«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2008-06-06 | #108, 2008-06-07 | #109, 2008-06-10


ՀԵՆՐԻԿ ՔՈՉԻՆՅԱՆ. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆ ՈՒ ԳԻՏՆԱԿԱՆԸ

Հենրիկ Քոչինյանն այն գործիչներից է, որ մեծ ներդրում է ունեցել հայոց անկախ պետականության կայացման գործում եւ կրթության բնագավառում:Զբաղեցնելով բարձր պաշտոններՙ ՀՀ տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար, Լոռու մարզպետ, նա դրսեւորվել է որպես ղեկավարի բնատուր շնորհով օժտված անձնավորություն, ում համար մշտապես առաջնային է եղել պետության շահը: Իսկ կրթության բնագավառում, անկախ զբաղեցրած պաշտոններից, նա աշխատել է շուրջ 35 տարի: Վանաձոր տեղափոխվելուց հետո, 1998-ից մինչ այժմ դասախոսում է պետական մանկավարժական ինստիտուտում եւ Երեւանի ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում: 2004-ից պրոֆեսոր է:

2006-ի հունվարից Հ. Քոչինյանը ՎՊՄԻ-ի խորհրդի նախագահն է:

60-ամյա հոբելյանի առթիվ Հ. Քոչինյանի հետ զրուցեցինք ՎՊՄԻ-ի իր աշխատասենյակում: Նրան խնդրեցինք անդրադառնալ նախարարի եւ մարզպետի պաշտոններում աշխատած ժամանակ լուծված այն խնդիրներին, որոնք առանցքային նշանակություն են ունեցել:

- Ես տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար նշանակվեցի մեր հանրապետության համար բավականին ծանր ժամանակաշրջանում, երբ Արցախում պատերազմ էր, իսկ Հայաստանումՙ շրջափակում,- ասաց նա:- Առաջին հերթին հարկավոր էր արագ ստեղծել տրանսպորտային հաղորդակցության նոր սխեմա, քանզի այլեւս չէր գործում տրանսպորտային նախկին համակարգը: 1992-ի օգոստոսի 18-ին երկաթգիծն ամբողջությամբ դադարեց գործել. ստիպված էինք բեռները Հայաստան բերել նավովՙ Բաթումի եւ Փոթիի նավահանգիստներ, ապա ավտոշարասյունով հասցնել մեր երկիր: Սակայն նրանք էլ պատրաստ չէին եւ ծանր աշխատանք էր պահանջվում այդ ամենը համակարգելու համար: Իսկ մինչ այդ, հաճախակի էին երկաթուղու պայթեցումները հարեւան Վրաստանի տարածքում: Ավելորդ է նկարագրել, թե ի՞նչ դժվարությամբ էր վերականգնվում երկաթուղային կապը, մանավանդ որ պայթեցումները հաճախակի էին լինում: Ուզում եմ ընդգծել, որ վերականգնման գործում պատասխանատուն նախարարն էր, սակայն մեծ էր բոլորի դերըՙ մեքենավարից մինչեւ դիսպետչերը, սլաքավարն ու օժանդակ բանվորը: Բոլորը գիշեր-ցերեկ աշխատում էին:

- Դժվարին, գրեթե անհնար թվացող հարցեր էին ծագում, երբ պետք էր ֆինանսական սուղ միջոցներով ճանապարհ պահել կամ նորը կառուցել: Կառուցվել է դեպի Մեղրի ճանապարհըՙ կամրջի հետ: 1992-ի մայիսի 5-ին բացվեց Մեղրիի ժամանակավոր կամուրջը, երկու տարի անցՙ հիմնականը: Ինչո՞ւ: Որովհետեւ ռազմավարական նշանակություն ուներ եւ ճանապարհի մի թեւից կառուցվեց ճանապարհ դեպի Արցախ: Հետո կառուցվեց Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը, որն արցախյան պատերազմի տարիներին կենսական նշանակություն ուներ: Ֆինանսավորողը «Հայաստան» համահայկական հիմնադրամն էր, նաեւ հատկացումներ արվեցին պետբյուջեից: Ճանապարհների վերականգնման ծրագիրըՙ Համաշխարհային բանկի հետ, առաջինը այն ժամանակ իրականացվեց:

