«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2008-06-10 | #110, 2008-06-11 | #111, 2008-06-12


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԱՆՀԵՌԱՆԿԱՐ ՀԵՌԱՆԿԱՐԸ, ԼՂՀ ԱՆԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Երեւան-Բաքու-Մոսկվա հեռուստակամուրջ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մոտ ապագայում հնարավոր չէ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգյան վերջին հանդիպումն էլ առաջընթացի ոչ մի ակնկալիք չի բերել, իսկ բանակցային գործընթացի հիմնական երկու բաղկացուցիչներից առաջինը` խաղաղության պահպանումը մնում է հիմնական կրողը ինչպես բանակցային գործընթացի բովանդակության, այնպես էլ գործնականում դրա նշանակության:

Թերեւս այս էր այն ընդհանրականը, որ կարելի էր դուրս բերել «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում երեկ տեղի ունեցած Երեւան-Բաքու-Մոսկվա հեռուստակամրջից, որի քննարկման թեման հունիսի 6-ին Պետերբուրգում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման արդյունքներն էին, նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլն ու հեռանկարները, կողմերի դիրքորոշումները մոտեցնելու անհրաժեշտ քայլերն ու Ռուսաստանի դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում:

Մոսկվան ներկայացնում էին քաղաքագետներ Սերգեյ Մարկեդոնովը եւ Ալեքսանդր Սկակովը: Երեւանից քննարկմանը մասնակցում էին քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը եւ Ազգային դեմոկրատական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը: Բաքվից հեռուստակամրջի աշխատանքներին մասնակցում էին պատգամավոր Ասիմ Մոլազադեն, քաղաքագետներ Էլդար Իսմայիլովը եւ Ֆիկրետ Սադիխովը:

Սկզբնապես, Մարկեդոնովի ներկայացմամբ, Սերժ Սարգսյանը նոր մարդ չէ ղարաբաղյան հակամարտությունը ճանաչելու առումով, ու չնայած դրան, վերջին մի երկու տարվա ընթացքում հետընթաց է արձանագրվում սահմանին ավելի հաճախակի հնչող կրակոցների, նաեւ այս տարվա մարտին ադրբեջանական կողմի հարձակման կտրվածքով: Հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանի ղարաբաղցի լինելու հոլովույթում Բաքվից նախ նրան որակեցին որպես ադրբեջանցի կոմունիստական գործչի, ինչին Երեւանից արձագանքեցին Հեյդար Ալիեւին սովետական գործիչ որակելով:

Հանուն արդարության պետք է նշել, որ ոչ Երեւանից, ոչ էլ առավել եւս Մոսկվայից հնչող կարծիքները պրոպագանդիստական մոտեցումներով չէին արտահայտվում, ավելին, բնավ էլ պետական հայեցակարգային ու նման գեղեցիկ կատեգորիաների բնագավառից չէին, այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը ներկայացնող երկու քաղաքագետներն ու Միլլի մեջլիսի պատգամավորն ավելի շուտ պետական պրոպագանդային ջատագով էին, քան նորմալ ու արդյունավետ քննարկման: Եվ որքան էլ տարօրինակ թվա, ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին կարծես առավել մտահոգում էին հայկական իրականության ներքաղաքական որակումներն ու դրանց տրվող գնահատականները` փոխանակ սեփական երկրում մարդու իրավունքների ու ազատությունների վերաբերյալ անհանգստության:

Ինչեւէ, Ասիմ Մոլազադեն ադրբեջանական մոտեցման ավանդական դարձած «օկուպացված տարածքներ, առավելագույն ինքնավարություն, բանակցությունների իմիտացիա հայկական կողմի մեղքով» եւ այլ ձեւակերպումներից դենը չգնաց: Առավել հետաքրքրական է, որ հեռուստակամրջի սկզբում «վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է» բարձրաձայնող Մոլազադեն ավելի շուտ քննարկման ընթացքում կարծիք հայտնեց, թե պատերազմի մասին չեն հայտարարում, այլ սկսում են, իսկ այդ համատեքստում էլ Ադրբեջանը զարգանում է արագընթաց քայլերով:

Ռազմատենչ հայտարարությունների համար, ըստ հեռուստակամրջի մասնակից Ֆիկրետ Սադիխովի, պարզվում է, Ադրբեջանը հիմքեր ունի, քանի որ այն իրավիճակում, որում հայտնվել է Ադրբեջանը, դա եւս միջոց է: Իր մնացյալ խոսքում Սադիխովն այնքան տիպիկ ադրբեջանական էր, որ ռացիոնալությունը տվյալ դեպքում հեռու էր մնացել քաղաքագետից` ներկայացնելով դասական իդեոլոգի:

