008-06-07


ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ԻՐ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԿՏՐՎԵՆ

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արտահերթ զեկույցը, որն արժանացավ արդարադատության նախարարության եւ գլխավոր դատախազության առարկություններին, այդուհանդերձ անտեղի չեղավ: Երեկ ՀԺԿ գրասենյակում Քաղաքագետների միության նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ժամանակ ՄԻՊ Արմեն Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ զեկույցում իր ներկայացրած հարցադրումներն այնուամենայնիվ պատասխաններ կստանան. «Ուրիշ տարբերակ չեմ տեսնում, դա մեր հասարակության հետ կապված խնդիր է: Գուցե պատասխանելով պարզվի, որ հարցը խոր ձեւակերպված չէր, բայց ոչինչ, թող պատասխանը տրվի, որ կասկածները վերանան հանրության մեջ: Դրանով հանրության լարվածությունը մեկ էլեմենտով կիջնի»:

Արմեն Հարությունյանը քննարկման ժամանակ հորդորեց չմտահոգվել, թե ինքն անցել է իր լիազորությունների սահմանը եւ քաղաքականության մեջ մտել: Նա հրապարակել է իր զեկույցը, որտեղ հակակշիռների առումով իրավական հարցերը անմիջականորեն առնչվել են քաղաքականությանը. «Հորդորում եմ չանհանգստանալ, մենք հստակ գիտենք մեր լիազորությունների սահմանը եւ ընդհանրապես դրանց գերազանցության մասին խոսելն անիմաստ եմ համարում: Եթե ինչ-որ բաներ էլ տեխնիկական տեսակետից կարելի էր մի քիչ այնպես գրել, որ դիմացինի համար ավելի ընկալելի լիներ, միգուցե, բայց այն հարցադրումները, որոնք մենք դրել ենք, կարծում եմ, շատ հստակ հարցադրումներ են: Արհեստական է այդպիսի հարցադրում դնելը, թե դա քաղաքական վերլուծություն է, քաղաքականություն է: Որեւէ մեկն այսօր չի կարող հակակշիռների մասին խոսել, իսկ եթե երկրում ուզում ես հարցի վերաբերյալ նորմալ առաջարկ անել, դու նաեւ պետք է քաղաքական ռեալիզմի պայմաններում այդ հակակշիռների համակարգի մասին խոսես: Հնարավոր չէ այդ մասին խոսել եւ քաղաքականությանն ընդհանրապես չկպնել, բայց դա քաղաքական վերլուծություն չի կարելի կոչել»: Մինչդեռ, հիշեցնենք, արտահերթ զեկույցով հանդես գալու ՄԻՊ իրավունքը գլխավոր դատախազը չի վիճարկել: Սակայն, ըստ գլխավոր դատախազի, «Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ պաշտպանի իրավասությունների շրջանակը ընդգծված է եւ սահմանափակվում է պետական մարմինների, ՏԻՄ-երի եւ դրանց պաշտոնատար անձանց խախտած մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությամբ, եւ ինչպիսի լիազորություն էլ նա ներկայացրած լինի, այդ թվում նաեւ հրապարակային զեկույցի տեսքով, չպետք է դուրս գա իրեն օրենքով վերապահված իրավասության սահմաններից»:

Սա առարկությունների մասով, ինչի տրամադրությունը նախօրեին ողջ օրը թեւածել է ԱԺ քննարկման դահլիճում: Ու չնայած բուռն քննարկումներին, Արմեն Հարությունյանը խորհրդարանական քննարկումից գոհ էր. «Սկսվեց մեղադրանքներով, բայց վերջացավ կառուցողական քննարկումներով»: Պաշտպանը նշեց, որ իր հարցադրումների պատասխանները պետք է լինեն, որպեսզի հասարակության մեջ կասկածամտությունն ավելի չխորանա` հատկապես, վտանգավոր համարելով դեֆորմացված ինֆորմացիայի դաշտը, երբ գերիշխում են ասեկոսեները:

Մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննության պահանջով հավաքված ընդդիմադիր գործիչները պաշտպանին ներկայացրին իրենց հուզող հարցերը, պահանջեցին մարտի 1-ի մեղավորների բացահայտումը:

«Կովկաս» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը նշեց, որ մարտի 1-ի դեպքերը ձեռնտու էին ներկա նախագահ Սերժ Սարգսյանին, որը կարող էր հրաժարվել այդ ձեւով իշխանությունը ստանձնելու իրողությունից. «Սերժ Սարգսյանը որոշել էր ամեն գնով վերցնել իշխանությունը: Սա շատ կարեւոր է, քանի որ մարտի 1-ը միջոց է եղել օլիգարխիկ համակարգը պահպանելու համար»:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4