«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2008-06-24 | #120, 2008-06-25 | #121, 2008-06-26


ԱՐԺԵՔԱՎՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԹԵՀՐԱՆՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ, ՈՐ ՉԻ ԿԱՅԱՆԱԼՈՒ

Հետահայացՙ Մարկոս Գրիգորյանի վաստակին

Ժամանակի ժապավենին մարդը թողնում է իր հետքըՙ լավ, վատ, կամ ոչինչ, ըստ իր ապրած-գործածի: Ի՞նչ է ավանդում պատմությունը հետնորդներին, ինչպե՞ս է կատարվում ընտրությունը: Սերունդների հիշողությունն ի՞նչ արժեքներով է սնում իր պատմությունը: Ժամանակի ծալքերում որքա՜ն արժեքներ կորչում-մոռացվում են, չիմաստավորվածՙ մատնվում անտարբերության «ճարակին»: Մինչդեռ խելոք ժողովուրդներն իրենց կենսագրությունը հարստացնում են անցյալի հիշողությամբ, նաեւ ի գին իրենց տաղանդավոր զավակներին փայփայելու:

Ասում ենՙ որքան մարդ այդքան ճակատագիր: Ստեղծագործող մարդկանց համար այդ «ճակատագիրը» շարունակվում է նաեւ մահից հետոՙ կախված, թե հետնորդներն ինչպես կվերաբերվեն իրենց գործերին:

Մարկոս Գրիգորյանը ապրեց հագեցած մի կյանք, իր երկրային ուղին արվեստագետին բնորոշ ելեւէջներով անցկացրեց, կերպարվեստում նոր արտահայտչաձեւերի, նոր միջոցների, նյութի ու երանգի հայտնաբերողի, որոնողի հայացքով: Կյանքում, իրերի աշխարհում բնածին գեղագետի կողմնորոշումով նա ամենասովորական առարկաների մեջ անգամ տեսնում էր դրանցՙ կերպափոխումի ենթակա հնարավորությունները:

Մարկոս Գրիգորյանը Երեւան եկավ 90-ականների սկզբին, Նյու Յորքից: 1930-ականներից տեւական ժամանակ ապրել է Թեհրանում, ապա ուսանել Հռոմի գեղարվեստի ակադեմիայում, աշխատել եվրոպական արվեստի միջավայրում, ցուցահանդեսներ բացել Հռոմում, Փարիզում, Լոնդոնում: Պարսկաստանում բացել է արվեստի իր պատկերասրահ-ստուդիան, սերունդներ է կրթել, ունի իր ոճով ստեղծագործող հետեւորդներՙ համարվելով պարսկական մոդեռնարտի հիմնադիրներից մեկը: Իր նկատմամբ խոր ակնածանք կա հարեւան երկրում:

Տարիներ անց տեղափոխվելով Նյու Յորքՙ նա արագ ընտելանում է ամերիկյան արվեստի միջավայրին, այստեղ նույնպես մի պատկերասրահ է բացում («Արշիլ Գորկի»): Էկոլոգիական շարժման հետ կապված սկսում է նյութի ստեղծագործական նոր որոնումՙ հողանկարչություն ձեւի մեջ:

