Նշում են ոլորտի տեղական պատասխանատուներն ու միջազգային ներկայացուցիչները
Փոստային կապի ոլորտին առնչվող միանգամից երկու միջոցառում երեկ տեղի ունեցավ Երեւանում: «Հայփոստ» ընկերությունը Համաշխարհային փոստային միության հետ համատեղ կազմակերպել էր սեմինարՙ նվիրված փոստային կապի ոլորտում մարկետինգի զարգացմանը, որից հետո տեղի ունեցավ կապի տարածաշրջանային համագործակցության հանձնաժողովի եւ փոստային ցանցի օպերատորների համատեղ նիստը:
Սեմինարը նախագահող «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հանս Բոնը այն կարծիքը հայտնեց, որ նման սեմինարներն ու համատեղ նիստերը նպաստում են փոստային կապի ոլորտում գործող ընկերություններին զարգացնելու համագործակցությունը, ուսումնասիրելու եւ կիրառելու լավագույն փորձը:
Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Վրույր Առաքելյանը, որին, ի դեպ, «Հայփոստը» ժամանակին մեղադրում էր մինչ ընկերության հավատարմագրային կառավարումը չարաշահումներ կատարելու մեջ, ինչը մինչ այժմ էլ հայտնի չէ, թե ինչով ավարտվեց մոռացած անցյալում եղածը` նշեց, որ Հայաստանում փոստային ծառայությունը զարգանում է այն պայմաններով, որոնք սահմանվել էին Հայաստանի կառավարության հետ կնքած «Հափոստը» հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագրով: Ըստ փոխնախարարի, ծառայություններն այստեղ համապատասխանեցվում են միջազգային չափանիշներին, թեեւ որակյալ կադրերի պակաս ունենք:
Համաշխարհային փոստային միության ներկայացուցիչ Ռաքել Ֆերարին նույնպես ընդգծեց, որ «Հայփոստում» հաջողությամբ բարեփոխումներ են կատարվում, որոնց իր ներկայացրած կազմակերպությունը փորձում է ուղղություն տալ:
Ա. Մ.