«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2008-06-18 | #116, 2008-06-19 | #117, 2008-06-20


ԴԺԳՈ՞Հ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՑ

Չնայած ընդդիմություն կոչվածը քաղաքական շահարկումներից անմասն չէ, որից հեռու չէ նաեւ իշխանությունը (նույնիսկ կարծիք կա, որ իշխանության համար բավականին ապաշնորհ է խաղում), այնուամենայնիվ հակադիր ճամբարների գաղափարական փոխադարձ «կրակոցներն» անպակաս են ընտանիքներում, տներում ու փողոցներում, էլ չեմ ասում մամուլի ակումբներում ու հանրային այլ վայրերում: Երեկ «Հայացք» ակումբն այս առումով բացառություն չէր, չնայած կրակոցները միայն ընդդիմադիր ճամբարից էին: Ակումբի հյուրերն էին Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը, Գրիգոր Ոսկերչյանի կինը` Մարինե Հարությունյանը եւ Հովիկ Հարությունյանի կինը` Անժելա Ալավերդյանը:

Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը չգիտի թե ինչ սպասելիքներ ունենա Հայաստանում քաղաքական զարգացումներից: «Տեսնենք, տեսնենք, սպասողական տոնով նշեց տիկինը: Կարող է մեր մյուս հանդիպումները Համերբերգի, Բուքիքիոյի ԱՄՆ կոնգրեսմենների հետ լավ արդյունք բերեն»: Տիկին Բրաունը պատմեց, որ իրենց հանդիպումը արտասահմանցի պաշտոնյաներից մեկի հետ արդյունավորվել է մի «ուժեղ» նամակով, որտեղ օգտագործվել է «քաղբանտարկյալ» բառը: Այնուամենայնիվ, արտասահմանյան եւ միջազգային կառույցների նկատմամբ թերահավատություն նկատվեց. «Մենք ասացինք, որ եթե դուք թույլ եք տալիս կամ ավելի երկար ժամկետ եք տալիս (իշխանություններին իրավիճակը փոխելու համար-Ս. Մ.), եթե դուք իրենց քարտ բլանշ եք տալիս, ուրեմն դուք թողնում եք, որ նրանք մեր ընկերներին, մեր ամուսիններին երեք-չորս ամիս էլ, մի տարի էլ անմեղ մարդկանց պահեն», ասաց Մելիսա Բրաունը, պատմելով իրենց հանդիպումներից մեկի մասին: «Երեկ չէ առաջին օրը Կոլոմբիեին հարցրեցի` արդյոք ճանաչո՞ւմ եք փաստը, որ քաղբանտարկյալներ կան Հայաստանում, նա պատասխանեց` մենք չենք նստեցրել նրանց»:

«Իմ տպավորությունն այնպիսին էր, որ ինքը շատ պահպանողական դիրք էր ընդունել, իսկ ամենավերջում ասաց` ես իմ պարտականություններն ազնվորեն եմ կատարում: Սա ավելի կասկած է հարուցում», հավելեց Մարինե Հարությունյանը:

Կանայք հավաստեցին, որ իրենք պահանջում են սանկցիաներ կիրառել Հայաստանի նկատմամբ` քաղբանտարկյալներ պահելու եւ այլ անօրինությունների համար: Սակայն նրանց տրված պատասխաններից մեկը հնչել է հետեւյալ կերպ. «Ի՞նչ եք կարծում, եթե մենք սանկցիաներ կիրառենք, ձեր ամուսինները դո՞ւրս կգան բանտից»:

«Նրանք չպիտի գան այստեղ, մեր ժողովրդավարությանը խանգարեն, նրանք էլ պարտականություն ունեն», միջազգային կառույցների հասցեին ասաց Մելիսա Բրաունը: Նույն կառույցների համբերատար եւ «շոյիչ» գործելաոճի կապակցությամբ բանախոսն իր եզրակացությունն ունի: «Տասը տարի կարծես նույն կերպ եք վարվում, ու մենք ձեզ ասում ենք ` էդ երկիրը գնում է դեպի վատը` ժողովրդի հետ աշխատեք: Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը հայ ժողովուրդ չեն»:

Իսկ ինչ վերաբերում է իրենց ամուսինների գործերին, Անժելա Ալավերդյանը ճշտեց, թե մի քանի ընտանիքների մարտի 1-ը սկսվել է դեռ հոկտեմբերին: «Ես գիտեմ, որ գնացել եւ վերցրել են մի քանիսի իրենց տված օրինական զենքերը»: Տիկինը պատմեց, որ գործեր են հարուցում փամփուշտների համար: «Ինչի՞, եթե մարդը օրինական, մարտական զենք կրելու իրավունք ունի, իրավունք չունի՞ մարտական փամփուշտ մեջը դնելու: Չգիտեմ` օրենք կա, օրենք չկա», ասաց նա:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4