«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2008-06-10 | #110, 2008-06-11 | #111, 2008-06-12


ՓՈՐՁՙ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՉՔԵՐԻՆ ՆԱՅԵԼՈՒ

Հետընտրական Հայաստանը ընտրություններից ամիսներ անց, ցավոք, դեռ հետընտրական է մնում: Դա նշանակում է, որ ընտրություններն ու դրանց հաջորդածՙ ողբերգությամբ ընդհատված դեպքերը հարցեր են առաջացրել հասարակությունում, որոնք չնկատելը կամ «չնկատելը» ընդամենը հետաձգում է օրը, երբ հարկ կլինի պատասխանել նույնիսկ ամենատհաճ հարցերին: Ու ժամանակն այս դեպքում ոչ մեկի օգտին չի աշխատում, այլ ավելի է բարդացնում-խճճում իրավիճակը: Խնդրի լուծման տարբերակ չէ նաեւ այդ հասարակության մի (մեծ թե փոքր, էական չէ) հատվածին չնկատելը կամ նրա դժգոհությունները լուրջ կամ ուշադրության անարժան համարելը:

Հայաստանյան, ավելի շատՙ մայրաքաղաքային կյանքը «հետընտրական» պիտակից ազատելու, նորմալ հունի մեջ դնելու, օդում կախված սպասողական վիճակին վերջ տալու համար օր առաջ կտրուկ, վճռական ու ամենակարեւորըՙ անկեղծ միջոցներ է պետք ձեռնարկել: Առաջին հերթինՙ իշխանությունները: Առաջին հերթինՙ իշխանություններին օրինական չհամարողները: Այսինքն, սա այն դեպքն է, երբ առաջինը լինել պարտավոր են երկու կողմն էլ: Ու պետք չէ կարծել, թե ինչ-որ մեկի հեղինակությունը դրանից կտուժի:

Հասարակության երկփեղկվածությունից, բարիկադի հակառակ կողմում գտնվելու մասին շատե՛րն են խոսում, շա՛տ են խոսում, շա՛տ տեղերում են խոսում, բայց ոչ մի ռեալ քայլ չի արվումՙ ընդհանուր որեւէ հայտարարի գալու, խորթության եւ թշնամանքի պատը եթե ոչ քանդելու, գոնեՙ որոշ չափով ցածրացնելու, մարդկանց, ովքեր դեռ երեկ ուղղակի հայրենակիցներ էին, թշնամու ճամբարի անդամ չհամարելու համար: Երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ սեփականից բացի կարող են նաեւ այլ կարծիք ու դրան հետեւող լինել, եւ բնավ պարտադիր չէ, որ համակարծության հականիշը թշնամանքն ու անհանդուրժողականությունը լինեն:

Երկու կողմում էլ լիդերներ կանՙ պաշտոնական, ընդունված կամ այդպիսին համարվող: Երկու կողմն էլ համակիրներ ունեն, ու կարեւոր էլ չէ, թե համակրանքն այդ անկեղծ-անշահ ու առանց ակնկալիքների է, թե՞ ոչ: Երկու, ու ցավոքՙ հակամարտող կողմերում էլ մենք ենքՙ Հայաստանի Հանրապետության, քիչ է ասելՙ բազմաչարչար քաղաքացիները: Երբեւէ շարքային մահկանացուներս կհասկանա՞նք, որ «վերեւներում»ՙ լինի իշխանական, ընդդիմադիր թե «պսեվդոընդդիմադիր», ուշքները չի գնում օր առաջ շարքային հարկատուի շահերը պաշտպանելու կամ կացութաձեւը բարելավելու համար, որ «միասնականություն», «համախմբում», «հայրենասիրություն», «պետականամետություն», «ավազակապետություն» ու էլի այդպիսի մի շարք բառերը լոկ բառեր ենՙ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր առաջնորդների եւ «առաջնորդիկների» կողմից մեզՙ հասարակ մահկանացուներիս մտքերն ու արարքներն ուղղորդելու համար այնպես, ինչպես իրենց է ձեռնտու: Ու հենց այդ պահին: Մի քիչ տխուր, մի քիչ էլ ցինի՞կ է ստացվում: Ինչ արած, իրականությունը միշտ մի քիչ չի համապատասխանում մեր պատկերացրածին, նաեւ այն պատճառով, որ ինքնախաբկանքը տեւական ու խաբկա՛նք դարձնելու համար թե՛ իշխանության ձգտողները, թե՛ այն պահպանել ցանկացողները ջանք ու եռանդ չեն խնայում:

Կգա երեւի մի ժամանակ, երբ հայրենասիրություն, ժողովրդավարություն, համերաշխություն եւ այդ կարգի բառերը տխուր ժպիտ չեն առաջացնի ՀՀ քաղաքացիների մեջ: Կգա երեւի մի ժամանակ, որ շատ ավելի բարոյական մի արժեքային համակարգ կունենանք, երբ ամբոխահաճությունը չենք շփոթի ժողովրդասիրության, դաժանությունըՙ պահանջկոտության, անկրթությունըՙ անմիջականության հետ: Կգա այդ ժամանակը: Իսկ առայժմ... Իսկ առայժմ ձեւակերպենք ինքներս մեզ համարՙ «Իմ կարծիքը չպաշտպանողը ՊԱՐՏԱԴԻՐ չէ, որ ինձ թշնամի լինի»:

ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4