Երեկ «Տեսակետ» ակումբում հյուրընկալվել էին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենն ու պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Վերջինս արձակուրդն անցկացնում է հարազատ օջախում եւ շուտով մեկնելու է Դանիաՙ «Ռանդերսի» կազմում նախապատրաստվելու նոր մրցաշրջանին:
Յան Պոուլսենը նշեց, որ արդեն 4,5 ամիս Հայաստանում է, որտեղ աշխատելն ու բնակվելն իրեն հաճելի է: Այդ ընթացքում նա հասցրել է ծանոթանալ հավաքականի ֆուտբոլիստներին եւ աստիճանաբար ձեւավորվում է կոլեկտիվի կորիզը: Հավաքականի անցկացրած խաղերից նա առանձնացրեց Ղազախստանի, Մոլդովայի եւ Հունաստանի ընտրանիների հետ հանդիպումները: Նա մեկ անգամ եւս ընդգծեց, որ Հայաստանի հավաքականին դժվարին մրցակիցներ են բաժին ընկել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Իսպանացիները շատ ուժեղ մրցակիցներ են, ինչն ապացուցում են Եվրոպայի առաջնությունում: Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստներն էլ ֆիզիկապես ուժեղ տղաներ են: Բայց չնայած դրան, ըստ Պոուլսենի, հարկավոր է մրցակիցների դեմ ներդնել բոլոր ուժերը, կոլեկտիվ խաղ ցուցադրել, որպեսզի դրական արդյունքի հասնեն: Գլխավոր մարզիչը հաջող է համարում բրազիլացի Մարկոսի նորամուտը հավաքականում: Սակայն ըստ նրա, դեռեւս ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի բրազիլացին հարմարվի հավաքականի խաղաոճին: Բացի այդ էլ, նա պետք է բարելավի ֆիզիկական պատրաստությունը:
Իսկ ահա թե ինչպիսի՞ն է Պոուլսենի կարծիքը Եվրոպայի առաջնության մասին. «Առաջնությունը բավական հետաքրքրական պայքարում է ընթանում, նույնիսկ Ավստրիայի եւ Շվեյցարիայի հավաքականները լավ խաղացին ու լուրջ դիմադրություն ցույց տվեցին մրցակիցներին: Որոշակի անակնկալ էր խորվաթների հաղթանակը գերմանացիների նկատմամբ: Իմ կարծիքով, չեմպիոն դառնալու լավ հնարավորություն ունեն պորտուգալացիները, որոնք լավ կազմակերպված խաղ են ցուցադրում, ունեն վառ անհատականություններ: Իսպանացիները մշտապես հաղթողի հավակնորդների թվում են, շատ լավ տպավորություն թողեցին ռուսների հետ խաղում, շատ ուժեղ կազմ ունեն: Տպավորիչ է նաեւ ֆիզիկապես հզոր Հոլանդիայի հավաքականի ելույթը: Չեմպիոնի կոչման հավակնորդներից չպետք է անտեսել նաեւ ակտիվ խաղ ցուցադրող խորվաթներին»:
Ռոբերտ Արզումանյանը տեղեկացրեց, որ դանիական թիմում իր գործերը նորմալ են ընթանում: Նրա կարծիքով, այսօր Հայաստանի հավաքականի շատ խաղացողներ կարող են հաջողությամբ հանդես գալ եվրոպական թիմերում, նույնիսկ իրենց վարպետությամբ գերազանցում են դանիացիներին: Արզումանյանի կարծիքով չեմպիոնի հավակնորդը Իսպանիայի ընտրանին է: Բացի իսպանացիներից, նրան հոգեհարազատ է նաեւ Պորտուգալիայի հավաքականի խաղաոճը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