Երեկ սկսված Ազգային ժողովի վերջին քառօրյայում քննարկվեց ԱԺ կանոնակարգ- օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը, որն, ըստ զեկուցող Դավիթ Հարությունյանի, նպատակ ունի հստակեցնելու ընդդիմության դերը, աջակցելու հասարակության մեջ խորհրդարանական ընդդիմության պատասխանատու դերի բարձրացմանը: Նախագիծը մշակվել է 5 կարեւոր սկզբունքի հիման վրա.1. ժողովրդավարական խորհրդարանը պետք է աշխատի` հարգելով բազմակարծությունը, 2. խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ընդդիմությունը ժողովրդավարության տարր է, 3. ժողովրդավարության ցուցանիշը խորհրդարանում որոշվում է ընդդիմության կամ խորհրդարանական փոքրամասնության` խնդիրները լուծելիս ունեցած միջոցների ծավալով, 4. ընդդիմության կարգավիճակը պետք է թույլ տա պատասխանատու դեր ստանձնել, 5. լավագույն կառավարման երաշխիքը արդյունավետ խորհրդարանական ընդդիմության զգոնությունն է: Այս բոլորը ամրագրում է Դավիթ Հարությունյանի, Արմեն Ռուստամյանի, Գագիկ Ծառուկյանի ստորագրած փոփոխությունների նախագիծը, որոնցով խորհրդարանական ընդդիմության դերն ու նշանակությունը բարձրացնելու փորձ է արվում, լիարժեք պայմաններ ապահովելով բազմակարծության դրսեւորման եւ հարցերի այլընտրանքային լուծումների վերհանման համար:
Թվելով մի շարք լիազորություններ, որոնք փոխանցվում են ընդդիմությանը` Դ. Հարությունյանը նշեց, որ ԱԺ հանձնաժողովի նախագահներ եւ տեղակալներ ընդդիմությունը կկարողանա ունենալ միայն հաջորդ խորհրդարանում` քաղաքական շահարկումներից զերծ մնալու համար: Ըստ փոփոխությունների` ընդդիմություն համարվում է այն խորհրդարանական միավորը, որը կառավարությունում ընդգրկված չէ: Ընդդիմադիր խմբակցության համար հնարավորություն է ստեղծվելու արտահերթ կարգով հարցեր ընդգրկելու օրակարգ, կառավարությանը հարցերով դիմելու առաջնահերթություն ստանալ, հայտարարություններ անելու բարելավված պայմաններ ունենալ:
Նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնեց պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտաշես Շահբազյանը: ԱԺ նոր փոխնախագահ Հրայր Կարապետյանը այսպիսի նախագծի ընդունումը քաղաքական նոր մշակույթի դրսեւորում անվանեց:
Խորհրդարանական ընդդիմություն «Ժառանգությունն» այնքան էլ ոգեւորված չէ իր նոր լիազորություններով: Արմեն Մարտիրոսյանը խոսում էր ԱԺ նախագահի տեղակալ ունենալու հարցի մասին եւ առհասարակ` փոփոխությունների նախագիծը մեծ խնդրի մասնակի լուծում անվանեց, քանի որ համալիր լուծումը տեսավ ընդդիմության մասին առանձին օրենքի ընդունման մեջ: Լարիսա Ալավերդյանը եւս դժգոհ էր` նկատելով, որ ոչ թե ընդդիմությանն է այսպես լավություն արվում, այլ ԱԺ կառավարման արդյունավետությունն է բարձրացվում. նա քննարկումներից տպավորվել էր, որ անգամ այս մակերեսային նախագիծը մեծամասնության ներսում դժվար եւ պայքարով է ծնվել: Նրա խոսքի ապացույց կարելի է համարել ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի այն բողոքի նոտան, թե խորհրդարանը ձեւավորվել է ընտրությունների արդյունքում, դե, եթե խորհրդարանում այդ ուրվագիծն այսպիսի օրենքներով պետք է փոխենք` ընտրություն չանենք, էլի:
Հարցերին մասամբ պատասխանեց Դավիթ Հարությունյանն իր եզրափակիչ խոսքով: Ըստ նրա` ԵԽԽՎ 1601 բանաձեւի ընդունումից հետո դեռ հայկական պատվիրակությունն արդեն հայտարարություն արել էր, որ ընդդիմության իրավունքների հետ կապված նախապատրաստվում է նախագիծ: Նա չընդունեց այն տեսակետները, որ նախագիծը պայմանավորված է եղել մարտյան իրադարձություններով` 1609 բանաձեւով: Խորհրդարանը պետք է ընձեռի գործիքներ` խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի համար. «Եվ սա, համաձայն եմ, չի կարելի դիտարկել որպես մեծամասնության կողմից փոքրամասնությանն ընձեռված մի շնորհ: Սա ընդամենը խորհրդարանի գործառույթների պատշաճ կատարման համար գործիքների մի շարք է, որը բացի օրենքների ընդունումից թույլ կտա պատշաճ կիրառել այդ գործառույթները քաղաքակիրթ բանավեճի շրջանակներում», ասաց նա:
Արդյոք նախագիծը չի՞ հակասում սահմանադրության 66 հոդվածին (Արմեն Աշոտյանն էր դիտարկել). չի հակասում, այլ օրենքներ եւս պետք է ընդունվեն քաղաքական ռեֆորմն ամբողջացնելու համար:
Խորհրդարանական ժամում ավելի րոպեներ ունենալու առաջարկն էլ (Արմեն Մարտիրոսյան) Դավիթ Հարությունյանն արդարացված չհամարեց` մյուս խմբակցություններից ավելի իրավունքներ ընդդիմությունը չպետք է ունենա: Ընդդիմության` ստվերային կառավարություն ունենալու հարցն էլ ընդունելի չէ, քանի որ իրավասություններ չեն լինելու: Վերահսկիչ պալատի նախագահի` ընդդիմության կողմից առաջադրումը չի կարող առայժմ լինել սահմանադրական արգելքի պատճառով` հանրապետության նախագահի իրավունքն է այդ պաշտոնի առաջադրումը, օրենքով նախագահի այդ իրավունքը չի կարելի սահմանափակել: Հետագայի խնդիր է` օրենքներով կարգավորելու:
Որ ընդդիմության վերաբերյալ առանձին օրենք է պետք` դա էլ այս պահի խնդիր չէ, առայժմ կանոնակարգ-օրենքի փոփոխությունները բավարար են: Բրիտանական մոդելի մասին Հրանուշ Հակոբյանի առաջարկը, թե հարցուպատասխանի կամ հայտարարությունների ժամանակ, ասենքՙ երեք հարց կամ երեք հայտարարություն հենց սկզբից կարող է տրվել ընդդիմությանը, քննարկել կարելի է, եթե ընդունելի համարվի` կարելի է նաեւ գործադրել:
Լարիսա Ալավերդյանի ասածը, թե մեր խորհրդարանը չի արտացոլում ներկա հասարակության պատկերը, Դ. Հարությունյանը դիմադարձեց. նա չգիտեր այլ ձեւ` խորհրդարան ձեւավորելու, քան ընտրությունները, եւ եթե ընտրությունները ՍԴ-ն ճանաչել է որպես աքսիոմատիկա, պետք է ընդունել ա՛յս խորհրդարանը:
«Ժառանգության» պահվածքից պարզ չեղավ` արդյոք դե՞մ է քվեարկելու այս նախագծին, թե՞ այնուամենայնիվ, ձեռնպահ կմնա, ի վերջո, նաեւ իր իրավունքներն են շատանում խորհրդարանում:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