Արդի աշխարհում ցեղասպանության թեման հուզում է ոչ միայն հայերիս: Ինտերնետում նույնիսկ տեղ է գտել օնլայն-հանրագիտարանՙ նվիրված դարի զանգվածային բռնությունների վերլուծությանը: Այդ համաշխարհային ծրագիրը ստեղծողներըՙ քաղաքական գիտությունների Փարիզի ինստիտուտի աշխատակիցները, գտնում են, որ մինչեւ օրս ոչ ոք ի մի չի բերել Օսմանյան կայսրությունում, Խորհրդային Միությունում, նացիստական Գերմանիայում, Կամբոջայում, Ռուանդայում եւ այլուր տեղի ունեցած ոճրագործությունների հետեւանքները:
Կարելի՞ է ասել, որ մեր օրերում ցեղասպանության խնդիրն ավելի ու ավելի հրատապ է դառնում: Այս եւ մի շարք այլ հարցերով մենք դիմեցինք պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ ԳԱ թղթակից անդամ Սերգեյ Հարությունովին:
- Ցեղասպանության խնդրի նկատմամբ աշխարհում հետաքրքրություն, անշուշտ, կա, բայց ես այդքան հրատապ չէի համարի: Այդ երեւույթը մեծապես բնորոշ էր XX դարին: Իհարկե, մինչ այդ էլ զանգվածային կոտորածների քիչ փաստեր չեն եղել բարբարոս կայսրությունների ստեղծման, գաղութային պատերազմների, բուրժուական-կապիտալիստական համակարգի ձեւավորման ժամանակ եւ այլն: Սակայն, կրկնում եմ, հենց անցյալ դարում ցեղասպանությունը դարձավ ազգային քաղաքականության հետեւանք, կրելով զանգվածային բնույթ եւ գաղափարապես աջակցվելով պետության ու իշխանության կողմից: Եվ, ավա՜ղ, մեր ժողովուրդը դարձավ անցած հարյուրամյակի առաջին զոհը:
- XX դարը, իրոք, համարվեց ցեղասպանության խորհրդանշան:
- Ես այլ կերպ կասեիՙ ցեղասպանությունը դարձավ դարի խորհրդանշանը: Այն հրեշավոր ձեւեր ընդունեց, քանզի ամենուրեք գերիշխում էր լիակատար տոտալիտարիզմի միտումը:
- Ներկայումս հաճախ կարելի է լսել, որ ՄԱԿ-ի ավանդական ձեւակերպումը հնացել է եւ ժամանակն է փոխելու: Օրինակ է բերվում, թե ինչո՞ւ չի կարելի ցեղասպանություն ճանաչել գյուղացիների, հավատացյալների, մտավորականության, քաղաքական խմբավորումների զանգվածային ոչնչացումները: Չէ՞ որ դրանց զոհերը տասնյակ միլիոնավոր մարդիկ են: Պատահական չէ, որ Ուկրաինան պահանջում է ցեղասպանություն ճանաչել գոլոդոմորը:
- Մարդկության պատմության մեջ տեղի ունեցած բազում դաժանագույն հանցագործությունների մեջ ՄԱԿ-ը ցեղասպանությունը որակում է որպես այնպիսի գործողություն, որը կիրառվում է որեւէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ: Այստեղ շեշտը դրվում է մեկ ազգի կամ ռասայի գենետիկական պատկանելության վրա: Գուցե այս ձեւակերպումը իրոք իդեալական չէ, սակայն, կարծում եմ, պետք է պահպանել: Բռնությունների հիշատակված մյուս ձեւերը կարելի է այլ կերպ որակավորել, իմաստ չունի այդ բոլորը ընդհանրացնել մի հասկացության մեջ:
- Իսկ ի՞նչ դեր է խաղում ցեղասպանության մեջ կրոնական պատկանելությունը անցյալում եւ մեր ժամանակներում:
- Կրոնի դերն այստեղ առաջնային չէ, գլխավորը քաղաքական ու տնտեսական շահերն են:
- Իսկ տարածքայի՞նը:
