«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2008-06-13 | #113, 2008-06-14 | #114, 2008-06-17


ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ ԻՐ ԲԱՐՁՐ ԿԱՐԳԸ

Կարեն Ասրյանի հուշամրցաշարը կդառնա ավանդական

Երեւանում անցկացված արագ շախմատի Կարեն Ասրյանի անդրանիկ հուշամրցաշարի հաղթող ճանաչվեց Լեւոն Արոնյանը: Նա մեկ անգամ եւս հաստատեց իր բարձր կարգը, հատկապես արագ շախմատում ճիշտ կողմնորոշվելու ունակությունները: Սոֆիայի մրցաշարում կրած անհաջողությունից հետո Լեւոնը կրկին լավ մարզավիճակում էր եւ Երեւանում արժանի հաղթանակ տոնեցՙ արժանանալով գլխավոր մրցանակինՙ 70 հազար դոլարի:

Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Արոնյանը 2-րդ տեղում էր եւ կես միավորով էր զիջում հունգարացի Պետեր Լեկոյին: Հայ գրոսմայստերին հաջողվեց շրջանցել մրցակցին: Նախավերջին տուրում Արոնյանը երկու պարտիաներն էլ Բու Քսյանջիի հետ ավարտեց ոչ-ոքի: Նույնպիսի արդյունք գրանցվեց նաեւ Սարգսյանի եւ Լեկոյի մրցավեճում: Ադամսը 1,5-0,5 հաշվով առավելության հասավ Գելֆանդի նկատմամբ, իսկ Մորոզեւիչը նույն հաշվով պարտության մատնեց Հակոբյանին:

Ավարտական տուրում Արոնյանի մրցակիցը Մայքլ Ադամսն էր: Մեր շախմատիստը սպիտակներով հաղթեց մրցակցին, իսկ սեւերով պարտիան ավարտեց ոչ-ոքի: Իսկ Լեկոն առաջին պարտիայում սպիտակներով զիջեց Մորոզեւիչին, ինչն ի վերջո ճակատագրական եղավ նրա համար: Երկրորդ պարտիայում գրանցվեց ոչ-ոքի: Գելֆանդը երկու պարտիաներում էլ առավելության հասավ Սարգսյանի նկատմամբ, իսկ Հակոբյանը Բու Քսյանջիի հետ պարտիաներն ավարտեց ոչ-ոքի:

Այսպիսով, Լեւոն Արոնյանը 14 հնարավորից վաստակեց 8,5 միավոր ու դարձավ հաղթող: Երկրորդ տեղը 8 միավորով զբաղեցրեց Պետեր Լեկոն: 3-րդ տեղում Ալեքսանդր Մորոզեւիչն է (7,5 միավոր): Հաջորդ տեղերը զբաղեցրին Բորիս Գելֆանդըՙ 7,5, Բու Քսյանջինՙ 7, Գաբրիել Սարգսյանըՙ 6,5, Մայքլ Ադամսը եւ Վլադիմիր Հակոբյանըՙ 5: Արոնյանի հաղթանակն իրոք որ օրինաչափ էր: Նա միակն էր, որ չճաշակեց պարտության դառնությունը: Անցկացրած 14 պարտիաներից 3-ում Արոնյանը հաղթեց, 11-ն ավարտեց ոչ-ոքի:

Մրցաշարի մասնակիցներին նվերներ ու դրամական պարգեւներ (ըստ գրաված տեղերիՙ 70, 50, 40, 30, 25, 20, 15 եւ 12 հազարական դոլար) հանձնեց հանրապետության նախագահ, շախմատի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Մրցաշարի փակման խոսքում նա հետեւյալը նշեց. «Վերջին մի քանի օրերը մեզ միացրել էր շախմատային մեծ իրադարձությունը ու ցավոք սրտի, նաեւ կորուստի կսկիծը: Այս մրցաշարը նախատեսել էինք անվանել «Հսկաների մրցաշար», բայց ստացվեց այնպես, որ դեռ չսկսված, այն վերածվեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարի: Մեզանից շատերը Կարենին անձամբ էին ճանաչում, նրան գնահատում էին ոչ միայն որպես տաղանդավոր շախմատիստ, այլ նաեւ բարձր առաքինություններով անձնավորություն: Մենք ամեն ինչ պետք է անենք Ասրյանի հիշատակը վառ պահելու համար: Հայաստանի շախմատի հավաքականն էլ հավերժացնելով Ասրյանի հիշատակը, պետք է ձգտի չթուլացնել իր մարզական ունակությունները ու բարձր պահի մեր երկրի պատիվը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամեն ինչ կանի, որպեսզի շախմատն ավելի մեծ մասսայականություն ու զարգացում ստանա հանրապետությունում, որովհետեւ շախմատը լոկ մարզաձեւ չէ, այն մարդուն դարձնում է ավելի իմաստուն, օգնում է գնահատել իրավիճակը, գտնել հաղթանակի հասնելու ավելի կարճ ճանապարհը: Ուստի ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի բոլոր երեխաներին հասու դառնա այս իմաստուն խաղը: Որոշել ենք, որ այս մրցաշարը լինելու է ավանդական եւ մշտապես կրելու է Կարեն Ասրյանի անունը: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մրցաշարի մասնակիցներին: Շատ ուրախ եմ ու ոգեւորված, որ Լեւոն Արոնյանը կարողացավ ցուցադրել շատ վառ խաղ ու հաղթանակի հասնել: Կարծես թե այս բեմահարթակը շատ հաջողակ է Լեւոնի համար: Եթե հնարավորություն լինի աշխարհի առաջնությունն այստեղ կազմակերպել ու Լեւոնն էլ չեմպիոնի կոչման հավակնորդ դառնա, ապա մրցամարտն այստեղ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես կգանք»:

Վերջում դահլիճում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Կարեն Ասրյանի հիշատակը եւ դիտեցին նրան նվիրված տեսաֆիլմը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4