«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2008-06-14 | #114, 2008-06-17 | #115, 2008-06-18


ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՍՐԱՀՆԵՐՈՒՄ

Նկարիչների միությունը 75 տարիների պատմություն ունի: Այդ ընթացքում շենքի 2 սրահները մշտապես ծառայել են հայ գեղանկարչությանը, կերպարվեստագետների գործերի ցուցադրությանը: Վերանորոգման պատճառով 2 տարի ցուցասրահները փակ էին, հատկապես նախամուտքը գորշ ու ծանր տպավորություն էր թողնում, անմխիթար ու անհարմար էին նաեւ սրահները:

Աշխատանքներն արդեն ավարտվել են եւ միության 75-ամյակի առիթով երեկ բացվեցին սրահները: Շենքի դիմացիՙ Շառլ Ազնավուրի հրապարակը մարդաշատ էր. մտավորականներՙ հայտնի ու անհայտ դեմքեր, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, արվեստասերներ: Բացման արարողությունը կատարվեց մուտքի առաջՙ միության նախագահ Կարեն Աղամյանի ողջույնի, շնորհավորանքի խոսքերով: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասաց, որ սրահները ձեւավորվել են հայ նկարիչների տաղանդին վայել: Արարողությանը ներկա էր վարչապետ Տիգրան Սարգսյանը : Քանի որ կառավարության ծրագրերի համաձայն մշակույթը «մեր ժողովրդի մրցակցային առավելությունն է», պետք է այդ հանգամանքն այնպես օգտագործել, որ ընկալելի լինի նաեւ աշխարհին: Ուստի եւ հասարակության համերաշխությունն առաջնահերթության խնդիր էՙ «արվեստի երկիր կառուցելու» համար:

Նախամուտքն ու սրահները արդիական տեսք էին ստացել: 1-ին հարկի ցուցասրահը ընդարձակվել, 2-րդի ցուցասրահն ավելի փոքրացել է, 3-րդ հարկիՙ մինչ այդ ժողովասրահը վերածվել է ցուցասրահի: Սրահներում դրված էին միջնապատեր, լուսային լուծումներն անհամեմատ լավ են նախկինից, որոշ դեպքերում հաջողված չէին: Ներսում սոսկալի տոթ էր, չէին գործում օդափոխիչ սարքերը:

Նորոգված սրահների առաջին ցուցահանդեսը բազմաոճ ու բազմաժանր էր: Հայաստանում այսօր գործող գրեթե բոլոր պրոֆեսիոնալ կերպարվեստագետները ներկայացած էին մեկական աշխատանքովՙ գեղանկար, քանդակ, ցուցադրված էին նաեւ կիրառական արվեստի մի քանի նմուշներ (խեցեգործություն, արծաթագործություն): Նման բազմազանության եւ բազմամարդության մեջ ցուցահանդես ընկալելը դժվար է, մեկ-երկու գործ աչքիդ կարող է զարնել, իհարկե, ինչպես Քնարիկ Հովհաննիսյանի «Դաշտային ծաղիկները»ՙ գունային, ներդաշնակ լուծումով, կամ Արմեն Աթանյանի «Մոռացված ծիսակարգն» իր խորհրդավորությամբ եւ էլի շատերը: Ուշադրություն էր գրավում Կարեն Բաղդասարյանի «Տուրիստ» շարժական մանրաքանդակըՙ ամենատարբեր մեկնաբանություններ եւ տպավորություններ հարուցող: Մարդը գլուխը կորցրած աջուձախ է նայում, ինչպես տուրիստ այս աշխարհում, եւ կամ ժամանակի հավերժական պտույտի մեջ անդադար, անհանգիստ մարդն իր հանգրվանն է փնտրում:

«Իրադարձություն, գեղարվեստի տոն, վաղուց այսպիսի հարուստ, բազմակողմանի ցուցահանդես չէր եղել: Օրվա տոնակատարությունը, մթնոլորտը խոսում է այն մասին, որ արվեստը շարունակում է ապրել Հայաստանում». Սեն Արեւշատյանը լավատես է: «Ուխտի գալու պես է: Պատերից հորդող այս հարստությունը, հրավառությունը գեղեցիկի, գույնի կարոտ է: Սա մեր ժողովրդի ներքին մշակույթի արտաքին դրսեւորումն է», Լեւոն Լաճիկյանն էլ, երեւի լավատես է:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4