- Դա էլ է մտնում տնտեսական շահերի ոլորտի մեջ: Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությունը մղվում էր մի տարածքում, որը հարուստ էր պաշարներով: Ընդսմին, այդ պաշարները կարող էին հետագայում ռազմավարական հենարան ծառայել նվաճողականության նպատակով, Թուրքիայի համարՙ դեպի Կովկաս, Ռուսաստանի համարՙ դեպի Միջերկրական ծով: Իսկ այդ ճանապարհին ընկած էր մի երկիր, որը բնակեցված էր հայերով: Նրանք պարզապես խանգարում էին թուրքերին:
Ուշադրություն դարձրեք, օսերի եւ ինգուշների կոնֆլիկտի ժամանակ օսերը, որոնց մեջ կային ե՛ւ քրիստոնյաներ, ե՛ւ մուսուլմաններ, միասնական էին ընդդեմ ինգուշների: Կամՙ խոշորագույն դիմակայությունը Պաղեստինում. դա պայքար չէ իսլամը կամ եբրայական կրոնը դավանողների միջեւ: Դա անողոք բախում է արաբների ու հրեաների միջեւ, եւ կարեւոր չէ, հրեաները կրոնապաշտ են, թե ոչ, իսկ արաբներըՙ մուսուլման, թե քրիստոնյա:
- Աշխարհի ավելի ու ավելի շատ երկրներ են ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Սակայն երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, որ դա արվում է ոչ թե ի շահ պատմական արդարության վերականգնման, այլ քաղաքական կոնյունկտուրայի նկատառումներով: Ասենք, տվյալ հարցը ԱՄՆ-ի Կոնգրեսի միջազգային հարաբերությունների կոմիտեում քննարկվում էր ավելի շուտ մի նպատակովՙ դեմոկրատները հնարավորություն էին ստանում բարդացնելու առանց այն էլ ծուղակն ընկած հանրապետական նախագահի քաղաքական դիրքերը ընտրություններից առաջ: Կամ, ամեն անգամ ԱՄՆ-ը եւ Իսրայելը հայերի ցեղասպանության հարցը բարձրացնում են, երբ Թուրքիան ինչ-որ «ինքնուրույն» քայլ է ձեռնարկում առաջինների թշնամիների նկատմամբ (տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Իրանին եւ Սիրիային): Ասենք, Եվրոպայում էլ այդ խնդիրը մեկ առաջին պլան է մղվում, մեկՙ մոռացության մատնվում: Ի՞նչ դիրք գրավենք հայերս:
- Դա սկզբունքային նշանակություն չունի: Ես չեմ կարծում, թե մեր ազգային ողբերգության առաջադրումը արդի պայմաններում կարող է էական նշանակություն ունենալ: Այդ ուղղությունը չպիտի դառնա մեր պետության արտաքին քաղաքականության անկյունաքարը. դա կարող է ներգործության, ճնշման միջոց ծառայել Թուրքիայի վրա հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ենթատեքստով: Դրան պետք է ձգտել: Այն հանգամանքը, որ թուրքերը որոշ փոփոխություններ մտցրին թուրք ժողովրդին «վիրավորելու» քրեական հոդվածի մեջ, նույնպես համանման ազդեցության արդյունք էր: Ի վերջո թուրք նշանավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքի դատապարտումը խայտառակություն էր Թուրքիայի համար: Իսկ այդ երկիրը «կրքոտ» կերպով ձգտում է դառնալ դեմոկրատական ու քաղաքակիրթ Եվրոպայի բաղկացուցիչ մասը:
Ոչ մի նոր բան չեմ ասիՙ հարեւաններին չեն ընտրում, ուրեմն պետք է ամեն ինչ անել ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար:
Հարցազրույցը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, Մոսկվա