Կարծում է Խոսրով Հարությունյանը
Հանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգող հանձնախումբն արդեն 2-3 նիստ է հրավիրել, քննարկել հանրության տարբեր շրջանակներից ստացված առաջարկություններն ու նամակները: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում տեղեկացրեց Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության (ՀՔԴՄ) նախագահ, հանձնախմբի անդամ Խոսրով Հարությունյանը:
Խոսրով Հարությունյանը հավաստիացրեց, որ Հանրային խորհրդի գաղափարը հետաքրքրել է հանրության տարբեր շրջանակներին, եւ այս օրերին երկրի ղեկավարի աշխատակազմը Հանրային խորհրդի ձեւավորման մասին զարմանալի քանակի առաջարկություններ է ստացել: Այս պահին, Խոսրով Հարությունյանի խոսքով, խորհրդի հանձնախումբը զբաղված է առաջարկները քննարկելով, իսկ հաջորդ շաբաթվանից նախատեսում է հանդիպումներ հանրության տարբեր միավորների հետ: «Կարծում եմ, մեկուկես ամիս հետո կկարողանանք նախագահին ներկայացնել ապագա Հանրային խորհրդի կազմը, կանոնակարգը, գործունեության հնարավորությունները», նշեց ՀՔԴՄ ղեկավարը:
Խոսրով Հարությունյանի խոսքով, ստացված առաջարկությունների մի մասը կկամրջի հանրությանն ու երկրի ղեկավարությանը: Առաջարկությունների հիմնական շեշտադրումներից ակումբի հյուրը առանձնացնում է նաեւ այն, որ նամակագիրների մի մասն էլ ապագա Հանրային խորհուրդը համարում է մի կառույց, որտեղ կքննարկվեն հասարակությանը հուզող լուրջ խնդիրներն ու կներկայացվեն երկրի բարձրագույն իշխանությանը` հանրապետության նախագահին: Առաջարկ է եղել նաեւ Հանրային խորհուրդն ամենատարբեր խնդիրների փորձագիտական քննարկման մարմին դարձնել: «Հասարակության մի մասն էլ իշխանությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող միջնորդավորված մարմին է համարում Հանրային խորհուրդը», նշեց ակումբի հյուրը:
Պատասխանելով Հանրային խորհրդի վստահելի լինելու մասին «Ազգի» հարցին` Խոսրով Հարությունյանն ընդգծեց, որ խորհրդի վստահությունը կչափվի նրա աշխատանքով, հասարակության պահանջներն արդարացնելու աստիճանով: Ինչ վերաբերում է հասարակության սպասելիքներին, ապա Խոսրով Հարությունյանը հստակեցնում է, որ Հանրային խորհուրդը հասարակությանը հետաքրքրող խնդիրները պետք է երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում պահի: «Ոչ թե հարցեր է լուծելու, այլ նպաստելու է քաղաքացիներին հուզող հարցերի լուծմանը»:
«Հանրային խորհուրդը չի կարող եւ չի փոխարինի Ազգային ժողովին, բայց այն բացը, որ այսօր կա իշխանություն-հասարակություն խզման առումով, կարող է լրացնել եւ դրական դերակատարում ունենալ», հավելեց ՀՔԴՄ ղեկավարը: Հանրային խորհրդին ընդդիմության մասնակցության մասին էլ նշեց, թե ընդդիմության մասնակցությունը ցանկալի կլիներ, բայց բացակայությունն էլ չի ազդի խորհրդի հեղինակության վրա:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