Հունիսի 2-7-ը Բեռլինի Եվրոպական ակադեմիայի կազմակերպած «Լեռնային Ղարաբաղի դերն ու նշանակությունը Հարավային Կովկասի զարգացման գործում» թեմայով միջազգային գիտաժողովից վերադառնալով, ԼՂՀ պատվիրակության անդամները երեկ հրավիրել էին մամուլի ասուլիս` ներկայացնելու գիտաժողովից ստացած իրենց տպավորությունները:
Պատվիրակության ղեկավար, ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց գիտաժողովի արդյունքները` շեշտելով, որ Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդտի զեկուցումը, որում նա բարձրարժեք տեսակետներ է արտահայտել ղարաբաղյան հիմնախնդրի բուն էության վերաբերյալ, արժանի է թարգմանության ու տարածման: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Եվրոպայում ցավալիորեն քիչ են տեղեկացված ղարաբաղյան խնդրի մասին, ինչը հետեւանք է այս ուղղությամբ իրականացվող ոչ հետեւողական աշխատանքի:
Ըստ գիտաժողովի թեմատիկայի, հիմնական ելույթները եղել են Ղարաբաղի վերաբերյալ, սակայն համեմատություններ են արվել նաեւ Կոսովոյի հետ, ինչըՙ ԱԺ խոսնակի կարծիքով, հակամարտությունների իրական բնույթն ընկալելու առումով շատ կարեւոր է:
Աշոտ Ղուլյանն ի պատասխան լրագրողների այն հարցի, թե ինչպիսի՞ն էր Գերմանիայում թուրքական մեծ համայնքի արձագանքը գիտաժողովի առնչությամբ, տեղեկացրել է, որ հակաղարաբաղյան ցույց եղել է գիտաժողովի օրը, սակայն Բեռլինի ոստիկանությունը ցույցն արտոնելով հանդերձ` ստանձնել է ԼՂՀ պատվիրակության անվտանգության ապահովումը եւ ընդհանրապես գիտաժողովի բարեհաջող անցկացումը:
Պատվիրակության այցի շրջանակներում, գիտաժողովից դուրս, ընթացել են նաեւ տնտեսական ոլորտին վերաբերող բանակցություններ: Այս առթիվ պատվիրակության անդամ, ԱԺ ֆինանսատնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բենիկ Բախշիյանը լրագրողներին իրազեկեց, որ գերմանացի գործընկերները հետաքրքրված են ղարաբաղյան դեղաբույսերով: Այդ դեղաբույսերի ցանկը ՀՀ համապատասխան կառույցի մասնակցությամբ ներկայումս ճշտվում է, հավանաբար մոտ ապագայում մասնագետներ կգործուղվեն Գերմանիա` այնտեղ մասնագիտական որակավորում անցնելու նպատակադրությամբ:
Խորհրդարանի խոսնակը լրագրողներին տեղեկացրել է, որ բեռլինյան գիտաժողովից հետո ինքը հունիսի 9-14-ը մեկնել է Մոսկվա, որտեղ, մասնավորապես, հանդիպումներ է ունեցել ՌԴ Պետդումայի մի խումբ անդամների հետ: Հավատարիմ մնալով խորհրդապահության մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, Աշոտ Ղուլյանը չմանրամասնեց, թե ստույգ ում հետ են եղել հանդիպումները, բայց հավելեց, որ արծարծվել են Արցախում իրականացվող բարեփոխումների, օրենսդրության կարգավորման եւ հումանիտար բնույթի հարցեր: Նա հատկանշեց նաեւ, որ Մոսկվայի ԼՂՀ ներկայացուցչությունում հանդիպումներ է ունեցել ղարաբաղյան կարգավորման գծով մի խումբ փորձագետների հետ, խոսել կարգավորման հնարավոր տարբերակների մասին:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