«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2008-06-28 | #124, 2008-07-01 | #125, 2008-07-02


ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ «ԱՐԱՔՍ» ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ ԵՎ ԱԿՆԱՇԵՆ ԳՅՈՒՂ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելեց Արմավիրի մարզ: Առաջին հանգրվանը Ջրառատ գյուղում գտնվող «Արաքս» թռչնաֆաբրիկան էր, որտեղ տեղադրվել են նոր հոսքագծեր: Կարեւորելով ֆաբրիկան ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինելու աշխատանքները, Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ դա թույլ կտա բարելավել ֆաբրիկայում իրականացվող տեխնոլոգիական բոլոր գործընթացները եւ բարձրացնել արտադրողականությունը: «Ամենակարեւորն այն է, որ ֆաբրիկան ապահովում է սննդի անվտանգություն: Ողջունելի է սեփականատիրոջ` ֆաբրիկան վերազինելու նախանձախնդիր մոտեցումը», նշեց վարչապետը:

Նոր սարքավորումները ձեռք բերելու համար գերմանական «ԷՄՖ» ընկերության հետ կնքվել է 1,5 մլն եվրո արժողությամբ պայմանագիր եւ գնվել են թռչունների սպանդն ամբողջությամբ ավտոմատացնող գերժամանակակից սարքավորումներ:

Թռչնաֆաբրիկայի մորթի արտադրամասը գործելու է Եվրոպական միության կողմից հաստատված սննդի անվտանգության չափանիշներին համապատասխան: Մասնավորապես, թռչնամսի վերամշակման ժամանակ այլեւս չեն օգտագործվելու մարդու համար վտանգավոր քիմիական նյութերՙ թռչնամսի ապրանքային տեսքը, գույնը եւ որակական այլ հատկանիշները պահպանելու համար: Նոր հոսքագծերով հնարավոր է 1 ժամում սպանդի ենթարկել մինչեւ 3 հազար 500 թռչուն:

Ջրառատից հետո Տիգրան Սարգսյանը հանդիպեց մարզի Ակնաշեն գյուղի բնակիչների հետ: Ակնաշենի համայնքապետը նշեց, որ մինչ օրս Ակնաշենը հատուկ պետական ֆինանսավորում չի ստացել այս կամ այն հարցի լուծման համար, գյուղի 40 տարուց ի վեր շահագործվող միջնակարգ դպրոցը վթարային վիճակում է, գյուղը գազաֆիկացված չէ եւ այլն: Ակնաշենի բնակիչները նաեւ բարձրացրին ոռոգման ջրի խնդիրը: Գյուղում նախկինում շահագործվող արտեզյան ջրերի հորերի մի մասն արդեն շահագործման ենթակա չէ, իսկ նոր ջրհորերի բացումը բավականին մեծ ծախսեր է պահանջում: Ոռոգման ջրագծերի գործող ցանցը բարոյապես մաշված է, մեծ տարածությամբ հողեր մնում են անմշակ:

Վարչապետին ուղեկցող գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը նշեց, որ կարվի ամեն հնարավորը առաջիկա ամիսներին գյուղում արտեզյան եւս մեկ ջրհոր շահագործման հանձնելու համար, իսկ ոռոգման ցանցի վերանորոգումը կընդգրկվի նախարարության աշխատանքների ցանկում:

Տիգրան Սարգսյանն իր հերթին նշեց, որ իրեն ուրախացնում է, որ համայնքներում առաջին հերթին բարձրացնում են դպրոցի վերանորոգման խնդիրները, որոնք լուծելը շատ կարեւոր է: Ինչ վերաբերում է ոռոգման խնդիրներին, ապա վարչապետը հայտնեց, որ կտրվեն հանձնարարականներ ուսումնասիրություններ կատարելու եւ հստակեցնելու համար, թե որտեղ ավելի արդյունավետ կլինի համապատասխան սարքավորումներ տեղադրել արտեզյան ջրերն օգտագործելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4