«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2008-06-14 | #114, 2008-06-17 | #115, 2008-06-18


ՎԵՐՋԻՆ ՕՐՆ ԱՅՍ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԻՐ ՓՈԽԱՐԵՆ ԿԱԼԱՆՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ խորհրդարանը փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրեց նոր ավելացած 3 մշտական հանձնաժողովներից երկուսի նախագահներին, որոնք երկուսն էլ, ինչպես կանխատեսել էինք ի սկզբանե, ՕԵԿ-ական են: Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ դարձավ Հովհաննես Մարգարյանը , իսկ գյուղատնտեսական եւ բնապահպանության հարցերինը` դեռեւս լայն հասարակայնության անծանոթ Խաչիկ Հարությունյանը , որը խմբակցության քարտուղարն է: Նա վերջերս էր եկել խորհրդարան` Արթուր Բաղդասարյանի փոխարեն, կիրովականցի է, ծնվել է 1959 թվականին, վերջին աշխատավայրերը եղել են Լոռու մարզի անտառտնտեսության ոլորտի տարբեր ղեկավար պաշտոններում: Երրորդ հանձնաժողովը` սոցիալականը, նախագահ կունենա աշնանը. այդ պաշտոնը մեծամասնությունն առաջարկել էր ընդդիմադիր «Ժառանգությանը», սակայն վերջինս հրաժարվել էր այդ պաշտոնից: Ըստ որոշ տեղեկությունների` այս հանձնաժողովի, ինչպես նաեւ սփյուռքի նախարար նշանակվող Հրանուշ Հակոբյանի այժմ գլխավորած գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախագահների պաշտոնները ՀՀԿ-ին կտրվեն, ու դրանցից մեկում առաջադրվելու է Արմեն Աշոտյանը :

Երեկ խորհրդարանն ընդունեց նաեւ ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի կատարման վերաբերյալ ԱԺ հայտարարությունը` 80 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահով:

Էլի երեկ տեղի ունեցավ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ նիստը: Նիստից առաջ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը «Ազգին» հայտնեց, որ այդ նիստում սահմանելու են այն սկզբունքները, որոնց համապատասխան պետք է հրավիրվեն արտախորհրդարանական ուժերը, այլապես հրավերները կդիտարկվեն սուբյեկտիվ դաշտում: Երեկ ձեւակերպվեց նաեւ Լ. Տեր-Պետրոսյանին ուղղված հրավերը: «ժառանգությունն» էլի չէր մասնակցում այդ նիստին:

Ըստ որոշ լուրերի` «Ժառանգությունը» որոշում էր առաջադրել Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին` «Ժառանգությանը» հատկացված երկու տեղերում: Դա ԱԺ կանոնակարգով հնարավոր չէ, քանի որ ամեն խմբակցության առանձին երկու տեղ է տրվել: Երեւում է` «Ժառանգությունն» այդպիսով բարոյական խնդիր է լուծում եւ մերժումից հետո կորոշի` մասնակցել ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքին, թե՞ ոչ:

Երեկ համազեկուցող Ժորժ Կոլումբիեն խորհրդարանում հանդիպեց կոալիցիայի ներկայացուցիչների հետ: Հանդիպումն, ըստ կոալիցիայի պատգամավորների, կառուցողական մթնոլորտում է անցել, կոալիցիան կարողացել է հստակ պատասխաններ հնչեցնել հարցերին: 1 ժամ տեւած հանդիպումը լավատեսություն է ներշնչել կոալիցիոն պատգամավորներին, նրանք կարծում են, որ կարողացել են պատասխաններ հնչեցնել բոլոր հարցադրումներին, եւ համազեկուցողները հասկացել են (համենայն դեպս` Կոլումբիեն), որ իշխանությունները, ոչ այն տեմպերով, ինչն ակնկալում է Եվրոխորհուրդը, բայց բանաձեւի կատարման ուղղությամբ քայլեր արել են, համենայն դեպս` դինամիկան դրական է:

Ժամանակավոր հանձնաժողովի վերաբերյալ իրենքՙ եվրոպացի հանձնաժողովականները մտահոգություն ունեին, թե ճիշտ կլիներ, որ հանձնաժողովը չլիներ խորհրդարանական, որտեղ ներկայացված կլինեին բացառապես միջազգային փորձագետներ: Կոալիցիոն պատգամավորները պատմել են, որ շատ լայն սպեկտր է ներկայացված, միջազգային փորձագետներ են ներգրավվելու, ճշտվելու է արտախորհրդարանական ուժերի այն կազմը, որոնց հրավեր է ուղարկվելու` խորհրդատվական ձայնի իրավունքով մասնակցելու հանձնաժողովին. եթե «Ժառանգությունը» որոշում կայացնի չմասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին, դա ցավալի կլինի, այդ մասին էլ ասվել է եվրոպացիներին:

Հ.Գ.Երեկ ուշ երեկոյան «Ազգին» ուղարկվեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի անունով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի այն գրության պատճենը, որով մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմում վերջինս «Ժառանգության» փոխարեն պատվիրակներ է առաջարկում անձեռնմխելիությունից զրկված եւ կալանքի տակ գտնվող Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին: Վերն արդեն բացատրել են` դա ԱԺ կանոնակարգով հնարավոր չէ: Տեսնենք, թե ի՞նչ պատասխան կտա այս գրությանը Տ. Թորոսյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4