Երեւանի Արամի փողոցի վրա, Ազգային պատկերասրահի հետնամասի պատին փակցված է «Միջին Արեւելքի թանգարան» ցուցատախտակը: Այստեղ է հանգրվանել Մ. Գրիգորյանիՙ իր տեսակի մեջ բացառիկ հավաքածուն, կազմված հնատիպ գրքերից ու ձեռագիր մատյաններից, նկարներից, խեցեգործական բարձրարվեստ իրերից, հնաոճ գորգերից, հնագիտական արժեքով նմուշներից, իսկ ամենահետաքրքրականը առօրեական իրերի ժամանակագրությունն էՙ կարի մեքենաներ, գրամոֆոններ, ծորակներ, փականներՙ որոշակի միջավայր ու շրջան ներկայացնող: Պարզ հավաքորդի նախասիրությամբ չէին այս իրերը հավաքվել. Մարկոս Գրիգորյանը դա իր կյանքի գործն էր համարում եւ իր համար այնքան թանկ հավաքածուն 1992-ին նվիրեց հայրենիքին, թանգարաննՙ ի հիշատակ իր վաղամեռիկ դուստր Սաբրինայի: Հայաստանի կառավարության կողմից շուրջ 1,5 մլն դոլար գնահատված հավաքածուն ժամանակավոր կեցության տրվեց Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի երկու ընդարձակ սրահներին ու այդպես էլ մշտական հանգրվանի չարժանացավՙ արդեն 16 տարի: Երեւանում ապրում էր Պլեխանով փողոցի թիվ 52 տանը, տարվա մի մասըՙ Նյու Յորքում, որտեղ նույնպես բնակարան ուներ, այստեղ նրա սեփական ստեղծագործությունների հավաքածուն է: Մի յուրահատուկ պատկերասրահ-ստուդիա Մարկոն (մտերիմները նրան այդպես էին ասում) ստեղծել էր Գառնիում: Այստեղ նա փորձում էր հայկական գորգագործության ավանդույթները վերականգնել: Ինքը գորգերի հավաքորդ էր, հայկական գորգերի անհետացող նախշազարդերը հավաքում ու դրանք կյանքի էր կոչում նոր գորգերի մեջ, ինքն էլ ստեղծում էր իր սեփական նախշազարդերը, պատկերները:

Կյանքի վերջին շրջանում մխիթարությունը մտերիմներն էին, իրերի բազմաբղետ, գողտրիկ աշխարհը եւ հայրենիքում սեփական թանգարան ունենալու հույսը, որի անկատար փափագով էլ հեռացավ այս աշխարհից: Արագ վերաշինվող մեր քաղաքում հաճախ քայլելիսՙ պարզ մի հարց սղոցում է միտքդ. այսքանի մեջ մի՞թե Մարկոյին տեղ չեղավ: Չէ, չեղավ. ճակատագիրՙ տարաբախտ, որ շարունակվում է նաեւ իր ողբերգական մահից հետո, 82 տարեկանում Երեւանի իր բնակարանում ենթարկվեց դաժան ծեծի. նրա բնակարան գողության էին ներխուժել ավազակները:

Օտար ափերից հայրենիքում հանգրվանած արվեստագետի կյանքի մայրամուտը դափնեպսակի փոխարեն փշեպսակներով «զարդարվեց»: Այդ դեպքից շատ չանցած նա կաթվածահար եղավ, պաշտոնական հուղարկավորությունը կատարվեց Երեւանի քաղաքային պանթեոնում:

Շուտով կլրանա Մարկոս Գրիգորյանի մահվան մեկ տարին: Ինքը գնաց, ստեղծագործությունները մնացին, որոնց ճակատագիրը որոշում են ժառանգները, հետնորդները, մենք: Կենսագրական տվյալներով ապրող մարդ չէր Մարկոն, ապրում էր Աստծոՙ իրեն տված շնորհներով, իր խղճի ու մտքի հանգույն: Հիմա հերթը մերն է, մեր խղճինըՙ կպահպանե՞նք հայրենիքին արած իր նվիրատվությունը, կունենա՞ հավաքածուն մշտական ցուցադրավայր-թանգարան:

Գառնիի իր բնակարան-ստուդիան 2 տարի առաջ եւս ենթարկվեց գողության, այդ տունը Մարկոն լիազորել էր վաճառել իր ԱՄՆ մեկնելուց հետո: Մինչդեռ վաճառքը կայացավ նրա մահից հետո, երբ արդեն լիազորագիրը ուժը կորցրած էր: Թեհրանի արդի արվեստի թանգարանի ներկայացուցիչ, արվեստաբան-լրագրող Ժանեթ Լազարյանի մտահոգությունը Մարկոս Գրիգորյանի ստեղծագործությունների եւ նյութական ժառանգության հետագա ճակատագրի հանդեպ հետեւողական է: Ու հիմա ափսոսանք ունի Գառնիի բնակարան-ստուդիայի համար. «Այդ տունը այժմ կարող էր որպես թանգարան ծառայել»: Չեղավ: Մարկոս Գրիգորյանի թալանի ենթարկված Երեւանի տան հետ կապված ոստիկանությունը առայժմ որեւէ բացահայտում չի արել, ոչ մի արձագանք:

