«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2008-06-14 | #114, 2008-06-17 | #115, 2008-06-18


ԵՐԱԶՈՒՄ ՆԱ ԴԵՌԵՎՍ ՄԱՐՏՆՉՈՒՄ Է ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ

Սերգեյ Պողոսյանը նշեց 60-ամյա հոբելյանը

Որքան արագ ու աննկատ է անցնում ժամանակը: Կարծես երեկ էր, որ 1970-ականների «Արարատի» ֆուտբոլիստներն իրենց անզուգական խաղով հիացմունք էին պատճառում բոլորին, գրոհում էին խորհրդային ֆուտբոլի բարձունքները, մինչդեռ այդ երանելի ժամանակներից անցել է ավելի քան 30 տարի: Անվանի ֆուտբոլիստները վաղուց հրաժեշտ են տվել ֆուտբոլին, ոմանք նույնիսկ հասցրել են նշել 60-ամյա հոբելյանը: Հունիսի 13-ին նման հոբելյան նշեց նաեւ «Արարատի» կիսապաշտպան Սերգեյ Պողոսյանը: Խաղադաշտում նա իսկական մարտիկ էր, մարտնչում էր առանց իրեն խնայելու, որի հետեւանքով երբեմն ծանր վնասվածքներ էր ստանում: Անընդհատ պայքարի բովում էր, մեծ ծավալի աշխատանք էր կատարում խաղադաշտումՙ հարկ եղած դեպքում նաեւ օգնության էր հասնում պաշտպաններին: Պողոսյանը մշտապես աչքի էր ընկնում իր մարտական բնավորությամբ ու կամային հատկանիշներով, վայելում էր խաղընկերների ու ֆուտբոլասերների սերն ու հարգանքը:

Ֆուտբոլային առաջին քայլերը նա կատարել է Բաքվում, հանդես է եկել Սումգայիթի «Փոլադում»: 1968-ին Արտյոմ Ֆալյանը Սերգեյին հրավիրեց Լենինգրադի «Զենիթ», որտեղից էլ 1970-ին Պողոսյանը տեղափոխվեց «Արարատ»ՙ դառնալով թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: 1970-75-ին նա «Արարատի» կազմում բարձրագույն խմբում անցկացրել է 99 խաղ, խփել 6 գնդակ: Ցավոք, նա էլ իր խաղընկերներից ոմանց նման ուժերի ծաղկման շրջանում, 28 տարեկանում հրաժեշտ տվեց մեծ ֆուտբոլին: Մեծ է Պողոսյանի դերը նաեւ հայկական ֆուտբոլի վետերաններին միավորելու գործում: Իր անձնական միջոցներով Սերգեյ Պողոսյանը հայկական ֆուտբոլի վետերանների միություն է հիմնադրելՙ Կիեւյան 26 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկում մի հարմարավետ ու փոքրիկ օջախ է ստեղծել, որտեղ հաճախակի են հավաքվում նախկին խաղընկերներով, վերհիշում են անցած-գնացած օրերը, նշում են ծննդյան օրերը: Հենց այդտեղ էլ կայացավ մեր հարցազրույցն անվանի վետերանի հետ:


- Սերգեյ, շնորհավորում եմ ծննդյան 60-ամյակի առթիվ: Դուք ֆուտբոլային մեծ կյանք եք ապրել: Ինչպիսի՞ զգացումներով դիմավորեցիք հոբելյանը:

- Շնորհակալություն շնորհավորանքի համար: Անկեղծ ասած, հավատս չի գալիս, որ ես ու իմ խաղընկերները արդեն 60 տարեկան ենք: Ինձ երիտասարդ եմ զգում: Հաճախ եմ երազում ինձ տեսնում խաղադաշտում պայքարելիս, դեպի մրցակցի դարպասը սուրալիս: Իրոք որ երանելի ժամանակներ էին: Անցած կյանքիս համար բնավ էլ չեմ ափսոսում, ֆուտբոլային մեծ կյանք եմ ապրել, վայելել եմ մեծ հաղթանակների բերկրանքը, դարձել եմ ԽՍՀՄ չեմպիոն ու կրկնակի գավաթակիր, արծաթե մրցանակակիր: Եթե կրկին ընտրության հնարավորություն լիներ, ապա դարձյալ ֆուտբոլը կընտրեի, նոր որակով ու ոգեւորությամբ կխաղայի: Հպարտ եմ «Արարատի» նվաճումներով, ֆուտբոլային իմ անցյալով:

- Ֆուտբոլը որքանո՞վ նպաստեց ձեր կյանքի հետագա ուղուն:

