Լավատեսությունն ու գործնականությունը «Արսիկա» տրիոյի ստեղծագործական աշխատանքի կարեւոր բաղկացուցիչն են: Տրիոյի երաժիշտները վաղուց դուրս են եկել զուտ կատարողական արվեստի շրջանակներից եւ հետեւողականորեն զբաղվում են մշակութային միջավայր ստեղծելով: Այդ նպատակով էլ համերգաշար են սկսում «Արսիկա» տրիոն ներկայացնում է» խորագրով: Առաջին համերգը կկայանա հունիսի 23-ին Կամերային երաժշտության տանըՙ ռուսաստանցի երաժիշտ Մաքսիմ Նովիկովի եւ երգչուհի Աննա Մայիլյանի մասնակցությամբ: Հենց այս սկզբունքովՙ հայաստանաբնակ եւ օտարերկրացի երաժիշտների համատեղ ելույթներով է կառուցվելու համերգաշարը: Հայաստանում տաղանդի ու ներուժի պակաս չկա, սակայն ակնհայտորեն պակաս է համաշխարհային մշակույթին առնչակից, տեղյակ լինելու հնարավորությունը, փաստեց ջութակահար Կարեն Շահգալդյանն ու հավելեց. «Արսիկայի» համերգաշարը ընդգրկելու է նաեւ մարզերը, որտեղ մշակութային միջավայր չստեղծելու դեպքում շատ շուտով Հայաստանը կդադարի դասական երաժշտություն ստեղծող, հասկացող ժողովրդի երկիր լինելուց»:
Տրիոն նաեւ շարունակելու է վարպետության դասերը մարզերում, որոնք հաջորդում են նրանց համերգներին: Նման համերգներից մեկն էլ Չարենցավանում պսակվել է հաջողությամբՙ դաշնամուրի դասարանի երկու աշակերտ, ազդված թավջութակահար Կարեն Քոչարյանի կատարումից, որոշել է թավջութակի դասարանում սովորել, որը փակվել էր աշակերտների բացակայության պատճառով:
«Արսիկա» տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ համերգաշարից բացի մեկնարկելու է եւս մի ծրագիրՙ դասական երաժշտության ունկնդրում-քննարկումներ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, որի տնօրենն է ինքը: Ծրագրի իրականացումը հնարավոր է շնորհիվ թանգարանի հարուստ ձայնադարանիՙ 5 հազար ձայնա- եւ 100 տեսասկավառակների եւ նորագույն տեխնիկայի շնորհիվ, որոնք սկսած 1990-ականներից տրամադրել է կանադահայ մեկենաս Արմիկ Գրիգորյանը: Ունկնդրումների շարունակականությունը կորոշվի հասարակության ակտիվությամբ: Առաջին ունկնդրումը կլինի հունիսի 19-ին: Ի դեպ թե՛ համերգաշարի, թե՛ ունկնդրումների մուտքն ազատ է: Սա էլ տրիոյի սկզբունքներից է, որ առավել կարեւորում է հովանավորինՙ «Գառնի կրիստալ» ընկերությանը, որի ղեկավարին երաժիշտները համարեցին մեկենաս:
1999-ին ստեղծված տրիոն, որ 2006-ից գործում է նշյալ կազմով, սերտորեն համագործակցում է նաեւ ժամանակակից հայ կոմպոզիտորների հետՙ նպատակ ունենալով ժամանակակից դասական երաժշտությունը հանրահռչակելու:
Տրիոյի ներկայացուցիչները երեկ իրենց ծրագրերը ներկայացրեցին «Նովոստի» միջազգային մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում, որին մասնակցում էր նաեւ հրավիրված երաժիշտ Մաքսիմ Նովիկովը , որը տպավորված արդեն երկշաբաթյա հայաստանյան փորձերից փաստեց. «Չափազանց երջանիկ եմ Հայաստանում համերգով հանդես գալու հրավերի համար: Փորձերի ընթացքում լիովին համոզվեցի, որ դուք ունեք այնպիսի երաժիշտներ, որոնց նմաններն աշխարհում փնտրված են»:
Տեղեկացանք նաեւ, որ Կարեն Շահգալդյանի նախաձեռնած Արվեստի միջազգային փառատոնը այս տարի էլ տեղի կունենաՙ սեպտեմբերից հոկտեմբեր եւ ընդգրկելով մարզերը, չնայած դեռեւս չլուծված ֆինանսական խնդիրներին: Սակայն երաժիշտը վստահեցրեց, որ բացի մշտական գործընկերներիցՙ ՎՏԲ բանկից, «Պարադիս» ընկերությունից, կգտնվեն աջակցելու պատրաստ այլ մարդիկ ու ընկերություններ: Կարեն Շահգալդյանի հետ մասնավոր հանդիպմանը դեռեւս վարչապետության ժամանակ աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաեւ Սերժ Սարգսյանը:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