- Ինչո՞ւ ճանապարհը, որովհետեւ այն արյունատար անոթ է, որը նպաստում է տնտեսության բոլոր ճյուղերի զարգացմանը: Ծրագիրը շարունակություն ունեցավ «Լինսի» հիմնադրամով եւ պետբյուջեով:

- Կառուցվեցին նաեւ Աշտարակի, Դավիթաշենի կամուրջները, Երեւանում շահագործման հանձնվեց մետրոյի Շենգավիթ կայարանը: Այն ժամանակ, շրջափակման պայմաններում Ադրբեջանի տարածքով մետրոպոլիտենի 12 վագոն ենք բերել, հասցրել Երեւան, ինքնաթիռով 7 տրոլեյբուսՙ արտասահմանից:

- Պատերազմի տարիներին գազատարի եւ երկաթուղու պայթեցումները գերլարված իրավիճակ էին ստեղծում: Հարկավոր էր շատ արագ կողմնորոշվել եւ գործել: Հստակ հիշում եմՙ 1992 թվականի նոյեմբերին հացի կտրոններ էին բաժանվելու, իսկ նախորդ օրը հանրապետությունում գոնե 1 լիտր բենզին չկար: Մասնավոր մարդ ենք գտել, պարտքով 1500 լիտր բենզին վերցրել, հացաթխման մեքենաները լիցքավորել, որպեսզի գիշերը հաց թխվիՙ առավոտյան բնակչությանը բաշխելու համար: Դժվարին էր «հացի ճանապարհը» նաեւ ցորեն ներկրելիս, երբ ուղեկցում էի բեռնատարներըՙ Վրաստանից Հայաստան հասցնելու համար: Այստեղ մեծ էր նաեւ վարորդների, մյուս ուղեկցողների դերը, ովքեր առանց հապաղելու անցնում էին վտանգավոր ճանապարհներով:

- Բենզինը ստանում էինք ինքնաթիռով: Հիշում եմՙ 1993-ի Ամանորը դիմավորեցինք օդանավակայանում: Այդ ժամանակներում պահեստային վառելիքն օգտագործվում էր միայն կենսական պահանջների համար:

- «Կյանքի ճանապարհին» նաեւ լուրջ միջադեպեր են եղել: Հերթական անգամ Սադախլո գյուղով անցնելիս, երբ Հ. Քոչինյանը մեկնում էր Վրաստանՙ դիզվառելիք ներկրելու, կրակ են բացել ավտոմեքենայի վրա: Ինքը եւ վարորդը հրաշքով են փրկվելՙ արագ անցնելով կրակահերթերի միջով: Տագնապալի վիճակներ են եղել նաեւ Երեւանում:

- Եղավ մի պահ, երբ պոմպերը չէին աշխատում եւ Երեւանի Հանրապետության հրապարակն ու «Ռոսիա» կինոթատրոնի տարածքը պետք է ջրով ծածկվեին,- պատմում է Հ. Քոչինյանը:- Կարճ ժամանակում գինու գործարանի տակովՙ «Հրազդան» ստադիոնի մոտով 1100 մետր երկարությամբ թունել կառուցեցինք, որպեսզի ստորգետնյա ջրերը թափվեն գետը եւ աղետալի վիճակ չստեղծվի:

