«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2008-06-10 | #110, 2008-06-11 | #111, 2008-06-12


ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ` ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄՈՎ

Որ տարածքային անհամաչափություններն այսօր Հայաստանի տնտեսական զարգացման լուրջ խոչընդոտ են դարձել, երեկ եւս մեկ անգամ փաստեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Ի՞նչ անելիքներ ունի կառավարությունը տարածքային հավասարաչափ զարգացման առումով. փոխվարչապետ Գեւորգյանը նախատեսում է գործընթացն սկսել Գյումրի քաղաքից` հետագայում փորձը տարածելով հանրապետության այլ քաղաքներում: Գյումրիում այսօր կկայանա կառավարության առաջին արտագնա նիստը: Բազմաթիվ նամակներին, սոցիալապես անապահով խավերի խնդիրներին լուծում տալու համար նախարարը հենց առաջին հերթին նպատակահարմար է գտել անցկացնել արտագնա նիստեր` Շիրակի, Վայոց ձորի, Արագածոտնի մարզերում:

Դեռեւս 88-ի երկրաշարժից տուժած բազմաթիվ ընտանիքներ Գյումրիում այսօր էլ ապրում են երկաթյա տնակներում, իսկ հարակից գյուղական համայնքները լուրջ ուշադրության կարիք ունեն թե հողօգտագործման աշխատանքներ տանելու եւ թե՛ ոռոգման ջրից օգտվելու հարցերում: Կառավարության նախատեսած ծրագրով շոշափելի արդյունք պետք է ապահովվի շուրջ 750 հազար հոգու կամ գյուղական բնակչության 75 տոկոսի համար` կրճատելով աղքատության մակարդակը եւ ավելացնելով տարեկան եկամուտները: Գյուղական աղքատության կրճատմանը մեծապես օժանդակելու է ԱՄՆ հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի (ՀՄԿ) ֆինանսական աջակցությունը: Նախարարը տարածքային համաչափ զարգացման օրինակ բերեց Դիլիջանում ֆինանսական կենտրոն ստեղծելու գաղափարը, սակայն ֆինանսական կենտրոն դառնալուն զուգահեռ պետք է նկատենք, որ գյուղական աղքատության կրճատման համար Հայաստանը աջակցություն է ստանում օտարերկրյա ֆինանսական կենտրոններից: 67 միլիոն դոլարի առանձին ծրագրով նախատեսվում է վերականգնել 943 կիլոմետր գյուղական ճանապարհներ: 146 միլիոն դոլարի մեկ այլ առանձին ծրագրով նպատակ է դրված բարձրացնել մոտ 250 հազար ֆերմերային տնտեսությունների արտադրողականությունը` բարելավելով ջրամատակարարումը, բերքատվությունը, բարձրարժեք բերքի մշակումը եւ գյուղատնտեսական ոլորտի մրցունակությունը:

2008-12-ը կիրականացվեն խմելու եւ ոռոգման ջրի համակարգերի երկարաժամկետ ներդրումային ծրագրեր: ՀՀ պետական բյուջեի եւ միջազգային դոնոր կազմակերպություններից ֆինանսավորվող վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի շնորհիվ կապահովվի կայուն ջրամատակարարում:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4