Արձանագրում

Մարկոս Գրիգորյանի նյութական ժառանգության մի մասը հավաքածուի տեսքով իբրեւ նվիրատվություն հայրենիքին արեց հեղինակը, 2 տներիցՙ Գառնիինը վաճառվեց, իսկ Երեւանինը առայժմ կողպված է: Զարմիկները մահից հետո Երեւանում ասել էին, թե չունեն հավակնություններ տան հետ կապված, որ «այստեղ իրենց հորեղբոր հոգին է»:

Մարկոյի ստեղծագործությունների հիմնական մասը Նյու Յորքի իր տանն է: Մ. Գրիգորյանի Երեւանի տանը կտակ չի հայտնաբերվել: Ժանեթ Լազարյանը թերահավատ է, թե արվեստագետը կտակ չի թողել: Երեւանի «Միջին Արեւելքի թանգարանին» ցայսօր պաշտոնապես ինքնուրույն կարգավիճակ ու տեղ չի տրվել:

Գնահատման կես ճանապարհին

Պարսկաստանում գնահատված արտիստ է Մարկոս Գրիգորյանը: Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանը նրա մահվան տարելիցի կապակցությամբ նախատեսել էր սեպտեմբերին կազմակերպել հետահայաց ցուցահանդեսՙ տրամադրելով թանգարանի բոլոր 9 սրահները: Սա լինելու էր Մարկոս Գրիգորյանի կյանքի եւ ստեղծագործական ընթացքի ամբողջացումը, պատշաճ վերաբերմունք նրա վաստակին եւ պարսկական արվեստում ունեցած ներդրումին: Կազմակերպվելու էին կոնֆերանսներ, դասախոսություններ, բանավեճեր, տպագրվելու էր գիրք-կատալոգ: Ցուցահանդեսի պատասխանատու եւ կազմակերպիչ նշանակվել էր մեր հայրենակից, թեհրանաբնակ Ժանեթ Լազարյանը: Որպես թանգարանի լիազոր ներկայացուցիչ, պաշտոնական գրությամբ մայիսին մեկնում է Նյու Յորք, որտեղից Մարկոսի ժառանգների հետ, ըստ նախնական գրավոր եւ բանավոր պայմանավորության, պետք է ընտրեր ցուցահանդեսային գործեր եւ տեղափոխեր Թեհրանՙ հետ վերադարձնելու պայմանով: Ապահովագրության եւ ճանապարհի ծախսերը ստանձնել էր Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանը: Ցավոք, ցուցահանդեսի կայացումը բեկանվել է զարմիկների անհամաձայնության, նախապես տված խոստումը դրժելու պատճառով:

«ԱՄՆ-ում ես նրանց ասացի, որ սա ամենաքիչ բանն է, որ դուք կարող եք ձեր հորեղբոր համար անել», պատմում է Ժանեթ Լազարյանը: Մայիսին տեղի ունեցած մի աճուրդում Մարկոս Գրիգորյանի զարմիկիՙ Միշել Փրոթիվայի (քրոջ որդին)ՙ «Բանամ» կազմակերպությանը տված գործը (50x50) վաճառվել է 33.000 դոլարով: Ավելի վաղ Թեհրանից ուղարկված մեկ այլ աշխատանք վաճառվել էր 220.000-ով: «Դժբախտաբար, աճուրդներից հետո նրանք մտափոխվեցին: Կարծում եմՙ Միշելը տատանվում էր, թե նկարները Պարսկաստանից չեն վերադառնա: Ես նրանց ասացի, որ ցուցահանդեսին մասնակցելուց հետո այդ նկարների արժեքը ավելի կբարձրանա: Եվ պարսիկ հավաքորդների համար ավելի հեշտ կլիներ Թեհրանից գնելը: Նախապես զարմիկները անգամ ցանկություն էին հայտնել մասնակցել ցուցահանդեսին, իսկ Նյու Յորք իմ գնալուց հետո Մարկոյի գործերը չտրամադրելը պատճառաբանեցին, թե հակասություն ունեն միմյանց հետ ընտանեկան անհամաձայնությունների պատճառով: Նրանք պատճառաբանեցին նաեւ, որ ավելի ուշ տարիքում դրանք իրենց համար թոշակի ապահովագրություն կլինեն... »:

