Իր տեսակետները ներկայացրեց Ժիրայր Սեֆիլյանը
«Արցախի տարածքային մոտեցումների հարցում մենք ունենք տարաձայնություններ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Միաժամանակ գտնում ենք, որ այդ մարդը Արցախ ծախող չէ: Բանակցային մոտեցումներում եթե զիջման ինչ-որ էլեմենտներ կան, դա չի նշանակում, որ նա Արցախն է ծախում: Այդ մարդը երբեք չի ասել, որ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Բայց հակառակորդը լկտիաբար ասում է, որ Լեւոնը Արցախը ծախում է», երեկ «Ուրբաթում» «Ազգի» հետ զրույցում ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:
Իսկ «Ազգի» այն հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ Շուշիի ազատամարտիկ հերոսը որոշեց պաշտպանել Լեւոն Տեր-Պետրոսյանին, երբ Ղարաբաղի գրավյալ տարածքների հարցում տարբեր գաղափարական մոտեցումներ են ունեցել, Սեֆիլյանը փորձեց այսպես պատասխանել. «Կարող եմ ասել, որ ձեւավորված համաժողովրդական շարժման խնդիրը Լեւոնին նախագահ բերելու մեջ չէ: Արդեն մենք պետականության կորուստ ունենք. վերականգնման խնդիր ունենք. այսօր ավգյան ախոռները մաքրելու հարցն է, որի մեջ արցախյան հարցը չի մտնում: Նախ եկեք վերականգնենք դատական համակարգը, իրավական համակարգը: Առաջին խնդիրը ընդդիմության ձեւավորման մեջ դա է: Ինչ վերաբերում է տարաձայնություններին, ապա առողջ մթնոլորտում կբանավիճենք Լեւոնի հետ, այսօր դա հնարավոր չէ: Պետականության մասին պետք է մտածել, պայմաններ պետք է լինեն, որից հետո մենք մեր համակիրներով, մեր ժողովրդով Լեւոնին կպարտադրենք մեր տարբերակը»:
Հունիսի 9-ին բանտից ազատ արձակված Ժիրայր Սեֆիլյանը երեկ իր առաջին ասուլիսն էր տալիս: Նախ եւ առաջ հավաքվածները ծափողջույններով դիմավորեցին Արցախի հերոսին: Սեֆիլյանը հայտնեց, որ իր հանդեպ ապօրինի իրականացված մեկուկես տարվա պատժաժամկետը քաղաքական հետապնդում էր: Նաեւ նշեց, որ բոլոր նրանք, ովքեր հրահանգել են, իրականացրել են այդ ապօրինությունը պատասխանատվության են ենթարկվելու. «Որ ասում եմ, թե պետք է պատասխան տան այդ բոլորըՙ պատվիրատուից մինչեւ ամենափոքր չինովնիկը, ես չեմ ասում որպես անձնապես վիրավորված կամ վրեժխնդրության զգացողություն ունեցող: Տարիներ ի վեր ես վրեժխնդրության զգացողությունից ազատվել եմ, որովհետեւ դա մարդուն միայն թուլացնում է: Այդ ազգանունները բոլորն իմ մոտ կան, մեր գործի հետ ովքեր ինչ առնչություն են ունեցել: Եվ գալու է օրը, որ բոլորը օրենքի առաջ պատասխան են տալու»:
Հարցին, թե ի՞նչ կանի Սեֆիլյանը, եթե գործընթացը վերսկսվի եւ իրեն արտաքսեն Հայաստանից, պատասխանեց, որ եթե բռնի կերպով նստեցնեն օդանավ եւ արտաքսեն, ապա ինքը սփյուռքում կարճ ժամանակ գտնվելու պահը կօգտագործի հայ համայնքներում Հայաստանի մասին իրազեկելու, առկա իրավիճակի մասին ճշմարիտ տեղեկություն տալու համար: Ամեն ինչ կանի սփյուռքի ներուժը հայրենիքՙ համաժողովրդական շարժման աջակցությանն ուղղելու համար: Սեֆիլյանը ընդգծեց, որ ինքը խոսում է արտաքսման դեպքում սփյուռքում կարճ ժամանակ մնալու մասին, քանի որ ինքը չի պատրաստվում հեռանալ հայրենիքից, եւ եթե իրեն դռնից հանեն, ապա ինքը պատուհանից կմտնի:
Սեֆիլյանի խոսքով, եթե մարտի 1-ին ընդդիմության ղեկավարը ժողովրդին կոչ աներ ալիք բարձրացնել եւ սրբել իշխանությանը, ապա կասկած պետք չէ ունենալ, որ հենց այդպես էլ կլիներ, քանի որ մեծ բազմություն էր հավաքված Ֆրանսիայի դեսպանատան մոտ եւ այդ մարդիկ վճռական էին. «Այդ օրը հնարավոր էր իշխանափոխություն կատարել, բայց դրա գինը շատ թանկ էինք վճարելու: 10 զոհի փոխարեն կունենայինք 110 զոհ»:
Սեֆիլյանը անդրադարձավ նաեւ հայկական բանակի ներկայիս բարոյահոգեբանական վիճակին եւ նշեց, որ տասը տարուց ավելի իր վերաբերմունքը բացասական է եւ կապ չունի իր ազատազրկման, քաղաքական հայացքների հետ. «Այն, որ ձերբակալում են ազատամարտիկներին, անկասկած ազդում է հայ զինվորի բարոյահոգեբանական վիճակի վրա»:
«Ազգի» այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Սեֆիլյանը Տեր-Պետրոսյանի այն քայլը, որ դրսեւորվեց ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հանրահավաքի ձեւով, փորձեց այսպես պատասխանել. «Քանի որ ապրիլի 24-ը զուգադիպեց հետմարտիմեկյան ժամանակահատվածին, ժողովրդի մեջ ազատ քայլի, ազատ խոսքի դրսեւորման մղում կար. ես դրա մեջ խտրականություն չեմ դնում, ժողովրդի երկու մասի բաժանում չեմ տեսնում, ես դրա մեջ բացասական արդյունք չեմ տեսնում»:
Անդրադառնալով նաեւ «Արաբոյի» ջոկատի անհետ կորածների խնդրին` Սեֆիլյանը ներկայացրեց իր կարծիքը. «Ես կարծում եմ, հնարավորություն կա վերաթաղում կազմակերպելու. շատ ցավալի էր այդ լուրը: Նախաքննություն պետք է անցկացվի եւ այդ օրերի մարտակերտյան ճակատի հրամանատարությունը պետք է պատասխան տա. ովքեր եղել են ղեկավարները, պետք է պատասխան տան: Ապիկարությունը, որ դրսեւորվեց այդ ժամանակ աջ թեւում, ես էլ եմ մասնակցել այդ մարտին, ձախ թեւում, Մարտակերտի շրջանը 3 օրվա մեջ հանձնել են թուրքին, եւ ոչ մի ղեկավար պատասխանատվության չենթարկվեց: Այսօր էլ ուշ չէ, իմ կարծիքով, պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