Ֆուտբոլամերձ կրքերը Ռուսաստանում հսկայական չափերի են հասնում: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ Մոսկվայի արվարձաններից մեկում գտնվող մի խանութի մոտ, ավելի շատ հարցեր է առաջացնում, քան բացատրություններ: Հանգիստ զրուցելով ու վայելելով գարեջուր, մի խումբ հայեր ու վրացիներ քննարկել են Եվրոպայի առաջնության հերթական հանդիպումը: Ոչ մի «ազգամիջյան երկպառակություն»: Եվ հանկարծՙ պայթյուն, որի հետեւանքով 17 հոգի հայտնվում են հիվանդանոցում, հինգըՙ ծանր վիճակում:
Ինչպես հաղորդում է Մոսկվայի ներքին գործերի գլխավոր վարչությունը, հետաքննություն է տարվում բացահայտելու միջադեպի հանգամանքները, սակայն առայժմ սոսկ պարզվել է, որ պայթեցվել է ձեռքի նռնակ: Քանի որ կովկասցիները խիստ բարձրաձայն են քննարկել ֆուտբոլային նորությունները, ապա չի բացառվում, որ նռնակը նետված լինի «կողքից»:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա