Այս կողմերում հայերն ու ադրբեջանցիները պահել են պարզ մարդկային, դրացիական հարաբերությունները
Մեր թերթի նախկին հեղինակներից Թաթուլ Հակոբյանը, որ այսօր աշխատակցում է Մ. Նահանգներում լույս տեսնող անգլիատառ «Արմենիան ռիփորթեր» շաբաթաթերթին, պարբերականի վերջին համարում` հունիսի 14, 2008, Վրաստանի գերազանցապես ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանից պատրաստել է մի ուշագրավ թղթակցություն, որը տպագրում ենք թարգմանաբար, առանց կրճատումների:
Ութամյա Զվեյդա Մամեդովան թեեւ ծնված օրվանից ապրում է Վրաստանում, իսկ ազգությամբ ադրբեջանցի է, սակայն ամենավարժը խոսում է հայերեն: Նրա հայրը` Թոֆիկ Մամեդովը, ինչպես Միրզոեւկա գյուղի մյուս բոլոր ադրբեջանցիները, ավարտել է տեղի ութամյա հայկական դպրոցը եւ հրաշալի գիտի հայերեն: Զվեյդայի մայրը` Սվետլանան, ժամանակին եւս ավարտել է հայկական դպրոց` Հայաստանի Ամասիայի շրջանում:
Շատերի համար անհավատալի է թվալու, բայց իրողություն է, որ Միրզոեւկայում ադրբեջանցիները հաճախում են հայկական դպրոց ու առաջինը ծանոթանում են մեսրոպյան այբուբենին: Գյուղի մի քանի ադրբեջանական ընտանիքների համար հայերի շրջապատում բնակվելը եւ իրենց երեխաներին հայկական դպրոց տալը գալիս է դեռ խորհրդային ժամանակներից:
Հայաստանի Տավուշի մարզին սահմանակից Մառնեուլի շրջանում բնակչության մեծամասնությունը ադրբեջանցիներ են, թեեւ կան նաեւ մոտ տասը հազար հայեր, որոնք բնակվում են ինչպես ադրբեջանական բնակավայրերում` Մառնեուլ քաղաքում, Սադախլո, Իմիրի եւ այլ գյուղերում, այնպես էլ հայկական գյուղերում` Շահումյան, Կարմիր, Ախքյոռփի, Չանախչի եւ այլն: Միրզոեւկան մայրաքաղաք Թբիլիսիից մոտ քսան մղոն է հեռու: Գյուղի հարեւանությամբ են անցնում Երեւան-Թբիլիսի ավտոմայրուղին ու երկու պետությունները կապող երկաթուղին:
Էլմիրա Թարզյանը Միրզոեւկա է եկել Ջավախքի հայ կաթոլիկ Հեշտիա գյուղից եւ տասնամյակներ հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում տեղի դպրոցում: Նա ինձ ուղեկցեց այն դասարանները, որտեղ հայ երեխաների հետ նույն նստարանին հայերեն են սովորում գյուղի ադրբեջանցի տասներկու աշակերտները եւ մի քանի ասորիները: Քանի որ մոտակա ադրբեջանական դպրոցը երեք-չորս մղոն հեռու է Միրզոեւկայից, տեղի ադրբեջանցիները նախընտրում են ութամյա հայկական կրթություն ստանալ տեղում, ապա միջնակարգը ավարտել ռուսական կամ ադրբեջանական դպրոցում: Այս կողմերում բնակվող ադրբեջանցիները, հայերը, մյուս ազգությունները գիտեն մի քանի լեզուներ եւ, որ ամենակարեւորն է, գրեթե բոլորը գիտեն միմյանց լեզուները:
«Վատ ազգ չկա, կան վատ մարդիկ», հրաժեշտից առաջ ասաց հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Էլմիրա Թարզյանը:
Նախապես Միրզոեւկան եղել է հայ-ասորի բնակչությամբ գյուղ: Բնակիչների պատմելով, գյուղի հողատարածքները պատկանել են Բաքվի հայ նավթարդյունահանողներից Միրզոեւին, որը համաձայնել է հող տրամադրել Պարսկաստանի հյուսիսից հայերի հետ գաղթած ասորիներին: Հետագայում գյուղում հաստատվել են նաեւ ադրբեջանցիներ:
Ընդհանրապես, այս կողմերում հայ-ադրբեջանական բնական, երբեմն` բարեկամական հարաբերությունները պահպանվել են անգամ ղարաբաղյան պատերազմի ամենաարյունալի շրջանում: Տեղի հայերը ցավում էին արցախցի իրենց հայրենակիցների, ադրբեջանցիները` Ադրբեջանի համար, սակայն դա չխանգարեց, որ երկու ժողովուրդները խուսափեն հնարավոր բախումներից երրորդ երկրի տարածքում:
