Պարզեցված հարկի փոխարեն պարզեցված հաշվարկներ եւ հարկման ցածր դրույքաչափեր
Փոքր բիզնեսի հարկման նոր քաղաքականության որոշ մանրամասներ երեկ հրապարակվեցին հարկային պետական ծառայությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ, որը վարում էր ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Հրավիրված էին նաեւ էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչները, փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) տնօրենը, տարածքային կառույցների ղեկավարները, ինչպես նաեւ հարկային ծառայության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչները:
Արմեն Ալավերդյանը ներկաներին տեղեկացրեց, որ սկսվելու է ՓՄՁ ԶԱԿ-ի հետ փոխհամաձայնեցված քաղաքականություն: Ըստ նրա, ծառայությունների մատուցման խնդիրն աստիճանաբար տեղափոխվելու է տարածքային հարկային ստորաբաժանումներ, որոնք պետք է աշխատեն ՓՄՁ ԶԱԿ-ի տարածքային կենտրոնների հետ համագործակցելով:
Փոքր բիզնեսի նկատմամբ նոր հարկային քաղաքականությունը ներկայացրեց ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ Վախթանգ Միրումյանը: Նա նախ նշեց, որ նոր հարկային քաղաքականության փաթեթում դրված են երկու սկզբունքներ: Առաջին սկզբունքն այն է, որ միասնական հարկային դաշտ պետք է լինի բոլորի համար, իսկ երկրորդըՙ փոքր բիզնեսից պահանջվելու են պարզեցված հաշվետվություններ:
Որոշակի շեմ է նախատեսվում ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարող չհամարվելու համար: Առաջարկվում է 2009-ի հունվարից դադարեցնել պարզեցված հարկի գործունեությունը եւ սահմանել տարեկան 50 մլն դրամ շեմ, որը չգերազանցողները համարվելու են ԱԱՀ չվճարողներ: Դրանք հիմնականում ներկայիս պարզեցված հարկ վճարողներն են լինելու: Իսկ ամսական ԱԱՀ վճարող համարվելու չափն առաջարկվում է ներկայիս ամսական 60 մլն դրամից բարձրացնել 100 մլն դրամի: Դա հնարավորություն է տալիս հիշյալ ընկերություններին ամսական հաշվետվությունների փոխարեն ներկայացնելու եռամսյակային հաշվետվություններ:
Հաջորդ նոր առաջարկն առնչվում է փաստաթղթաշրջանառությանը, որտեղ նախատեսվում է ներդնել պարզ հաշվարկային փաստաթղթեր, ինչպես նաեւ որոշակի շեմի պայմաններում որպես ծախսը հիմնավորող փաստաթուղթ են համարվելու հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կտրոնները: Եթե նախկինում տարեկան ոչ ավելի, քան 1 մլն դրամի չափով էին ՀԴՄ կտրոնները համարվում ծախս հիմնավորող փաստաթղթեր, ապա այժմ այս սահմանը նախատեսվում է հասցնել ամսական 3 մլն դրամի կամ տարեկան 36 մլն դրամի:
ԱԱՀ չվճարող տնտեսվարողների համար նախատեսվում է ամսական իրացման շրջանառությունից 1 տոկոս նվազագույն շահութահարկ գանձել, առանց ամորտիզացիոն մասհանումները հաշվի առնելու եւ առանց կանխավճարների կատարման պարտավորության: Նրանք ազատվում են նաեւ հաշվապահական հաշվեկշիռ եւ ֆինանսական արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու պարտավորությունից եւ տարին մեկ անգամ ներկայացնելու են շահութահարկի պարզեցված հաշվարկ: Միաժամանակ, կրճատվելու է նաեւ ԱԱՀ չվճարողների կողմից եկամտահարկին փոխարինող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների չափըՙ 15 եւ 5 տոկոս դրույքաչափերի փոխարեն սահմանվելու է միասնական 3 տոկոս:
Վախթանգ Միրումյանը փոքր բիզնեսի նկատմամբ կիրառվող այս քաղաքականությունն անվանեց միաժամանակ խրախուսող եւ կոշտ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