Հայաստանի 2009-2011 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որ երեկ հաստատեց կառավարությունը, մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նա տեղեկացրեց, որ ըստ ծրագրի, մեր համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2009-ին կկազմի համար 4 տրիլիոն 169 մլրդ դրամ, 2010-ին` 4 տրիլիոն 700 մլրդ դրամ, 2011-ինՙ 5 տրիլիոն 273 մլրդ դրամ:
Գնաճը կանխատեսվում է, որ 2009-ին կկազմի 5 տոկոս, 2010-ին` 4 տոկոս, 2011-ին` 3 տոկոս: Պետբյուջեի եկամուտները 2009-ին ակնկալվում է 900 մլրդ դրամ, 2010-ինՙ 1 տրիլիոն 18 մլրդ դրամ եւ 2011-ինՙ 1 տրիլիոն 154 մլրդ դրամ: Աճն այստեղ նախատեսվում է ապահովել տնտեսական աճի եւ հարկային ու մաքսային վարչարարության բարելավման միջոցով: Ծախսերը 2009-ին կկազմեն 947 մլրդ դրամ, 2010-ին` 1 տրիլիոն 79 մլրդ դրամ եւ 2011-ին` 1 տրիլիոն 222 մլրդ դրամ: Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը տարեկան կաճի առնվազն 0,4 տոկոսով: 2008-ին 16,3 տոկոս կազմած այդ ցուցանիշը 2009-ին պետք է հասնի 16,7 տոկոսի, 2010-ին` 17,1 տոկոսի, 2011-ին` 17,5 տոկոսի:
Միաժամանակ, Տիգրան Դավթյանը չբացառեց, որ կանխատեսված ցուցանիշները փոփոխվեն, ինչի հավանականությունն ամենից շատ հնարավոր է գնաճին վերաբերող ցուցանիշերում: Ըստ նրա, գնաճային ռիսկերը պետք է զսպվեն ցածր դեֆիցիտի, մրցակցային դաշտի ապահովման եւ ինֆլյացիոն ռիսկերի կրճատման միջոցով:
Ա. Մ.