- Միանշանակ կարող եմ ասել, որ ֆուտբոլը դրական դեր է խաղացել: Այն ժամանակ արարատցիների հանդեպ հարգանքն ու սերը համաժողովրդական էրՙ սկսած ղեկավարությունից մինչեւ շարքային ֆուտբոլասերը: Դա մշտապես մեզ օգնել է: Այժմ էլ այդ հարգանքը կա: Բայց ես աշխատանքի եմ անցել իմ գիտելիքների, այլ ոչ թե ֆուտբոլային արժանիքների շնորհիվ: Բարձրագույն առաջին կրթությունը ստացել եմ Լենինգրադում, ապա ավարտել եմ Երեւանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը ու աշխատանքի եմ անցել հանրապետության դատախազությունում: Վերջին տարիներին զինվորական դատախազության բաժնի ավագ դատախազ էի: 31 տարի աշխատել եմ դատախազությունում, ներկայում աշխատում եմ Վերահսկիչ պալատում: Նախկինում ֆուտբոլիստ լինելը շատ է օգնում ծանր ու ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն պահանջող աշխատանքում: Փառք Աստծո, կյանքում ինձ շատ լավ մարդիկ են հանդիպել, որոնցից շնորհակալ եմ:

- Իսկ ընտանեկան կյանքին չի՞ խանգարել ֆուտբոլը:

- Ֆուտբոլն այն մարզաձեւն է, որ մեծ զոհողություն է պահանջում: Խորհրդային տարիներին մշտապես գտնվել ենք ուղեւորությունների, հավաքների մեջ, հաճախակի ենք ընտանիքից հեռու գտնվել: Ամուսնացել եմ ֆուտբոլին հրաժեշտ տալուց հետո: Ունեմ երեք երեխա, չորս թոռ, այժմ ավելի շատ ժամանակ եմ ունենում լինելու ընտանիքիս, հարազատներիս ու ընկերներիս շրջապատում, ինչը մեծ երջանկություն է:

- Ձեր անմիջական ջանքերով ստեղծվել է հայկական ֆուտբոլի վետերանների միությունը, որի նախագահն եք:

- Այդ միտքը վաղուց էի հղացել եւ ուրախ եմ, որ հաջողվեց այն իրականացնել: Արդեն 2-րդ տարին է, ինչ գործում է միությունը: Սեփական օջախ ունենալը նպաստում է հաճախակի հանդիպումներին, ծննդյան օրերի նշելուն, այլ միջոցառումների անցկացմանը: Իհարկե, չենք մոռանում նաեւ մեր սիրած մարզաձեւը: Վետերաններով հավաքվում ենք, մարզերում ընկերական հանդիպումներ կազմակերպում, ինչը երկրպագուների համար իսկական տոնի է վերածվում: Իմ համար ֆուտբոլում գլխավոր նվաճումը արարատցիների հետ բարեկամությունն է, որ շարունակվում է արդեն 38 տարի: Ե՛վ ուրախության, ե՛ւ տխրության պահերին միասին ենք:

Վերջում ներկայացնենք Նիկոլայ Ղազարյանի խոսքն իր խաղընկերոջ մասին:

Ժամանակը ցավոք շատ արագ է անցնում: Հերթականությամբ նշում ենք «Արարատ-73»-ի տղաների 60-ամյակը: Այժմ էլ այդ հոբելյանը նշեց Սերգեյ Պողոսյանը, որը մեծ հետք է թողել հայկական ֆուտբոլում: Մենք մի շղթա ենք եղել, 15 ֆուտբոլիստներ, որոնք բոլորն էլ պրոֆեսիոնալներ էին եւ յուրաքանչյուրն իր մեծ ներդրումն է ունեցել «Արարատի» հաջողություններում: Սերգեյը վստահ էր խաղում, անձնազոհ, առանց իրեն խնայելու, որի հետեւանքով էլ երբեմն ծանր վնասվածքներ էր ստանում: Երբ խաղընկերդ նման ձեւով է պայքարում, ակամայից դու էլ ես «վարակվում» ու պայքարի մեջ ներգրավվում: Սերգեյը տիրապետում էր հուժկու հարվածների, արագաշարժ էր, թիմի առաջատարներից էր: Հպարտանում եմ, որ նրա նման ընկեր ունեմ: Կյանքում դրսեւորել է որպես լավ ընկեր, ամենադժվարին պահերին միշտ օգնում, նեցուկ է լինում, օրինակ է ծառայում բոլորին: Թիմում ավելի շատ նրա հետ եմ ընկերություն արել, հյուրանոցում միեւնույն համարում ենք բնակվել: Մինչ օրս էլ մեր ընկերությունը շարունակվում է: Շնորհավորում եմ Սերգեյին, ցանկանում եմ ամենայն բարիք:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4