ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Վայոց ձոր-Երեւան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելեց Վայոց ձորի մարզ` քաղաք Ջերմուկ: Ջերմուկի քաղաքապետարանում նախագահի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը եւ պաշտոնատար այլ անձինք:
Խորհրդակցությունը նվիրված էր Ջերմուկ քաղաքի համալիր զարգացման առաջնահերթություններին, իր առումով առաջին խորհրդակցությունն էր Ջերմուկում նախագահի մասնակցությամբ:
Քաղաքաշինության նախարարը ներկայացրեց Ջերմուկի գլխավոր հատակագիծը, հիմնական խնդիրները` կոյուղու, կառուցապատման, ոռոգման ջրագծերի անցկացման եւ վերանորոգման հետ կապված: Նախագահը քաղաքաշինության նախարարին հանձնարարեց գլոբալ առումով ներկայացնել քաղաքի ընդհանուր զարգացման հայեցակարգը: Նախարար Երիցյանը ներկայացրեց առողջարանային կենտրոնի զարգացման համար Սինգապուրի, Չեխիայի, Բորժոմի օրինակները: Ըստ նախարարի` պետք է առողջարաններ հատկացնել լուրջ ծրագրերի իրականացման համար: Երիցյանը կարեւորեց եվրոպական միջազգային ասոցիացիային անդամակցելու հարցը. «Տարեկան 15 միլիարդ դոլարի ներդրումներ են արվում առողջարանային զարգացման ոլորտի համար, իսկ Ջերմուկը բոլոր բնական պայմանները ունի նման հավակնություն ունենալու: Եթե մենք կարողանանք ինտեգրվել այդ ցանցի մեջ եւ ներդնողներին կարողանանք ներկայացնել հնարավորությունները, ապա հնարավոր է շատ լուրջ տնտեսություն կառուցել այս տարածաշրջանում»:
Առողջապահության նախարարն իր հերթին նշեց, որ տարածաշրջանային առումով ռեաբիլիտացիոն կենտրոն ստեղծելու համար լուրջ աշխատանքներ են տարվում:
Ջերմուկի քաղաքապետն անդրադարձավ Ջերմուկին հուզող բոլոր խնդիրներին` Ջերմուկ-Կեչուտ ճանապարհի կառուցմանը, շենքերի տանիքների վերանորոգմանը, ճոպանուղու կառուցման շարունակությանը, ներկայացրեց սահադաշտի կառուցման գաղափարը, որն իր հերթին մարզային հետաքրքրություն է ներկայացնում:
Լուրջ աշխատանքներ են նախատեսված Ջերմուկի կենտրոնում գտնվող 8 հեկտար տարածքով այգու վերականգնման համար:
Խորհրդակցության ամփոփումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը տվեց հանձնարարականներ եւ հավելեց, որ բոլոր հարցերը կդառնան կառավարության քննարկման առարկա: Նախագահը նաեւ հանձնարարեց քաղաքաշինության նախարարին աշխատանքներ տանել Ջերմուկում ապօրինի կառույցների ապամոնտաժման համար:
Այնուհետեւ նախագահը մեկնեց նորակառույց հյուրանոց` շինարարության «պարկուճի» տեղադրման արարողությանը մասնակցելու համար: Նախագահն այցելեց նաեւ նորակառույց ճոպանուղու առաջին կանգառ` ծանոթանալու իրականացվող շինարարության ընթացքին: