Հուլիսի 1-ին Լոռու մարզ այցելեցին Հայաստանում Հունաստանի դեսպան Իոանիս Կորինթիոսը եւ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Հայաստանի եւ Վրաստանի գրասենյակի տնօրեն Լոլա Կաստրոն: Վանաձորում նրանք հանդիպեցին Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի հետ: Հունաստանի կողմից 295 հազար ԱՄՆ դոլարի արժողությամբ 300 տոննա ցորենի ալյուրի նվիրատվություն է կատարվել ՄԱԿ-ի ՊՀԾ-ինՙ Հայաստանում իր գործունեության մի քանի ամիսների ընթացքում հազարավոր կարիքավոր մարդկանց սնունդ հասցնելու համար: Տեղում գնված ցորենի ալյուրը կբաշխվի 5 հազար մարդուՙ որպես օգնություն, ինչպես նաեւՙ ՊՀԾ-ի օժանդակ «Սնունդ` աշխատանքի դիմաց» եւ «Դպրոցական սնուցման» ծրագրերի շրջանակներում Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի մարզերում եւ Երեւանում:
Մեր հարցին, թե Հայաստանում շուտով ավարտվում է ՊՀԾ-ի ծրագիրը եւ կա՞ արդյոք փոխարինող որեւէ այլ ծրագիր, տիկին Կաստրոն պատասխանեց.
- Առանձին փոխարինող ծրագիր չկա, բայց կան օժանդակող այլ ձեւեր: Մենք ծրագիրը հանձնելու ենք Հայաստանի կառավարությանը, պետք է սովորեցնենք մեր իմացածը լոգիստիկայի մասին (ինչպես սնունդը տեղ հասցնել, տեխնիկական խնդիրների մասին եւ այլն): Հայաստանի կառավարությունը եւս քայլեր է ձեռնարկում կարիքավորներին օգնելու համար, բարձրացվել են թոշակները, նպաստները: Երրորդ ձեւն այն է, որ մարդիկ եւ համայնքներն իրենք մտածեն իրենց մասին: Օրինակ` մեր օժանդակությամբ Յաղդան համայնքում անցկացվել է ոռոգման ջրագիծ, որի շնորհիվ ոռոգվում է 180 հա հողատարածք:
Մարզպետ Արամ Քոչարյանի հետ հանդիպումից հետո հյուրերը Լոռու փոխմարզպետ Զոհրաբ Թորոսյանի, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի Լոռու մարզի դիտորդ Վլադիմիր Ղարաջյանի եւ այլոց ուղեկցությամբ այցելեցին Վանաձորի Տարոն թաղամասի հարեւանությամբ գտնվող տարածքը, որտեղ Անտառաշեն համայնքի մերձակայքի հետ միասին` «Սնունդ` աշխատանքի դիմաց» ծրագրով 8 հեկտարում տնկվել է 21 հազար 600 սոճի: Ինչպես տեղեկացրեց Գուգարքի անտառտնտեսության ավագ անտառապետ, «Հայկական կանաչ խաչ» ՀԿ-ի «Անտառվերականգնում» ծրագրի համակարգող Գագիկ Ամիրյանը, ծրագրով աշխատում են մոտ 70 մարդ: Յուրաքանչյուր աշխատողի օրական տրամադրվում են 4 կգ ալյուր, 300 գ բուսական յուղ եւ 300 գ ընդեղեն: Ծրագիրն սկսվել է ապրիլից եւ տեւելու է մինչեւ սեպտեմբեր: Այդտեղից հյուրերը մեկնեցին հունական Յաղդան գյուղ, որտեղ դեսպանը կատարեց ցորենի ալյուրի խորհրդանշական հանձնում:
Դեսպան Ի. Կորինթիոսը նշեց, որ ինքը Հայաստանում է անցած տարվա վերջից: Այս ծրագիրը Հունաստանի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերից մեկն է: Այժմ ընթացքի մեջ է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում բնամթերքը պահելու համար սառնարանների, ինչպես նաեւ սպանդանոցների կառուցումը: Հայաստանում Հունաստանի կողմից իրականացվող ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է մոտ 4 միլիոն եվրո:
Հայաստանում Հունաստանի դեսպանի առաջին օգնական Վիտալիոս Խյոնիդիան տեղեկացրեց, որ դեսպան Ի. Կորինթիոսը պետք է այցելի նաեւ Ախթալա, Շամլուղ, Ստեփանավան, Վանաձոր բնակավայրերը, որտեղ եւս հունական համայնքներին ֆինանսական աջակցություն կցուցաբերվի:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