«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2008-06-12 | #112, 2008-06-13 | #113, 2008-06-14


ԱՌԱՋԱՏԱՐԸ ԼԵԿՈՆ Է

Շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարում երեկ կայացան 4-րդ եւ 5-րդ տուրերի հանդիպումները: 4-րդ տուրում միմյանց հետ մրցեցին Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը, որոնք մոտ ընկերներ են: Գաբրիելը հաճախակի է օգնում Արոնյանին տարբեր մրցաշարերում: Նրանց երեւանյան մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի: Երկու պարտիաներում էլ մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին:

Անհաջողությունները հետապնդում են Վլադիմիր Հակոբյանին, որը դեռեւս հաղթանակ չի տոնել: Բորիս Գելֆանդի հետ երկու պարտիաներում էլ հայ շախմատիստը պարտվեց: Տուրը հաջող էր Պետեր Լեկոյի համար, որը 1,5-0,5 հաշվով հաղթելով Մայքլ Ադամսին, 5 միավորով գլխավորեց աղյուսակը: Նույնպիսի հաշվով Բու Քսյանջին պարտության մատնեց Ալեքսանդր Մորոզեւիչին:

Մի փոքր հանգստանալուց հետո շախմատիստները կրկին խաղասեղանների շուրջը նստեցին` անցկացնելով 5-րդ տուրի հանդիպումները: Այս անգամ մրցակիցներ էին Հակոբյանն ու Սարգսյանը: Առաջին պարտիայում մրցակիցները 23-րդ քայլին հաշտություն կնքեցին: Երկրորդում ոչ-ոքի գրանցվեց 19-րդ քայլում: Լեւոն Արոնյանը սպիտակներով 56-րդ քայլին առավելության հասավ Ալեքսանդր Մորոզեւիչի նկատմամբ: Երկրորդ պարտիան 21-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի:

Բավական երկարատեւ պայքարից հետո 87-րդ քայլին Բու Քսյանջին պարտության մատնեց Ադամսին: Երկրորդ պարտիան 64-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Լեկոն շարունակեց հաղթարշավը` 1,5-0,5 հաշվով պարտության մատնելով Գելֆանդին: Այդ հաջողության շնորհիվ Լեկոն վաստակեց 6,5 միավոր եւ պահպանեց առաջատարի դիրքը: Նրան կես միավորով է զիջում Արոնյանը: Սարգսյանն ունի 5,5 միավոր, 5-ական միավորով հաջորդ տեղերում են Գելֆանդն ու Քսյանջին, որոնց հաջորդում են Մորոզեւիչը` 4,5 եւ Ադամսը` 4: 3,5 միավորով աղյուսակը եզրափակում է Հակոբյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4