Ալեքսանդր Իսկանդարյանի մատուցմամբ, 1994-ից հետո պատերազմի բացակայությունը բնավ էլ այդպիսին չէ, քանի որ այն շարունակվում է այլ հարթություններում` քարոզչությունից մինչեւ շրջափակում: Ընդհանրացնելու դեպքում ստացվում է, որ Ադրբեջանը ցանկանում է վերադառնալ պատերազմից առաջ եղած վիճակին, հայկական կողմը ցանկանում է պահպանել առկա իրավիճակը: Խոսելով ադրբեջանական այն փաստարկի մասին, թե միջազգային իրավունքի որ եւ ինչ կիրառության սկզբունքով է ղարաբաղյան հարցը կարգավորելի` Իսկանդարյանը նշեց, որ այս հակամարտությունը չի սկսվել միջազգային իրավունքի շրջանակներում, այլ դեռեւս Սովետական Միության տարիներին, այդ իսկ պատճառով կարգավորումը հնարավոր է ոչ այնքան իրավական, որքան քաղաքական դաշտում:

Ավելի ուշ քննարկման ընթացքում Բաքվից հնչած այն տեսակետների առնչությամբ, թե հայկական երկու պետության գոյությունն իրողություն չի կարող լինել, Երեւանից հակադարձեցին ոչ միայն Կոսովոյի, այլեւ արաբական երկու տասնյակ երկրների գոյության փաստով: Ավելացնենք, որ հենց Ադրբեջանը Թուրքիայի հետ մեկ ազգի երկու պետություն ունենալու ոչ հեռու օրինակ է:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում միջնորդական առաքելություն իրականացնող Մինսկի խմբի աշխատանքի առնչությամբ Ալեքսանդր Սկակովը կարծիք հայտնեց, թե ՄԽ համանախագահների` տարբեր առիթներով արտահայտվող լավատեսությունն ավելի շուտ սեփական դերը կարեւորելու եւ աշխատանքը արդարացնելու փորձ է, քան ռեալ լավատեսություն:

Այստեղ կրկին կարեւորվում է խաղաղության պահպանման նշանակությունը, թեեւ, մյուս կողմից, բանակցություններն առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության չեն կարող հասնել որեւէ արդյունքի: Սկակովի համար անհասկանալի է ադրբեջանական կողմի` ԼՂ-ն ներգրավելուն դեմ արտահայտվելու մոտեցումը: Սկակովն ընդգծեց մի հանգամանք, որ թերեւս գնալով շատ ավելի մեծ նշանակություն ու ազդեցություն կունենա: Խոսքն արդեն իսկ անկախ ապրող Ղարաբաղում եւ հարեւան երկրներում մեծացող սերնդի հարցին է վերաբերում, որը նոր իրողություններով է մեծացել, նոր պայմաններում եւ անցյալի իրականությանը վերադարձնելու փորձերի դեպքում կարող են շատ ավելի լուրջ խնդիրներ առաջանալ:

Շավարշ Քոչարյանի խոսքերով, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում երկու բաղկացուցիչներից խաղաղության պահպանումը իրագործվում է, իսկ կարգավորման բաղկացուցիչը չի կարող իրականությանը մոտենալ, քանի դեռ բանակցային կողմ չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ընդ որում, Քոչարյանի ներկայացմամբ, խաղաղության պահպանումն էլ հնարավոր է դարձել այն հիմքով, որ 1994 թվականի զինադադարի համաձայնագրի տակ դրված է նաեւ ԼՂՀ ներկայացուցչի ստորագրությունը:

Մնացյալից թերեւս հետաքրքրական էր, որ Բաքվից մասնակից լրագրողները փորձում էին հասկանալ, թե ինչու Ղարաբաղի դեպքում կիրառելի չէ Թաթարստանի լայն ինքնավարության օրինակը: Սրան ի պատասխան Սերգեյ Մարկեդոնովը պարզաբանեց, որ այլ են իրողությունները: Թաթարստանը շատ ու շատ հանգամանքներով է տարբերվում Ղարաբաղի իրականությունից, քանի որ չի եղել եռամյա պատերազմ, զինված ուժեր չկան, Թաթարստանը չի հայտարարել Ռուսաստանի կազմից դուրս գալու մասին եւ այլն:

Որպես ամփոփում նման եզակի քննարկման հնարավորության դրսեւորած որակումների` մեջբերենք Ալեքսանդր Իսկանդարյանի միտքը, թե անգամ այսօրինակ իրավիճակում «ֆուտբոլ պետք չէ խաղալ», երբ ավելի շուտ կարեւորվում են միմյանց հակահարված տալու կարողությունները, մինչդեռ քննարկումը անարդյունավետ է մնում թեկուզ հայտնի իրողությունների դեպքում նույնակարծիք չլինելու առումով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4