«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2008-06-06 | #108, 2008-06-07 | #109, 2008-06-10


Ի՞ՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՍՏԱՑՈՒՄԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎՐԱ

ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն ու տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը տարակարծիք են

Երեկ «Հայելի» ակումբում բանավիճում էին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու «Պոլիտէկոնոմիա» իրավական, քաղաքական եւ տնտեսական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը:

Թեւանյանի կարծիքով, հայաստանյան բիզնեսն այսօր վտանգի առաջ է, քանի որ առկա վարչարարության խստացումը սպառնում է տնտեսության զարգացմանը եւ առաջացնում է Հայաստանից կապիտալի արտահոսքի վտանգ: Թեւանյանը դեմ չէ կաշառակերության եւ կոռուպցիայի դեմ պայքարին: Վերջինս գտնում է, որ դրանց դեմ պայքարը պետք է իրականացվի օրենսդրական բարեփոխումներով, մրցակցային միջավայրի ձեւավորումով, ըստ նրա, պայքարի ներկայիս տարբերակն ընդամենը նպաստում է հարկային բեռի փաստացի ավելացմանը եւ հարկային վարչարարությունն էլ ազդում է ապրանքների եւ ծառայությունների գնի աճի վրա, որից տուժում են հասարակության սոցիալապես անապահով շերտերը. «Մենք չպետք է ուրախանանք, որ այսինչ տնտեսվարողին, օլիգարխին խեղդում են` փողերը բերելով բյուջե: Այդ խեղդելուց դեռեւս որեւէ տնտեսություն չի շահել: Մենք պետք է այնպիսի մթնոլորտ ձեւավորենք, որ օլիգարխն իր կուտակած միջոցները ներդրումներ կատարի»:

ՀՅԴ ներկայացուցիչն էլ իր հերթին նշեց, որ միայն առկա օրենսդրությունը կիրառելով է հնարավոր պարզել իրական արդյունավետությունը. «Հասարակության շատ անդամների ձեռք է տալիս առանձին դեպքերում մտնել ստվերային համաձայնության մեջ, այդ թվում եւ հարկային, մաքսային մարմինների հետ, որովհետեւ դա իրենց համար լրացուցիչ արտոնություն, մրցակցային առավելություն է տալիս: Ես կողմ եմ, որ օրենքի ամբողջ կատարումը պետք է ապահովվի, որից կերեւան նաեւ մեր հայաստանյան շուկայում մրցակցային առավելությունները, թե որ ուղղությամբ քաղաքականություն վարել, որպեսզի առավել արդյունավետ մրցակցություն լինի: Մրցակցային դաշտ ապահովելն առաջին անհրաժեշտությունն է մեր երկրում այսօր: Այստեղ ուրիշ քննարկման հարց չկա, ոչ միայն արհեստական, այլեւ բնական մենաշնորհների պարագայում»:

Թեւանյանը երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության, կաշառակերության դեմ մաքսային համակարգում վարչարարության խստացումը համարում է անարդյունավետ, այդ քաղաքականությունը Հայաստանը վերածում է հարկապետության, որի առանցքում նեոբոլշեւիզմի քաղաքականությունն է: Ըստ նրա` իշխանությունը լցնում է բյուջեն եւ բաժանում է աղքատներին: Թեւանյանի կարծիքովՙ այն մոտավորապես նույն 17 թվականի հայտարարությունն է` հողըՙ գյուղացուն, գործարանըՙ բանվորներին, բայց ոչ գյուղացին եւ ոչ էլ բանվորը հող ու գործարան չստացան. «Հիմա մեր իշխանությունն ասում է` մենք պետք է մաքսիմալ գումարներ հավաքենք, որպեսզի բաժանենք սոցիալապես անապահով շերտերին: Դրանից առաջինը տուժում են բիզնեսմենները, երկրորդը` չինովնիկները, երբ որոշակի հնարավորություններից զրկվում են, երրորդ շերտը, որ տուժում է այդ քաղաքականությունից` սոցիալապես անապահով շերտն է: Եթե ապրանքները, ծառայությունները ավելի թանկ գնով ենք ձեռք բերում, առաջինը դա իրենց մաշկի վրա զգում են անապահով խավերը: Դա կոչվում է ինֆլյացիոն հարկ: Հիմա ո՞ւմ վրա է հիմնված կառավարության քաղաքականությունը, ո՞վ է այս կառավարության սոցիալական շերտը: Չմոռանանք, որ իշխանություններն ընդհանուր առմամբ լեգիտիմության լրջագույն դեֆիցիտ ունեն: Այդ պայմաններում իրենք շատ պարզունակ են մտածում` որպեսզի ունենանք լեգիտիմություն, մենք պետք է այդ հարուստներին, փողատերերին հարկենք մաքսիմում, խեղդենք, բերենք հարկային դաշտ, աղքատներին փողերը բաժանենք եւ ստանանք լեգիտիմություն: Այսինքն, ընտրակաշառք կոչվածը դրվում է պետական ինստիտուցիոնալ մեխանիզմների վրա»:

ԱԺ-ում շրջանառության մեջ դրված օրինագծի` պետական մոտ 300 բարձրաստիճան պաշտոնյաների` նախագահի, պատգամավորների, նախարարների եւ կառավարությանն առընթեր գերատեսչությունների ղեկավարների աշխատավարձերի բարձրացման օրենքի հեղինակ Արծվիկ Մինասյանը այդ նախաձեռնությունը փորձեց հիմնավորել, որ, օրինակ, երկրի նախագահը ստանում է 400 հազար դրամ աշխատավարձ, իսկ Վերահսկիչ պալատի նախագահը` 780 հազար դրամ. «Մենք պարտավոր ենք ճիշտն ասել հասարակությանը. մենք վարձատրելու ենք այնքան, որպեսզի հասարակության յուրաքանչյուր անդամ իր իրավունքն իրացնելիս վստահ լինի, որ այո, նախարարը 300 հազար անվանական դրամով չի կարող ապրել»: Իսկ այն հարցին, թե ո՞ր բարձրաստիճան պաշտոնյան է իր աշխատավարձով ապրում, Մինասյանը նշեց Դաշնակցության երկու նորանշանակ նախարարներին, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին:

Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե ինչու են ոչ թե աշխատավարձի հույսին մնացած մարդու առաջադրել գյուղնախարար, այլ խոշոր սեփականատիրոջ, Մինասյանը նկատեց, որ դեռ առիթ կլինի Արամայիս Գրիգորյանի աշխատանքը գնահատելու համար. «Ամենեւին պարտադիր չէ, որ եկամուտ ունեցող մարդուն չնշանակեն նախարար: Այլ բան է, որ դու ակտիվորեն չներգրավվես այդ բիզնեսում»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4