- Շատ կարեւոր եմ համարում Իջեւան-Բերդ տարանցիկ ճանապարհի կառուցումը, որը հողային էր, հիմա ասֆալտապատում են, նաեւ Լորուտ-Նոյեմբերյան ճանապարհը, Իջեւան-Ջուջեւան ռազմավարական ճանապարհը: Այդ տարիներին Մեղրիի լեռնանցքը ոչ մի օր չի փակվել: Հակառակ դեպքում սննդամթերքի ներկրումն անհնարին կդառնար: Այդ տարիներին տրանսպորտային փոխադրման հետաքրքրական սխեմա կազմեցինքՙ Ռուսաստան-Կասպից ծով-Իրանի նավահանգիստ, այնտեղից երկաթգծով Ջուլֆա, այնտեղից մեքենայով դիզվառելիքՙ Հայաստան: Այս ամենը ոչ միայն Հայաստանի համար էր, այլեւ Արցախի, որտեղ պատերազմի ժամանակ դիզվառելիք շատ էր անհրաժեշտ: Մարզպետական գործունեության ժամանակահատվածի համար Հենրիկ Քոչինյանը կարեւորում է դպրոցաշինությունը:

- Խնդիրը լոկ շենք կառուցելը չէ: Այնպես պետք է անել, որ կրթության համակարգը չկործանվի,- ասաց նա:- Մեր ժողովրդի ապագան հիմնավոր կրթության մեջ է: Կիրթ մարդիկ բոլոր դժվարությունները հեշտությամբ կարող են հաղթահարել:

Իմ պաշտոնավարման ընթացքում շուրջ 108 դպրոց է կառուցվել եւ հիմնանորոգվել: Հետո արդեն եկավ ժամանակ, որ սկսեցինք կառուցել մարզադահլիճներ, մշակույթի օջախներ: Հոգեբանական առումով շատ կարեւոր է մշակույթի օջախների վերականգնումը, որի վկայությունն է Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը: Արդյունաբերական ձեռնարկությունների գործարկումը եւս մեծ խթան էր բնակչության սոցիալական լարված վիճակը մեղմելու առումով: Չնայած ձեռնարկությունները մասնավոր սեփականություն են, սակայն շատ կարեւոր է պետական պաշտոնյաների աջակցությունը: Դիմել ենք ՀՀ նախագահին, վարչապետին, կառավարությանը, սեփականատերերի համար գործընկերներ փնտրել: Բնակարանաշինությունը նույնպես կարեւոր եմ համարում, որն իրականացվել էՙ եղած հնարավորություններն առավելագույնս օգտագործելով: Միշտ պայքարել եմ, որ անօթեւանների հաշվառումը ճիշտ եւ օբյեկտիվ անցկացվի, որեւէ մեկը հերթացուցակից դուրս չմնա:

- Այս հարցն, իհարկե, կարելի է լուծված համարել, երբ մարզում մինչեւ վերջին անօթեւան ընտանիքը բնակարան ունենա:

- Պետության կայունությունն ու ամրությունը թիվ 1 խնդիրն եմ համարում, քանզի այն, ինչ ձեռք ենք բերել անցած 17 տարում, կարող ենք 17 ակնթարթում կորցնել: Կարծում եմ, որ մանկավարժը, մանկապարտեզում, դպրոցում, թե բուհում, խնդիր ունի գիտելիքներ հաղորդելուց զատ, լիարժեք քաղաքացի դաստիարակել: Մենք շատ լավ սերունդ ունենք, որին պետք է ճիշտ ճանապարհի վրա կանգնեցնել: Ես հավատում եմ, որ 5-10 տարի հետո Հայաստանը կլինի զարգացած եւ բարեկեցիկ երկիր: Հենրիկ Քոչինյանը իրեն երջանիկ մարդ է համարում. ունի լավ ընտանիքՙ մայրը, կինը, երկու որդիները, թոռնիկները, եղբայրներըՙ իրենց ընտանիքներով: Ավագ որդինՙ Արտակը, ծառայում է ազգային անվտանգության համակարգում (փոխգնդապետ է), իսկ կրտսերըՙ Սահակը, Երեւանի պետհամալսարանի բակալավրիատն ավարտելուց հետո ծառայում է հայոց բանակում: Ուսումը կշարունակի ծառայությունն ավարտելուց հետո:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4