«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2008-06-27 | #123, 2008-06-28 | #124, 2008-07-01


ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ՏԵՂԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ

Պետական բյուջեն չի ստանում մոտ 50 մլրդ դրամ

Շահութահարկի գծով ներկայումս գործող արտոնությունը վերածվել է այդ հարկատեսակի վճարումից ազատվելու օրենքով ընձեռված հնարավորության: Սա այլեւս ոչ ոքի կասկածը չի առաջացնում: Ժամանակին այդ արտոնությունը սահմանվել էր Հայաստան օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար, քանի որ նախատեսում էր Հայաստանում 1 մլն դոլար եւ ավելի ներդրումներ կատարած ընկերությանը առաջին երկու տարիներին ամբողջությամբ եւ դրան հաջորդող եւս մի քանի տարի կիսով չափ ազատել շահութահարկի վճարումից: Սակայն գաղտնիք չէ, որ այս հնարավորությունը լավագույնս օգտագործեցին տեղական գործարարները, որոնք իրենց գործող կամ նորաստեղծ ընկերությունները վերագրանցում են որպես օտարերկրյա ներդրումներով ընկերություններ եւ տարիներ շարունակ խուսափում շահութահարկ վճարելուց:

Համաձայն հարկային պետական ծառայության հրապարակած («Ազգ», 27 հունիսի 2008 թ.) 2007-ին եւ դրան նախորդողՙ 2006-ին այդ արտոնություններից օգտվողների ցանկի, 63 ընկերություններ այդ տարիներին օգտվել են հիշյալ արտոնությունից: Նախորդ տարի հրապարակած համանման ցանկում ընդգրկված էին եղել 73 ընկերություններ:

Վերոնշյալ 63-ից 19 օգտվել են վերջին երկու կամ մեկ տարվա ընթացքում շահութահարկը 100 տոկոսով չվճարելու արտոնությունից: Այդ 19-ից 4-ըՙ «Էլեկտրացանցսպաս», «Շեն կոնցեռն», «Շողակն» եւ «Սալեքս գրուպ» ընկերությունները, օգտվել են այդ արտոնությունից վերջին 2 տարիներին: Նշենք նաեւ, որ «Սալեքս գրուպի» սեփականատեր Սամվել Ալեքսանյանը տարիներ շարունակ օգտվում է այդ արտոնությունիցՙ լուծարելով եւ վերագրանցելով իր ընկերությունն այլ անունով:

Շահութահարկիՙ օրենքով ընձեռած 100 տոկոս եւ 50 տոկոս նվազեցված վճարելու արտոնությունից 2007-ին եւ 2006-ին օգտվել են նաեւ մի շարք այլ խոշոր գործարարներին պատկանող հայտնի ընկերություններ: Մասնավորապես, դրանց թվում են Գուրգեն Արսենյանին պատկանող «Արսօյլը», Խաչիկ Խաչատրյանին պատկանող «Վալենսիան» («Ջրաշխարհը»), Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ Վելլին», Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա ցեմենտը», Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռնը», Վալերի Մեջլումյանին պատկանող «Արմենիան քափըր փրոգրամը»: Բոլորն էլ գիտեն, որ վերոնշյալ ընկերությունների իրական սեփականատերերը եւ ներդրումներ կատարողները հենց այդ մարդիկ են եւ օտարերկրյա կապիտալ այս ընկերություններում չկա:

Այս ցանկում կան բազմաթիվ այլ հայտնի ընկերություններ եւս, որոնք իսկապես ստեղծել են օտարերկրյա ներդնողները եւ օգտվում են այս արտոնությունից: Դրանց զգալի մասն արդեն երկար տարիներ գործում է Հայաստանում, եւ հարկային արտոնությունների անհրաժեշտությունՙ այստեղ գործունեությունը շարունակելու համար նրանք այլեւս չունեն: Պետք է նկատի ունենալ այն կարեւոր հանգամանքը, որ ներկայիս Հայաստանն ու 90-ականների Հայաստանը մեծապես տարբերվում են միմյանցից, եւ օտարերկրյա ներդնողներին շահագրգռելու համար հարկ է անընդհատ բարելավել բիզնես մթնոլորտը եւ ապահովել հավասար մրցակցային պայմաններ: Եվ հենց հավասար ու արդար մրցակցությունն է պահանջում հրաժարվել հարկային արտոնություններ տրամադրելուց:

Շահութահարկի արտոնության վերացմամբ զգալիորեն կավելանան պետական բյուջեի եկամուտները: Փորձագիտական գնահատականներով, եթե վերոնշյալ 63 ընկերությունները, որոնք բոլորն էլ բարձր շահութաբերությամբ են աշխատում, չունենային այս արտոնությունը եւ վճարեին շահութահարկ, ապա պետական բյուջեն հավելյալ կստանար առնվազն մոտ 50 մլրդ դրամ: Հասկանալի է, թե ինչ մեծ գումարների մասին է խոսքը:

2007-ն, ըստ օրենքում կատարված փոփոխության, պետք է լիներ շահութահարկի արտոնությունից օգտվելու վերջին տարին: Այսինքն, այս տարի, 2008-ի բյուջեում մոտ 50 մլրդ դրամով ավելի եկամուտներ կարող ենք ակնկալել միայն այս հարկատեսակի գծով: Իսկ գուցե խոշոր գործարարների լոբբիինգը կփորձի եւս մեկ անգամ երկարաձգել այդ արտոնության գործունեության ժամկետը: Կտեսնենք տարեվերջին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4