«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2008-06-28 | #124, 2008-07-01 | #125, 2008-07-02


ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Այս տարի միայն Շիրակի մարզում

Այս տարի Շիրակի մարզի գյուղացիներին կառավարությունը կաջակցի սուբսիդավորելով նրանց տրամադրված վարկերի տոկոսադրույքների մի մասը: Այս որոշման մանրամասներին երեկ Տնտեսական լրագրողների ակումբի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձան գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը, ԿԲ խորհրդի անդամ Կարինե Մինասյանը, ֆինանսների նախարարության գյուղական ֆինանսավորման կառույցի ղեկավար Արա Մուրադյանը:

Ըստ Սամվել Ավետիսյանի, այս տարվա հունիսի 30-ից մինչեւ 2009-ի հունիսի 30-ը կառավարության հաստատած փորձնական ծրագրով 100 մլն դրամ է տրամադրվելու գյուղացիներին հատկացված վարկերի տոկոսադրույքների 10 տոկոսը փոխհատուցելու համար: Միաժամանակ, միջոցառումներ են նախատեսվում այդ վարկերի ռիսկայնության նվազեցման ուղղությամբ:

ԿԲ խորհրդի անդամ Կարինե Մինասյանը նշեց, որ 1 տարվա ընթացքում Շիրակի մարզի այն գյուղացիները, որոնք այս ծրագրով կստանան միջինը 24 տոկոսադրույքով վարկեր, կստանան այդ տոկոսադրույքի 10 տոկոսի փոխհատուցումը: Դրա համար գյուղացիները պետք է ունենան բանկային հաշիվներ, իսկ սուբսիդավորումը կկատարվի հետեւյալ կերպ. գյուղացին ամբողջությամբ կմարի վարկի տոկոսը, որից հետո 10 տոկոսը 10 օրվա ընթացքում պետությունը կփոխանցի նրա հաշվին: ԿԲ խորհրդի անդամը զգուշացրեց, որ այն վարկային կազմակերպությունները եւ բանկերը, ինչպես գյուղացիները, որոնք կխախտեն այս ծրագրի պայմանները, դուրս կմնան ծրագրից:

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Արա Մուրադյանն ավելացրեց, որ 100 մլն դրամ վարկավորման սուբսիդավորման ծրագիրն իրականացվում է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շրջանակներում եւ սուբսիդավորումն ընդհանրապես որպես երեւույթ համարվում է ծայրահեղ միջոց:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4