Կարմիրը Միրզոեւկային հարեւան հայկական գյուղն է, որը մյուս հարեւան` ադրբեջանական Դաշտափա գյուղից, բաժանվում է ընդամենը ավտոճանապարհով: Մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը Կարմիրը կրել է Մանթաշովկա անունը` ի պատիվ հայազգի մեծ նավթարդյունահանող եւ բարերար Ալեքսանդր Մանթաշովի: Իրականում գյուղի հողատարածքները պատկանել են Մանթաշովին, եւ քսաներորդ դարի սկզբում դրանք տրվել են Արեւմտյան Հայաստանից եւ Թավրիզից այստեղ տեղափոխված հայերին:
1980-ական թթ. վերջերին այս շրջան տեղափոխեցին ջրհեղեղների հետեւանքով տուժած մահմեդական աջարներին: Կարմիրի հողատարածքների մի մասը տրվեց նորեկներին: Հայկական եւ հատկապես ադրբեջանական մամուլում լինում են հրապարակումներ, համաձայն որոնց` մահմեդական աջարներին եւ լեռնաբնակ սվաններին Մառնեուլի եւ հարեւան շրջաններ տեղափոխելով Թբիլիսիի իշխանությունները լուծում են դեմոգրաֆիկ խնդիրներ: Սակայն եթե անգամ այդ պնդումներն իրականությանը մոտ են, Մառնեուլի շրջանը շարունակում է մնալ գերազանցապես ադրբեջանաբնակ իր հայ փոքրամասնությամբ եւ գրեթե չերեւացող վրացիներով ու չխոսվող վրացերենով:
Այս շրջանում բնակվող հայերն ու ադրբեջանցիները չգիտեն կամ շատ վատ գիտեն վրացերեն, քանի որ, ինչպես նշեց Կարմիրի բնակիչներից Զուրաբ Գասպարյանը, հիմնական շփումը ադրբեջանցիների հետ է:
«Ղարաբաղյան պատերազմի տարիներին ադրբեջանցիների հետ հարաբերությունները չլարվեցին եւ չփչացան, ճիշտ է` երկու կողմից էլ խուսափում էինք այդ թեմայով քննարկումներից: Իննսունականների սկզբներին, երբ Վրաստանում տիրում էին քաոսն ու անիշխանությունը, վրացական զինված խմբավորումների ավազակային հարձակումներին մենք եւ հարեւան ադրբեջանական գյուղերը միասին էինք դիմակայում», ասաց Գասպարյանը:
Վարդան Սայադյանն արդեն տարիներ Կարմիրի միջնակարգ դպրոցի տնօրենն է: Հայերի եւ ադրբեջանցիների բարիդրացիական համակեցության լավագույն օրինակներից նա եւս ընդգծեց Միրզոեւկայի դպրոցը, ինչպես նաեւ գերազանցապես հայաբնակ Խոժոռնի գյուղը, որտեղ ազերի փոքրամասնությունը հաճախում է տեղի հայկական դպրոցի ադրբեջանական սեկտոր, եւ գերազանցապես ադրբեջանաբնակ Ծոփի գյուղը, որտեղ հայկական փոքրամասնությունը օգտվում է տեղի ադրբեջանական դպրոցի հայկական բաժնից:
«Հայկական եւ ադրբեջանական որոշ շրջանակներում շրջանառվող կարծիքը, թե հայերի եւ ադրբեջանցիների համատեղ բնակվելը եւ համերաշխ ապրելը անհամատեղելի են, անհեթեթություն է: Մեր գյուղը ունի յոթ ադրբեջանական հարեւան գյուղ, որոնցից մեկի հետ բաժանվում ենք մի ավտոճանապարհով: Այդ մարդկանց հետ մենք բացարձակապես խնդիրներ չունենք: Նրանց հետ անշահախնդիր ընկերություն ենք անում», ասաց Սայադյանը:
Կարմիրը Հայաստանին շատ մոտ է, հայրենիքի հետ շփումն էլ ուժեղ է: Նույն կերպ ուժեղ է ադրբեջանցիների շփումը Ադրբեջանի հետ: Սակայն երբեմն խնդիրներ են ծագում: Օրինակ, Վրաստանի ադրբեջանցիները ազատ անցնում են Հայաստան, հիմնականում սահմանամերձ գյուղեր, առեւտրի: Եվ երբ նրանք փորձում են Ադրբեջան գնալ, լուրջ խնդիրներ են ունենում ադրբեջանական իշխանությունների հետ, քանի որ նրանց անձնագրերում երեւում է Հայաստան անցած լինելու կնիք: Հակահայկական քարոզչությամբ եւ հիստերիայով ապրող Բաքվի իշխանությունները չեն ներում Վրաստանում բնակվող ադրբեջանցիներին, քանի որ նրանք անցնում են թշնամի Հայաստանի տարածք եւ առեւտրային համագործակցություն հաստատում հայերի հետ: Վրաստանում բնակվող հայերը խուսափում են Ադրբեջան մեկնելուց:
