Եթե զուտ շրջանավարտների թվաքանակից ելնենք, ապա այս տարի Արցախի հանրակրթարանների շրջանավարտները, որոնց թիվը շուրջ 1800 է, բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն ստանալու լավագույն հնարավորություն ունեն: Համաձայն 2008-2009 ուսումնական տարվա համար Արցախի պետհամալսարանում մասնագիտությունների նախատեսված ցանկի, առկա եւ հեռակա ուսուցմամբ հատկացված է 1205 տեղ: Եվս 60 տեղ է հատկացված հայաստանյան բուհերում սովորելու համար: Միեւնույն ժամանակ, չի բացառվում, որ արդեն իսկ այս տարվանից ՀՀ որոշ բուհերի մասնաճյուղեր կբացվեն Ղարաբաղում: Այս կապակցությամբ, մասնավորապես, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂՀ կառավարության եւ Երեւանի գյուղատնտեսական ակադեմիայի միջեւ:
ԼՂՀ-ում գործող 5 պետական քոլեջներում սովորելու համար հատկացված է 322 տեղ (առկա եւ հեռակա ուսուցմամբ), իսկ երկու արհեստագործական ուսումնարաններում սովորելու հրավեր կստանան 385 հոգի: Այսպիսով, բոլոր հաստատություններում նախատեսված տեղերի համախումբ քանակը կազմում է 1982 տեղ: Եվ սա դեռ բոլորը չէ, Ղարաբաղում գործում է նաեւ 7 մասնավոր բուհ, որից միայն երեքն ունի պետական արտոնագիր:
Ընթացիկ տարվա փետրվար ամսին ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության լիցենզավորման ու հավատարմագրման ծառայությունը հանրապետության բոլոր մասնավոր բուհերում անցկացրել է ստուգումներ: Պարզվել է, որ լիցենզավորման պահանջների եւ բուհերի զարգացման առումով առաջընթաց է արձանագրվել միայն երկու բուհում` «Գրիգոր Նարեկացի» եւ «Մեսրոպ Մաշտոց» համալսարաններում: Մյուսները փաստորեն չեն կարողացել ապահովել մասնագետների պատրաստման գործում կարեւորվող լիցենզավորման պահանջները:
Այնուհետեւ, հունիսի սկզբներին նոր ստուգումներ են անցկացվել, որին ի հետեւանք` պետական արտոնագրման կարգավիճակ չունեցող 3 բուհերի առաջարկվել է (իսկ մեկն ինքնակամ հրաժարվել է) մինչեւ օգոստոս ամիս չիրականացնել ընդունելության քննություններ: Վերջնական որոշում ԿԳ նախարարությունը երեւի կկայացնի օգոստոսին, բայց արդեն կարելի է եզրակացնել, որ սա պետական արտոնագիր չունեցող համալսարանների փակման առաջին քայլն է, քանզի վերջիններս հազիվ թե կարողանան կարճ ժամանակում ապահովել ներկայացվող պահանջները:
Ոչ պաշտոնապես, Ղարաբաղում բարձրագույն կրթությունն ըստ վարկանիշային մակարդակի դասակարգվում է երեք խմբի: Նրանք, ովքեր սովորում են Հայաստանի պետբուհերում, «էլիտարի» կարգավիճակում են, ԱրՊՀ-ում սովորողները «սոլիդ» են, իսկ մասնավոր բուհերում սովորում են պարզապես դիպլոմ ձեռք բերելու համար: Նույն այս դասակարգումներով էլ բուհն ավարտելուց հետո բնորոշվում է նրանց մասնագիտական որակը: Սա, իհարկե, բնավ չի արտացոլում մասնագիտացվածության իրական աստիճանը, մանավանդ որ, ընդունված տեսակետի համաձայն, Երեւանում մեծմասամբ ուսանում են սոցիալապես ապահով կամ հարուստ համարվող ընտանիքների երեխաները, ինչը չափանիշ չէ որակական համամասնության պատկերը ճիշտ կազմելու համար: Եվ խնդիրը տվյալ դեպքում լավ կամ վատ բուհում կրթություն ստանալու մեջ չէ, այլ բարձրագույնի դիպլոմ ունենալու մոլուցքի մեջ: Ենթադրվում է, որ ինչպես ամեն տարի, այս տարի եւս Ղարաբաղում շրջանավարտների մեծամասնությունը կընդունվի բուհ` հետագայում համապատասխան մասնագիտական աշխատանք չունենալու հեռանկարով:
Խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղում գործում էր միայն մեկ բուհ` Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (ԱրՊՀ իրավանախորդը): Օրինաչափորեն, միջին վիճակագրական շրջանավարտ դասարանի 20-25 տոկոսին էր միայն վիճակվում ստանալ բարձրագույն կրթություն` լիներ Ստեփանակերտում, Երեւանում, թե Խորհրդային Միության մեկ այլ քաղաքում: Նախկին ինքնավար մարզի ժողովրդական տնտեսության համարյա բոլոր բնագավառներում, անգամ Ադրբեջանի ղեկավարության վարչաքաղաքական խոչընդոտումների պարագայում, նորաթուխ բուհավարտները հիմնականում ապահովվում էին մասնագիտական աշխատանքով կամ էլ տեղավորվում կոմերիտական-կուսակցական մարմիններում:
Զուգահեռաբար, շրջանավարտներն ընդունվում եւ ստանում էին միջին մասնագիտական կամ պրոֆտեխնիկական կրթություն` համալրելով նաեւ արհեստավորների շարքերը: Ներկայումս արհեստագործական կրթության առումով վիճակն Արցախում աննախանձելի է, թեպետ խնդիրը միշտ էլ գտնվել է իրավասու կառույցների մտահոգության կիզակետում: Իրոք մտահոգիչ փաստ է, որ որակյալ շինարարական բանվոր մասնագետների պակասության պատճառով հաճախ Ղարաբաղում աշխատանքի են հրավիրում հայաստանաբնակ (առավելապես` ԼՂՀ-ին հարակից հայկական շրջաններից) մասնագետների, մինչդեռ նախնական մասնագիտական հաստատություններում հատկացված տեղերի ցանկում պարբերաբար ներառվում են ժողտնտեսությանն անհրաժեշտ բոլոր արհեստները:
Բուհ, քոլեջ, թե՞ պրոֆտեխուսումնարան: Հազիվ թե սա երկընտրանքի խնդիր է շրջանավարտ-2008-ի համար, որովհետեւ հանրածանոթ արահետները կրկին մղում են դեպի բարձրագույն կրթարաններ, որտեղ, ըստ գրպանի հնարավորության, ամենքի համար տեղ կա:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