Արդեն մեզ ծանոթ սցենարով ադրբեջանական քարոզչամեքենան դժգոհությունների հերթական ալիքն է բարձրացրել, որում մեղադրում է ղարաբաղյան կողմին, իբր, սահմանամերձ գոտում ադրբեջանցիներին պատկանող ցանքատարածությունները հրկիզելու մեջ: Իրականում, ցածրադիր վայրում հացահատիկի բերքն ավելի շուտ է հավաքվում, եւ բերքահավաքից հետո հենց ադրբեջանցի ֆերմերներն են հրդեհում հնձած արտերը, որտեղից էլ կրակը տեղափոխվում է սահմանից այս կողմ: Հայ ֆերմերներին պատկանող չհնձած արտերի հրկիզումների պատճառ են դառնում նաեւ հակառակորդի արձակած լուսածիր գնդակները: ԼՂՀ արտգործնախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն, հունիսի 29-ին սահմանամերձ Լեւոնարխ եւ Հակոբ Կամարի գյուղերի տարածքում, հնձի ժամանակ ազերի զինվորները մի քանի ժամ շարունակ կրակի տակ էին առել հայ կոմբայնավարին: Վերջինիս հաջողվել է մի կերպ դուրս գալ անվտանգ գոտի, իսկ հունձը դադարեցվել է: Նման դեպքեր անցած օրերին տեղի են ունեցել նաեւ շփման գծին հարակից այլ վայրերում:
Դեռեւս 2006 թվականին ԵԱՀԿ հատուկ հանձնաժողովը բնապահպանական իրավիճակի դիտարկում է անցկացրել հակամարտության շրջանում` հերքելով ադրբեջանական կողմի բոլոր մեղադրանքները: Ընդ որում` հանձնաժողովը հրդեհների դեմ պայքարելու վերաբերյալ մի շարք հանձնարարականներ էր տվել, որոնք պետք է համատեղ իրականացնեին երկու կողմերը: Սակայն Ադրբեջանը ոչ միայն գործնականում հետամուտ չէ այդ շրջանում բնապահպանական խնդիրների լուծմանը, այլեւ հետեւողականորեն շարունակում է անհիմն մեղադրանքների հիստերիան: Ինքնին պարզ է, որ միտումնավոր հրկիզումները կատարվում են ոչ առանց ադրբեջանական իշխանությունների իմացության եւ ուղղված են ԼՂՀ պարենային անվտանգության դեմ, ինչպես նաեւ տարածաշրջանում անվստահության մթնոլորտի պահպանմանը: Իսկ դա էլ իր հերթին վկայում է, որ Ադրբեջանում հակամարտության խաղաղ լուծման շահագրգռության հայտարարություններն ընդամենը քաղաքական խուսանավումների դրսեւորումներ են:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԵԼՅԱՆ, Ստեփանակերտ