Ժանեթ Լազարյանը Նյու Յորքում գտնվելու ժամանակ ռետրոսպեկտիվ ցուցահանդեսի պայմանների ու առաջարկների մասին (նկարների փաթեթավորման, առաքման, ապահովագրության ծախսերը հոգալու եւ հետ վերադարձնելու) գրավոր ներկայացրել է Միշել Փրոթիվայինՙ խնդրելով նրանից չհամագործակցելու իր որոշման մասին հայտնել թանգարանի տնօրեն պրն դոկտ. Սադեղին: «Ձեր հորեղբայրը մեծ արտիստ էր, Իրանի ժամանակակից արվեստի հիմնադիրներից: Շատ եմ ցավում, որ չեք համագործակցում թանգարանի հետ, որ չեք օգտվում կյանքում մեկ անգամ ընձեռված այս առիթից»: Ժանեթ Լազարյանը Նյու Յորքից Թեհրան վերադառնում է ձեռնունայն. «Այս վիճակը Պարսկաստանի հայ համայնքի եւ ինձ համար շատ ծանր է: Պարսկական կառավարությունը պատրաստ էր ամեն ինչի: Դժվար է նման պայմաններում ինչ-որ բան անել, երբ մենք մի նկարի համար պիտի աղաչենք: Այս տղաները չհասկացան»: Տկն. Լազարյանը գտնում է, որ նրանք պաշտոնական ժառանգներն են Մարկոս Գրիգորյանի եւ իրավունք ունեն ժառանգության. «Ես կասկածում եմ, որ Մարկոսը կտակ չունենար, նրան միշտ հիշեցնում էի, որ ունեցվածքի համար մի բան մտածի, գիտեիՙ հարաբերությունները այնքան էլ լավ չէին զարմիկների հետ»:

Ժանեթ Լազարյանը նաեւ որպես լրագրող է վաղեմի հարաբերություններ ունեցել Մարկոս Գրիգորյանի հետ: «Մարկոսը եղբորս ընկերն էր, երկուսն էլ մարզիկներ էին: Եղբայրս 10 տարի առաջ մահացավ: Մարկոսին վերաբերվել եմ իբրեւ ավագ եղբոր: Ամեն տարի այստեղ գալուց առանց Մարկոսի Երեւանն ինձ համար դատարկ է եղել: Վերջին անգամ, երբ ասացիՙ մի բան մտածի, ինքն ասացՙ ինձնից հետո դու շատ գործ ունես: «Ես քեզնից առաջ եմ գնալու, ինձ համար պարտականություն մի թող», ասացի: Եվ հիմա եղավ այսպես»:

Հոգու պարտք:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հ. Գ. Մարկոս Գրիգորյանի մահվան առաջին տարելիցի կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը Երեւանում պատրաստվում է կազմակերպել ցուցահանդես: Հայաստանում Պարսկաստանի դեսպանությունը, դեսպան Սաղայանը աջակցություն ու համագործակցություն են հայտնելՙ մասնակցելու ցուցահանդեսի աշխատանքներին:

Մարկոս Գրիգորյանի տարեդարձի օրը` դեկտեմբերին Թեհրանում նախատեսվող Պարսկաստանի հայ մոդեռն նկարիչների ցուցահանդեսի (Ժանեթ Լազարյանի կազմակերպությամբ) հաջողության պարագայում հնարավորություն կստեղծվի արվեստագետին ներկայացնելու առավել ամբողջական եւ պատշաճ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4