«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2008-06-17 | #115, 2008-06-18 | #116, 2008-06-19


ՎՃՌՈՐՈՇԸ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է

Շարունակելով ֆուտբոլի Եվրոպայի առաջնության վերաբերյալ մասնագետների կարծիքների հրապարակումը, այսօր իր տեսակետն է արտահայտում «Միկայի» ավագ մարզիչ Սուրեն Բարսեղյանը:

Ճիշտ է, դեռ ժամանակը չէ Եվրոպայի առաջնության արդյունքների ամբողջական վերլուծության, սակայն կայացած հանդիպումներից ելնելով կրկին այն կարծիքին եմ, որ ֆուտբոլը զարգանում է ունիվերսալիզացիայի ճանապարհով, որում վճռորոշը ֆուտբոլիստների անհատական կատարողական վարպետությունն է: Առաջին երեք տուրերը ցույց տվեցին, թե որքան համառ ու անզիջում պայքար է ընթանում: Մրցակիցները միմյանց չէին զիջում, իսկ հաղթում էր այն թիմը, որի ֆուտբոլիստների կատարողական վարպետությունն ավելի բարձր էր, ինչի շնորհիվ էլ կարողանում էին իրացնել գոլային պահերը: Սա առաջին նախապայմանն է: Ճիշտ է, այս կարծիքը բավական ժամանակ գերիշխում է ֆուտբոլում եւ բոլոր մասնագետներն աստիճանաբար համաձայնվում են դրա հետ:

Առայժմ առաջնությունում տոն են տալիս հիմնականում ֆուտբոլային գերտերությունների հավաքականները, որոնք մասնագետներից շատերի կարծիքով պետք է լինեին հաղթողի գլխավոր հավակնորդների թվում: Իհարկե, եղան նաեւ առանձին անակնկալներ, թեեւ անակնկալ բառն այսօր այնքան էլ տեղին չէ: Որովհետեւ հաջողության է հասնում այն թիմը, որը կոնկրետ այդ պահին ավելի պատրաստ է խաղին, ավելի մեծ վարպետություն ու հաղթանակի կամք է դրսեւորում, կարողանում է իրացնել գոլային պահերը: Այս առումով նախանձելի համառություն ու հաղթանակի հասնելու կամք դրսեւորեցին թուրքերը: Շվեյցարացիների հետ խաղում նրանք կարող էին նաեւ պարտվել: Ինչ-որ տեղ թուրքերի բախտը բերեց եւ նրանք խաղավերջում կորզեցին հաղթանակը: Իսկ չեխերի հետ խաղում նաեւ կարողացան օգտագործել մրցակցի սխալն ու քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճել:

Թեեւ ռուսներն առաջին խաղում խոշոր հաշվով պարտվեցին իսպանացիներին, սակայն չի կարելի ասել, թե նրանք կարգով ցածր էին մրցակցից: Եթե 0-1 հաշվի ժամանակ իրացնեին գոլային պահը, ապա դժվար է գուշակել, թե խաղն ինչ ընթացք կունենար: Կրկին վճռորոշ դեր խաղաց ֆուտբոլիստների վարպետությունը: Իսպանացիներից աչքի ընկավ Դավիթ Վիլյանՙ ապահովելով իր թիմի հաղթանակը:

Առաջնությունում աչքի ընկնող ֆուտբոլիստները շատ են եւ դեռ նրանց թիվը կավելանա: Մի կողմ թողնելով Ռոնալդուին, որն ընթացիկ մրցաշրջանում պարզապես փայլուն խաղ է ցուցադրում, կնշեի նաեւ պորտուգալացի Պեպեին, շվեյցարացի Հական Յակինին, թուրքերից կառանձնացնեի Արդային ու Նիհատին: Իսպանացիների կազմում եւս կան լավ ֆուտբոլիստներ: Առայժմ ռմբարկուի հատկանիշներով աչքի է ընկնում Դավիթ Վիլյան: Ինձ թվում է, որ դեռ իր խոսքը կասի Ֆեռնանդո Տորեսը, որը շատ բարձրակարգ հարձակվող է իր ուրույն խաղաոճով: Այդպիսի ֆուտբոլիստները թիմում եղանակ են ստեղծում իրենց նպատակասլացությամբ, ռմբարկուի հատկանիշներով: Գերմանիայի հավաքականը շատ հավասարակշռված թիմ է, որի կազմում ինձ դուր էր գալիս Միրոսլավ Կլոզեն: Ճիշտ է, նա դեռեւս չի բացել գոլերի թիվն առաջնությունում, սակայն լավագույն հարձակվողներից մեկն է: Արդյունավետ խաղով աչքի է ընկնում Լուկաս Պոդոլսկին: Մի խոսքով, կան ֆուտբոլիստներ, որոնք ունակ են վճռել հանդիպման ելքը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4