Կարմիրում հայերը վատ չեն ապրում: Այստեղ հողը շատ բերրի է, եղանակները տաք են, ինչը հնարավորություն է տալիս վաղ գարնանը ստանալու առաջին բերքը եւ բարձր գներով վաճառելու: Սակայն հայերը բողոքում են, որ նախկինի նման չեն կարողանում իրենց բերքը հասցնել Հայաստան, քանի որ մաքսատանը խնդիրներ են առաջանում: Սահմանամերձ շրջաններում բնակվող հայերը մի ժամանակ արտոնություն ունեին` առանց հարկեր վճարելու ազատորեն իրենց մեքենաներով մտնում էին Հայաստանի տարածք: Այսօր օրենքը բոլոր քաղաքացիների համար մեկ է. ավտոմեքենայով յուրաքանչյուր անգամ Հայաստան մտնել-դուրս գալու համար անհրաժեշտ է վճարել մոտ քառասուն դոլար, որը փոքր գումար չէ գյուղացիների համար:
Հայաստան մտնել-դուրս գալու դժվարությունները հատկապես նյարդայնացնում են Մառնեուլի շրջանի հայկական այն գյուղերի բնակիչներին, որոնք անբերրիության, սակավահողության պատճառով շատ դժվար են ապրում: Այդպիսի գյուղերը մի քանիսն են, օրինակ` Շահումյանը, որը ցարական ժամանակներում, երբ Անդրկովկասը Ռուսաստանի մաս էր, Բորչալու գավառի կենտրոնն էր:
Շահումյանը ավելի քան երեք հարյուր տարի առաջ հիմնադրել են այստեղ տեղափոխված արցախահայերը: Այսօր էլ, ի տարբերություն շրջանի մյուս հայկական գյուղերի, որտեղ խոսում են գրականին մոտ արարատյան բարբառով, Շահումյանում խոսում են մաքուր Ղարաբաղի բարբառով: Ավելին, եթե արցախահայությունը խանական եւ ադրբեջանական վերահսկողության տարիներին կորցրել է որոշ սովորույթներ ու ավանդույթներ, ապա Շահումյանում դրանք պահպանվել են:
Խորհրդային տարիներին շահումյանցիները Վրաստանում եւ Հայաստանում հայտնի էին որպես Բաքվից ձկնկիթի եւ թառափ թանկ ձկան հիմնական մատակարար: Օրենքով առեւտուրը անհատների համար խորհրդային երկրում ընդհանրապես արգելված էր եւ պատժվում էր քրեական օրենսգրքով, սակայն կային բացառություններ: Հատկապես ութսունական թվականներին, երբ խորհրդային երկրի խանութների ցուցափեղկերը դատարկ էին եւ կարելի էր գնել, օրինակ, միայն մեկ տեսակի երշիկ կամ անորակ հագուստ, Շահումյանում շատ թանկ գներով վաճառվում էին չեխական հախճապակի, հարավսլավական կոշիկ եւ այլ ապրանքներ, որոնք պարզապես շքեղություն էին խորհրդային երկրի միլիոնավոր քաղաքացիների համար:
Հիմա Շահումյանը շատ է խեղճացել ու անհավատալիորեն աղքատացել: Ժամանակին շուրջ տասը հազար բնակիչ ունեցող քաղաքատիպ ավանից միայն չորս հազարն է մնացել: Շատերը, ովքեր սովոր էին առեւտրին եւ լավ փողերին, հեռացել են այլ երկրներ, քչերը` Հայաստան: Այսօր շահումյանցիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ: Այստեղ շատ լավ է աճում արքայախնձորը, սակայն Հայաստան տեղափոխելու դժվարությունը նրանց ստիպում է ցածր գներով բերքը վաճառել Շահումյան եկող վերավաճառողներին:
Գյուղի բնակիչներից Ալեքսանդր Բաբաջանյանն ասաց, որ Խորհրդային Հայաստանը ավելի սրտացավ էր Շահումյանի նկատմամբ, քան այսօրվա անկախ Հայաստանը:
Նա բողոքեց հատկապես Բագրատաշենի մաքսատան աշխատակիցներից, որոնց, Բաբաջանյանի ասելով, բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ ազգության մարդ է մտնում Հայաստան:
«Եթե հնարավոր լիներ, էլի շատ ընտանիքներ կհեռանային: Այսօր էլ, լավ-վատ յոլա ենք գնում հարեւան ադրբեջանական գյուղերի հետ առեւտրով: Ադրբեջանցիների հետ շատ լավ հարաբերություններ ունենք, մենք գիտենք թուրքերեն, նրանք` հայերեն: Վրացիները մեզ չեն նեղում, բայց անտարբերության են մատնում», ասաց Բաբաջանյանը:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, «Արմենիան ռիփորթեր»