Համաժողովրդական շարժման լիդերներն ու ներկայացուցիչները պատրաստվում են այսօր Մատենադարանի մոտ իրենց նախանշած հանրահավաքին ավելի վճռական դրսեւորումներ հաղորդել, քանի որ իշխանություններն այս ընթացքում որեւէ քայլ չեն արել երկխոսություն սկսելու մասին ընդդիմության վերջերս կատարած հայտարարությունից հետո:
Երեկ «Ուրբաթ» մամուլի ակումբում Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը ցավ հայտնեց, որ երկխոսություն սկսելու վերաբերյալ իրենց հայտարարությանը իշխանությունները ոչ միայն համարժեք չեն արձագանքել, այլեւ այս ընթացքում ավելի են ուժեղացրել ճնշումներն ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ: Որպես նման իրողության օրինակՙ նա մատնանշեց նախօրեին Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքների» մասնակիցների վրա կատարված հարձակումն ու հետո էլ ասաց, թե այդ միջադեպը ոստիկանությունը չի բացահայտի, քանի որ դրա հետեւում կանգնած են իշխանությունները:
Լեւոն Զուրաբյանը նշեց, որ իշխանությունները երկխոսություն սկսելու իրենց առաջարկը նենգաբար ներկայացրին որպես շարժման նահանջ, ուստի իրենց այլ բան չի մնում, քան ժողովրդին պայքարի հանել. «Ստեղծված իրավիճակում ժողովրդին այլ բան չի մնում, քան վճռականորեն ոտքի կանգնելՙ ցուցադրելու շարժման հզորությունը, ազատելու իրենց քաղաքական հայացքների համար բանտերում հայտնված շարժման լիդերներին եւ վերականգնել ոտնահարված ժողովրդավարական ազատությունները երկրում»: Ընդդիմադիր գործիչը նշեց, որ հանրահավաքի խորհուրդը վարչախմբի ընտրությամբ փոխվեց եւ հուլիսի 4-ի հանրահավաքը, թերեւս, այլ շեշտադրումներ կունենա: Թե ինչպիսին կլինեն այդ շեշտադրումները, գոնե երեկ Զուրաբյանը չցանկացավ բացահայտել: Ավելին, մեր հարցին, թե հանրահավաքի խորհրդի փոփոխությանը զուգահեռ հնարավո՞ր է նոր ասելիք հնչի, Զուրաբյանը խորհուրդ տվեց ուղղակի մասնակցել հանրահավաքին: Չկարողանալով, իր իսկ խոսքով, բավարարել լրագրողներիս պրոֆեսիոնալ հետաքրքրությունը, Լեւոն Զուրաբյանը այսօրվա հանրահավաքի վերաբերյալ այլ տեղեկություններ չհայտնեց:
Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը մեկ այլ թեկնածուով փոխելու մասին խոսակցությունները, հենց իրՙ առաջին նախագահի կողմից նման հնարավորության չբացառումը, Լեւոն Զուրաբյանը վերագրեց առաջին նախագահի համեստությանը:
«Հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ինքն այս հարցում դարձել է անփոխարինելի: Ես կարծում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ե՛ւ խոսքով, ե՛ւ գործով ապացուցեց, որ ամենամեծ պոտենցիալն ունի հենց ինքը, ուղղակի ինքը, լինելով համեստ մարդ, իրեն թույլ չի տալիս այդպիսի բան ասել: Իմ կարծիքով, այսօր չկա որեւէ այլ քաղաքական գործիչ ընդդիմության դաշտում, որը կարողանար խմբավորել, միավորել այսքան քաղաքական հոսանքներ եւ կուսակցություններ: Այսօր նրա կոնսոլիդացնող պոտենցիալն ավելի է մեծացել, քան առաջ», հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:
Նա նաեւ խոսեց Հայ ազգային կոնգրեսի ստեղծման մասինՙ նշելով, որ Տեր-Պետրոսյանին սատարող որեւէ քաղաքական ուժ կոնգրեսի ստեղծման գաղափարը չի մերժել, պարզապես բոլորի պատկերացումները հաշտեցնելն այդքան էլ հեշտ չէ: «Քայլ առ քայլ մոտենում ենք Հայ ազգային կոնգրեսի հռչակման պահին», հավելեց նաՙ չկարողանալով սակայն կոնգրեսի ձեւավորման հստակ ժամկետ նշել:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